Խոհանոցի հատակին բերանքսիվայր հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դին. ավազակային հարձակում և սպանություն Գյումրիում

1495099027,5636

Գյումրիում սպանել են 23-ամյա մի երիտասարդի: Սպանությունն ուղեկցվել է ավազակային հարձակմամբ: Երիտասարդին սպանել են սեփական բնակարանում, նա մահացել է գլխի շրջանում ստացած հարվածներից: Տուժողը, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հաղորդմամբ, Գյումրու Կամոյի փողոցի 71 ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Արթուր Աշոտի Հարությունյանն է:

Երիտասարդին մահացած գտել են ԱԻՆ փրկարար վարչության աշխատակիցները, ովքեր բացել են բնակարանի դուռը:

Ըստ տեղեկությունների՝ 23-ամյա տղան բնակվելիս է եղել մոր և քրոջ հետ: Քույրն ուսանում է Երևանում, իսկ մայրը մի քանի օր առաջ մեկնել է Երևան՝ քրոջ մոտ: Արթուրը մնացել է Գյումրիի տանը մենակ:

Ոստիկանություն դիմել է մայրը, երբ որդին չի պատասխանել հեռախոսազանգերին:

«Դեպքի վայրի զննության արդյունքները վկայում են այն մասին, որ գործ ունենք ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության հետ:

Քննիչի կողմից նշյալ հանցագործության կատարման հիմքով հարուցվել է քրեական գործ»:

Կասկածվող և բերման ենթարկված անձինք առայժմ չկան:

Սպանությունը զուգորդվել է ավազակային հարձակմամբ:

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն ևս հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված սպանության դեպքի առթիվ։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ բնակարանի գույքը տեղաշարժված է, խառնված, դարակների և պահարանների մեջ գտնվող իրերը՝ գետնին թափված: Խոհանոցի հատակին բերանքսիվայր հայտնաբերվել է Արթուր Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքներով:

Որոշումներ են կայացվել՝ Արթուր Հարությունյանի դիակից մազի, արյան, եղունգների կտրվածքների, մատնահետքերի նմուշներ ստանալու մասին, հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք»:

Լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝