«Կոռուպցիայի խորհրդանիշն ու ՀՀ քաղաքացու պայքարը» միջազգային ԶԼՄ-ների արձագանքը

fransiayi hraparak

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հանրահավաքներին, երթերին եւ խաղաղ անհնազանդության ակցիաներին:

Svoboda.org-ը գրում է, որ Երեւանում ցուցարարները փոխել են իրենց տակտիկան: Նշվում է, որ ցուցարարները ցանկացել են արգելափակել կառավարության շենքի մուտքը, սակայն ոստիկանները պատնեշ են կազմել եւ բերման ենթարկել քաղաքացիներին: Դրանից հետո, ըստ հրապարակման,  Փաշինյանը փոխել է մարտավարությունը, եւ կոչ է արել երթեւեկությունը խափանելու փոխարեն երթով անցնել փողոցներով՝ վարորդներին հորդորելով ազդանշաններ տալ, եթե նրանք դեմ են Սերժ Սարգսյանին: Svoboda.org-ը գրում է նաեւ, որ ցուցարարները Սերժ Սարգսյանին մեղադրում են իշխանությունը զավթելու մեջ:

BBC-ն հայտնում է, որ ցուցարարների հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է: Բրիտանական լրատվամիջոցը մեջբերել է որոշ ցուցարարների խոսքերը, ովքեր վստահ են իրենց հաղթանակին, եւ պնդում են, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ոչ մի բռնապետություն չի կարող դիմանալ:

Ներկայացվում են իշխանությունների հասցեին կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման եւ երկրում անմխիթար սոցիալական իրավիճակ ստեղծելու մեղադրանքները:   

Ինչպես հայտնում է BBC-ն, ցուցարարները Սարգսյանին հեգնանքով համեմատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հիշեցնելով, որ նա նույնպես տեղափոխվեց վարչապետի աթոռին, երբ լրացավ երկրորդ նախագահական ժամկետը: BBC-ն անդրադարձել է Սերժ Սարգսյանի սուտ խոստմանը, երբ նա հայտարարել էր, որ իբր այլեւս չի ցանկանում զբաղեցնել ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնը:  

Deutsche Welle-ն զրուցել է փորձագետների հետ, ովքեր պնդել են, որ հայաստանյան այս ակցիան ապագայի հայտ է, եւ մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Հայաստանը Ռուսաստան չէ, Բելառուս չէ, Ադրբեջան չէ, ցույց է տալիս, որ այստեղ կա քաղհասարակություն, որը վաղ թե ուշ իր կամքը կթելադրի քաղաքական դասին:   

Al Jazeera-ն նույնպես ներկայացրել է Սերժ Սարգսյանի հավաստիացումը, որ ինքը վարչապետի պաշտոնի հավակնություններ չունի՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխության շնորհիվ նա պահպանել է իր ազդեցությունը: Արաբական հեռուստաալիքը հայտնել է, որ բողոքի ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխության մասին է հայտարարել, իսկ ցուցարարները շրջափակել են մի շարք պետական կառույցներ:  

Ռուսաստանյան լրատվամիջոցների մեծամասնությունը, մասնավորապես կրեմլամետ TV-ները եւ գործակալությունները հայտնում են հիմնականում պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկություններ:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Երեւանում շարունակվում են երթերն ու հավաքները, եւ որ բերման է ենթարկվել շուրջ 100 մարդ:           

ՏԱՍՍ-ը սովորաբար արտատպում է միայն ոստիկանության հաղորդագրությունները: Այս անգամ եւս ռուսաստանյան գործակալությունը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունը հանրահավաքի կազմակերպչին մեղադրում է բախումներ հրահրելու մեջ, նաեւ տեղեկացրել, որ բերման է ենթարկվել 106 մարդ:

Նույն գործառույթն է իրականացնում «Ինտերֆաքսը», որը մեջբերել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Currenttime.tv-ն ծավալուն հոդված եւ տեսանյութ է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի եւ փորձագետների մեկնաբանությունները: Currenttime.tv-ն հայտնում է, որ Սերժ Սարգսյանն արդեն 10 տարի իշխանության ղեկին է, եւ իր համախոհների հետ, ըստ էության, «ռոկիրովկա» արեց, ինչպես 2008թ.-ին արեցին Վլադիմիր Պուտինը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Հենց դա էլ դարձավ բողոքի մասսայական ակցիաների պատճառ:

«Դոժդ» հեռուստաալիքը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ եւ տեսանյութ ներկայացրել, որը վերնագրել է այսպես. «Սարգսյանը՝ կոռուպցիայի խորհրդանիշ. հարցազրույց «հայկական Նավալնիի»՝ Նիկոլ Փաշինյանի հետ»:

Վերջինս հայտնել է, որ Սերժ Սարգսյանը կոռուպցիայի խորհրդանիշ է, եւ չի վայելում ժողովրդի աջակցությունն ու վստահությունը:

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝