Հնարավորինս արագ պետք է մշակվեն գյուղացիներին վարկային տույժ, տուգանքներից ազատելու մեխանիզմներ. Նիկոլ Փաշինյան

_TM_4135

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հրատապ հարցերի:

Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվել է   վերջերս մարզերում տեղի ունեցած կարկտահարության վնասի ծավալների մասին: Գյուղնախարարը տեղեկացրել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքերը գրանցվել են մայիսի 8-ին, տուժել են Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզի համայնքները:  Ըստ նախարարի՝ ընդհանուր վնասված տարածքը Արագածոտնի մարզում նախնական գնահատականներով կազմել է մոտ 350 հա: «Վնասի չափը, կախված համայնքից, 20-80 տոկոս է կազմել: Ամենաշատը տուժել է Արագածավանը՝ մինչև 80 տոկոս:  Վնասված մշակաբույսը հիմնականում միրգ, պտուղ է: Արմավիրի մարզում վնասը ավելի քիչ է՝ 30 հա: Կարծում եմ, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կունենանք կորուստների դրամական կոնկրետ գնահատականը»,-ասել է  Արթուր Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վնասների չափի վերաբերյալ հստակ տեղեկատվությունը քննարկել ՀՀ տարածքային  կառավարման և զարգացման նախարարության հետ: «Փաստորեն մենք կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում հակակարկտային արդյունավետ համակարգ չունենք: Սա լուրջ խնդիր է: Տարօրինակ է, անկեղծ ասած, որովհետև շատ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան, բայց, ցավոք, դրանք տեղի չեն ունեցել: Այստեղ պետք է նաև հասկանալ, թե  ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները չեն օգտվում հակակարկտային ցանցեր տեղադրելու հնարավորությունից: Ենթադրում եմ՝ կարելի է կռահել, պատճառները ֆինանսական են,  և մենք լրջագույն խնդիր ունենք»-նշել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղվարկերին, նշել է, որ  գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որն ավելի է ծանրացել տույժ, տուգանքներով: «Երեկ մենք Կենտրոնական բանկի նախագահի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել: Խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ այդ մեխանիզմները մշակենք, որպեսզի գյուղացիներին վարկային տույժ, տուգանքներից ազատենք: Նաև անհրաժեշտ է քննարկել  վարկային պատմության հետ կապված  համաներման հնարավորությունը, որպեսզի մարդիկ կարողանան վարկեր ստանալ և իրենց այգիները, տնտեսությունը պաշտպանելու  ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և առաջարկել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ակտիվ մասնակցել այդ քննարկումներին՝ խնդրի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու և ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:

 

Դիտվել է՝