Բանակի մարտունակության շարունակական բարձրացում եւ ապաքաղաքականացում. Փաշինյանը ներկայացնում է Տոնոյանին

image

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: «Ուզում եմ ընդգծել, որ այս նշանակումն, ըստ էության, արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ոուժերի զարգացման ուղղությամբ: Մեզ համար կարևոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, և զինված ուժերը քաղաքական որևէ ցնցման ազդեցություն չզգան»:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձևակերպել է նախարարի առջև: «Առաջին և ամենակարևոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է:

Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է և շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում և բանակցային գործընթացներում ՀՀ-ի դիրքերն ամրանում են և պետք է շարունակեն ամրանալ: Նաև ուզում եմ ընդգծել, որ բանակը, ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար: Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել և համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈՒ-երի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈՒ-երը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ: Սա վկայում է մեր ԶՈՒ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին:

Այս գործընթացը պետք է շարունակենք: Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու ընտրության ազատությունը և այդ առումով, առավել ևս ԶՈւ-երի ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետև այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բորորին՝ շարքայինից մինչև գեներալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ ԶՈՒ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն:

Դիտվել է՝