Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է, 23-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունքներ

Կարեն Գաբրիելյան

Այսօր առավոտյան Գյումրիում կատարված սպանությունը բացահայտված է, իսկ 77-ամյա Ստեփան Մարկոսյանի սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալված է. այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազը: Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան Գյումրու Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին մահացած էին գտել, տարեց մարդուն դանակահարել էին, դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Կարեն Գաբրիելյանը ԳԱԼԱ-ին  փոխանցեց, որ 77-ամյա Ստեփան Մարկոսյանի սպանության մեջ կասկածվող անձն արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել. «Ասել է՝ ինչ պատճառով է կատարել, բայց այդ պատճառները ներկա փուլում հրապարակման ենթակա չեն, այս պահին ավելին տեղեկություններ չեմ կարող հայտնել, ասում եմ այնքանը, որքանով չեմ վնասի նախաքննությանը»,- նշեց Կ. Գաբրիելյանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե սպանության բացահայտումն իրավապահ մարմինների աշխատանքի՞ արդյունք էր, թե՞ սպանության մեջ կասկածվող 23–ամյա երիտասարդն ինքն է ներկայացել ու խոստովանել, Կ. Գաբրիելյանն ասաց.

«Արդյունավետ, օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքում բացահայտվեց, օպերատիվ մարմինն, ունենալով համապատասխան տեղեկություններ, տեղեկությունների ստուգման արդյունքում հայտնաբերել է տվյալ անձին, նշված անձը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ»:

Նշենք, որ ձերբակալված անձը Գյումրի քաղաքի բնակիչ է: Վերջինս այժմ գտնվում է ոստիկանական բաժանմունքում, նրա հետ իրականացվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ:

Դիտվել է՝