«Հին համակարգը շարունակելու է մաշեցնել կառավարության վստահության ռեսուրսը»

rus14183917915

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյան ջան: Միայն ղեկավարի քաղաքական կամքի վրա ստեղծված իրավական, ժողովրդավարական պետություն չի լինում: Ձև գտեք տուն ճանապարհելու դատավորների ճնշող մեծամասնությանը, որոնց մի մասին նշանակել է Դավիթ Հարությունյանը՝ մեզ բոլորիս քաջ հայտնի սխեմաներով, հետո «լավագույն» ավանդույթները շարունակվել են: Դատաիրավական համակարգում այլ բան չի լինելու, եթե չարվի այն, ինչ արեց Միխեյիլ Սահակաշվիլին Վրաստանում՝ ոստիկանությունից սկսած: Մեր ժողովուրդն ասում է՝ կարմիր կովերը կաշին չեն փոխում, սուտ է: Տաթևիկը Տաթևիկ է մնալու:

Ու այդ վիճակում են շատերը՝ փաստաբանները, քաղաքացիները անարդարադատություն իրականացրած դատավորների հարյուրավոր անուններ կտան՝ Սյունիքից, Վայոց Ձորից մինչև հյուսիս: Դուք չեք կարողանալու հետևել բոլորի իրավաչափ ու օրինաչափ գործունեությանը, պարտադրել նրանց գործել օրենքի ու արդարության շրջանակներում: Հին համակարգը շարունակելու է դեմ գործելու հռչակված արժեքներին, մաշեցնել կառավարության վստահության ռեսուրսը:

Հիշեք, որ ձեր հանդեպ հանրային վստահությունը կատաստրոֆիկ արագ է աճել՝ հեղափոխություն անել կարողանալու շնորհիվ, ոչ թե ավանդաբար գոյություն է ունեցել: Այդպիսի հանրային աջակցությունը կարող է կատաստրոֆիկ արագությամբ էլ փլուզվել, որովհետև տևական ժամանակային կայունությամբ չի բնութագրվել: Ու այսպիսի շոկային որոշումները մաշեցնելու են դա: Եթե համակարգ ստեղծվի, որի կարևոր բաղադրիչներից մեկն անկախ դատարանն է, ամենևին կարիք չեք ունենալու այս կամ այն վտանգը կասեցնելու համար ստատուս գրեք, կոչ անեք բոյկոտել սրան կամ նրան: Մենք՝ հասարակությունս, դիմելու ենք դատարաններ, իրավապահ մարմիններին ու հարցերը լուծվելու են: Այլապես Տաթևիկներին չենք կարող դիմել… Չմոռանաք այս մասին, որքան էլ այս պահին կտրուկ շարժումներ անելու հնարավորությունները մեծ չեն»:

Դիտվել է՝