«Որոշողը ՀՀ քաղաքացիներն են». Փաշինյանի գլխավորած ուժն արտահերթ ընտրություններին հավակնում է բացարձակ մեծամասնության

ararat mirzoyan

«Քաղաքագիտական նոնսենս կլինի, եթե որևէ կուսակցություն ուզենա մասնակցել ընտրություններին և ուզենա հավաքել, օրինակ, ընդամենը 5 տոկոս: Բոլոր կուսակցությունները պետք է ձգտեն ընտրությունների միջոցով առավելագույն քվեներ ապահովել ու մեծամասնություն շահեն, և ես նորմալ եմ գնահատում մեր գործընկերների այս մղումը»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն ակնկալում է ստանալ ընտրողների բացարձակ մեծամասնության վստահությունը:

Արարատ Միրզոյանը նշում է՝ իրենց ուժն էլ է հավակնում բացարձակ մեծամասնության, բայց վերջնական որոշումը քաղաքացիները պետք է կայացնեն:

Իրեն ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ն, սակայն, արտահերթ ընտրությունների անցկացման իրավական ու քաղաքական հիմքեր չի տեսնում: Արդյոք չկա մտավախություն, որ արտահերթ ընտրություններից առաջ նախատեսվող ԸՕ փոփոխություններին ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն հավանություն չի տա, Արարատ Միրզոյանը նշում է.

«Վստահ եմ՝ դուք հիշում եք, որ երեք-չորս ամիս առաջ Հանրապետական կուսակցությունը ասում էր, որ հավանական չի համարում, որ այլ որևէ ուժ լինի իշխանության, և ասում էր, որ կա մի թեկնածու, դա Սերժ Սարգսյանն է, որն անփոխարինելի է, հետո ասում էին, որ միայն ՀՀԿ-ի թեկնածուին են տեսնում, քանի որ իրենք մեծամասնություն են և այլն, հետո ուրիշ բան և այսպես շարունակ: Մի քանի առիթով ոչ վաղ անցյալում տեսանք, որ ՀՀԿ ներկայացուցիչներին զանազան առիթներով համոզել լինում է, և որոշողը ոչ մենք ենք, ոչ հանրապետականներն են, ոչ «Ծառուկյան» դաշինքն է, որոշողը ՀՀ քաղաքացիներն են: Եվ ես կարծում եմ, որ առաջին հերթին ընտրությունների մասով ՀՀԿ-ն՝ որպես ողջամիտ մարդկանց խումբ, կհամոզվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում»,- հայտարարեց առաջին փոխվարչապետը:

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև քաղբանտարկյալների խնդրին, տնտեսական ոլորտի զարգացման հարցերին և մի շարք այլ հարցերի ևս:

Դիտվել է՝