Բաց նամակ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

maxresdefault

Հարգելի պարոն Փաշինյան, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների անդամության վրա հիմնված ապաքաղաքական կառույց է, որը ստեղծված է աջակցելու ՀՀ-ում գործունեություն ծավալող փոքր և միջին ձեռնարկատերերին, պաշտպանելու վերջիններիս օրինական շահերը, նպաստելու պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացմանը, ՓՄՁ-ների համար օրենսդրական դաշտի բարելավմանը:

Ասոցիացիան ողջունում է ՀՀ ներկայիս կառավարության կողմից որդեգրած, բիզնես միջավայրում հավասար մրցակցության, արդարության վերականգնմանն ուղղված քայլերն ու տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը: Մենք մշտապես սատարել  ենք այն ծրագրերի և միջոցառումների նախաձեռնողներին, իրականացնողներին, ովքեր կբերեն, կամ բերում են ՀՀ-ում օրենքների գերակայության վերահաստատմանը, հովանավորչության բացառմանը:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերից որոշների գործունեությունը տարիներ ի վեր խնդիրներ է ստեղծել հայկական ապրանք արտադրող, այդ թվում գյուղմթերք, գերփոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Դրանք բնավ չեն եղել միայն վերջին օրերին շրջանառվող ԱԱԾ-ի կողմից ներկայացված, վերոհիշյալ ցանցերի հետ փոխկապակցված Ա/Ձ-ների ակնհայտ ապօրինի մեխանիզմներով գործող փաստերը: Այդ խնդիրների մասին գերփոքր բիզնեսի ներկայացուցիչները, թե առանձին և թե մեր ասոցիացիայի միջոցով, մշտապես բարձրաձայնել են, ներկայացրել նամակներ ու առաջարկներ նախորդող առնվազն երկու կառավարության ներկայացուցիչներին:

Վերոգրյալ և նմանատիպ դեպքերի մասին տեղեկությունների հավաստի լինելը, հնարավոր է ճշտել, բացահայտել՝ բազմակողմանի, համապարփակ ուսումնասիրություն անելով ՀՀ պետական մարմիններում առկա, նախորդ երեք տարիներին վերաբերող տվյալների հիման վրա:

Հաշվի առնելով խոշոր առևտրային ցանցերի կողմից Ձեզ ուղղված բաց նամակն ու խնդրանքը, խոշոր առևտրային ցանցերի և դրանց մատակարարների շղթայի հարցը լուծելու քննարկում կազմակերպելու մասին, խնդրում ենք Ձեզ, նմանատիպ քննարկում կազմակերպել խոշոր առևտրային ցանցերի, ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների և պետական այն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր պատասխանատու են հարկային, տնտեսական, ՓՄՁ զարգացման քաղաքականությունների մշակման և պահպանման հարցերում:

Վստահ ենք, որ նման քննարկման արդյունքում դուրս կբերվեն ՀՀ-ում գործող օրենսդրության տառին համապատասխան լուծումներ, անկախ դրանց գնաճային, կամ դրանք կանխող, սաստող տուժանքային մեխանիզմների կիրառման հնարավոր հետևանքների:

 «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» տնօրեն՝ Հակոբ Ավագյան

Դիտվել է՝