Դատավարություն ընդդեմ Սերժ Սարգսյանի

yerkir tsirani

Վաղը՝ հունիսի 4-ին, ժամը 10:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արշակունյաց պողոտա 24/1) տեղի կունենա Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը վերացնելու պահանջի մասին:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ՝ 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, ինչին գլխավոր դատախազությունն արձագանքել էր անգործությամբ՝ հանցակազմ չտեսնելով նշված արարքի մեջ:

Ներկայացված մեղադրանքը ներառում է Սերժ Սարգսյանի կողմից հակաիրավական և քրեորեն հետապնդելի մի շարք արարքներ կատարելը: Մասնավորապես՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության դեմ ուղղված հանցագործություն` պետական դավաճանություն:

2. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ:

3. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչեր:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքների, քաղաքական համակարգի դեմ ուղղված հանցագործություն` պետական իշխանության յուրացում:

5. Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության և պաշտպանության դեմ ուղղված հանցագործություն՝ վնասարարություն:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

03 հունիսի 2018 Երևան

Դիտվել է՝