Ռուսաստանցի պաշտոնյաներն ու ԶԼՄ-ները բզբզելուց անցել են փորփրելուն

136508

ՌԴ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներն այս օրերին ակտիվորեն հանդիպումների շարք են անցկացնում Հայաստանում, իսկ ռուսաստանյան ԶԼՄ-ներն արդեն մտել են իրենց դերի մեջ:

Դա տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մոսկովյան այցից եւ Կարեն Կարապետյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո:

Պետդումայի պատգամավորներն ԱԺ-ում հանդիպել են  ՀՀ ԱԺ նախագահի հետ, իսկ Պետդումայի ԱՊՀ գործերով  կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իրար գլուխ էր հավաքել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին: Հանդիպումներ է անցկացրել նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը:

Պետդումայի պատգամավորները քննարկումներ են անցկացրել նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Օրակարգում, բնականաբար, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերն են:

Առավել քան ակտիվ է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով   փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը: Նա հասցրել է հանդիպել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների, նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:

Զատուլինի խոսքերով՝ իրենք մտադիր չեն միջամտելու վարչապետի ընտրությանը: «Եթե ինչ-որ մեկը, կարևոր չէ`ով, փորձի ուժով օրինական գործընթացը փոխել, Ռուսաստանը միանշանակորեն չի ճանաչի դա: Մենք ստիպված կլինենք անցնել դե ֆակտո հարաբերությունների»,- նշել է Զատուլինը, այնուհետ զգալով իր հայտարարության սպառնալից տոնայնությունը, անմիջապես շարունակել է. «սա սպառնալիք չէ, սա իմ բացատրությունն է»:

Եվրամիությունից եւ ԱՄՆ-ից, ինչպես ենթադրվում էր, «մտահոգված» պատվիրակություններ չեն այցելել Հայաստան, ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազանգեր չեն կատարել, եւ բավարարվել են միայն դիվանագիտական խողովակներով 1-2 հայտարարություն տարածելով՝ կարեւորելով իրադրության հանգուցալուծումը ՀՀ քաղաքացիների շահերին համապատասխան: 

Ի դեպ, ռուսաստանցի պաշտոնյաները հայաստանցի իրենց գործընկերների հետ հանդիպումների ժամանակ աչքի են ընկնում բավականին սանձարձակ պահվածքով: Օրինակ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում Մայդանի կրկնություն թույլ չի տա՝ միաժամանակ Նիկոլ Փաշինյանին անվանելով «дурачок»:

Որքան էլ հարգանքով վերաբերվենք Ռիժկովին՝ որպես ՀՀ Ազգային հերոսի եւ 90-ամյա ծերունու, պետք է փաստել, որ դա առնվազն անվայել արարք է՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորի եւ համաժողովրդական շարժման նկատմամբ կանխակալ վերաբերմունքի դրսեւորումներով:

Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներն, այնուամենայնիվ, հանդիպել են ՌԴ պատգամավորների հետ:

Շարժման առաջին օրերին ռուսաստանյան իշխանությունների կողմից ցուցաբերված  հանդուրժողականության ժեստերը եւ ադեկվատ արձագանքներն ի չիք դարձան այն պահից, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո չդադարեցին խաղաղ անհնազանդության գործողությունները: Դա դուրս էր Կրեմլի ռազմավարների պատկերացրած սցենարի շրջանակից, եւ գործողությունների ու տոնայնության կտրուկ փոփոխությունը սպասելի էր:

Ռուսաստանի իշխանությունների անհանգստությունը պայմանավորված է Հայաստանը վերահսկողության տիրույթում պահելու առաջնահերթությամբ, նաեւ, իհարկե, այն հանգամանքով, որ «հայկական թավշյա հեղափոխությունով» հիացած են ՌԴ ընդդիմադիր շրջանակները, մասնավորապես, Ալեքսեյ Նավալնին, ով իր կողմնակիցներին կոչ է արել մայիսի 5-ին դուրս գալ փողոցներ:

 

  Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝