Ես պատրաստվում եմ խստորեն պահպանել վարչապետի լիազորությունների շրջանակները . Փաշինյան

pashinyan

Ազգային ժողովի ԵԼՔ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցությունները մայիսի 3-ին վարչապետի պաշտոնում կառաջադրեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվել են, եւ այսօր իմ թեկնածությունը կառաջադրվի»,- նշեց Փաշինյանը:

Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ ՀՀԿ-ն մայիսի 1-ին դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ մայիսի 8-ին կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ բոլորս էինք շահագրգռված, որպեսզի այս քաղաքական իրավիճակը որքան հնարավոր է՝ շուտ հանգուցալուծում ստանա Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, եւ ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը, որն առկա է բոլոր քաղաքական ուժերի մոտ, կոնկրետ արտահայտում պիտի ստանա»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ մինչեւ վարչապետի ընտրության հարցի քննարկումը հանդիպում կունենա ՀՀԿ խմբակցության հետ՝ շեշտելով, որ միշտ էլ ասել են, որ պատրաստ են երկխոսության եւ քննարկումների: Փաշինյանը եւս մեկ անգամ հստակեցրեց՝ իր նախաձեռնած քաղաքական գործընթացում աշխարհաքաղաքական որեւէ ենթատեքստ կամ կոնտեքստ ու դավադրություն չկա, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կլինի շարունակական:

Հարցին, եթե ՀՀԿ-ն կողմ քվեարկի վարչապետի պաշտոնում իր թեկնածությանը, իսկ հետո կառավարության ծրագրին, ինչպե՞ս է պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը, Փաշինյանն ընդգծեց, որ դրա համար կան սահմանադրական մեխանիզներ, եւ իրենք անպայման կկիրառեն այդ մեխանիզմները:

«Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ այս իրավիճակը վերջնականապես լուծված չէ, քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն անցկացվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ մայիսի 8-ին չի կրկնվի այն, ինչ եղավ մայիսի մեկին վարչապետի ընտրության քվեարկությանը, սակայն հավելեց, որ իրենք պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի:

Մայիսի 8-ին վարչապետի ընտրությունից հետո էլ տեղի կունենա մեծ հանրահավաք, որի տեղի ու ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Անդրադառնալով հարցին՝ մտածո՞ւմ է Սահմանադրություն փոխելու մասին, Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե այդ մասին պետք է մտածեն, քանի որ խոսում են ժամանակավոր կառավարության մասին:

«Դա թեմա է, որը նախընտրական շրջանում կքննարկվի, սակայն ես չեմ կարծում, որ Սահմանադրությունն անընդհատ փոխելը լավ պրակտիկա է: Այսինքն, մենք պետք է հասկանանք, թե Սահմանադրությունը մեզ ինչով է խանգարում, եւ եթե խանգարում է՝ արձանագրենք դա: Կարծում եմ, որ նման հարցերը ոչ թե վարչապետի եւ ինչ-որ քաղաքական ուժի մակարդակով պիտի լուծվեն, այլ դրա շուրջ պետք է լինի հանրության և քաղաքական ուժերի լայն ըմբռնում»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին՝ արտահերթ ընտրությունների գնալու է ԵԼՔ դաշինքո՞վ, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը կքննարկեն: Մեր մյուս հարցին՝ վարչապետի պաշտոնում կդիմի՞ գլխավոր դատախազին՝ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու հարցով, Փաշինյանը պատասխանեց.

«Հայաստանի Հանրապետության Սահամնադրությամբ պետական պաշտոնյաները իրավասու են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Ես պատրաստվում եմ խստորեն պահպանել վարչապետի լիազորությունների շրջանակները եւ որեւէ դեպքում այդ լիազորություններից դուրս չեմ գա»:

armtimes.com

Դիտվել է՝