Ցուցարարները վաղը գործողություններ կսկսեն ժ.8:00-ից սկսած

fransiayi hraparak

Լրացված՝ 23:41

Երթով հասնելով Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք գնացինք եւ տեսանք, որ Սերժ Սարգսյանն ապրում է զրահապատ մեքենաների եւ մի քանի շարք ոստիկանների վահանների հետեւում, եւ այլ կյանք Սերժ Սարգսյանը չի ունենալու»:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց երթը հաջող անցկացնելու համար եւ հայտարարեց, որ վաղը ժ. 8:00-ին սկսելու են գործողությունները:

Լրացված՝ 22:57

Բաղրամյան փողոցում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացրած: Ցուցարարների վանկարկումներին նրանք արձագանքում են վահանների աղմուկով: Տեղում է ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:

«Ոստիկան միացի՛ր» վանկարկումներով եւ ոստիկաններին բարի ծառայություն մաղթելով՝ ցուցարարները փոխեցին երթի ուղղությունը:

Լրացված՝ 22:33

Ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա:

Լրացված՝ 21:59

Բեմահարթակից երաժշտական մեկ կատարում հնչեց, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երթով շարժվելու են դեպի Բաղրամյան պողոտա:

Լրացված՝ 21:44

«Վաղը պետք է շատ շուտ արթնանանք եւ շրջափակենք կառավարական հաստատությունների մուտքերը, որ աշխատողները չկարողանան մուտք գործել: Շրջափակեք նաեւ միջքաղաքային մայրուղիները: Վաղը Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է. այստեղ, այս շենքում: Ուրեմն, արժի վաղը ժ. 8:00-ին գալ այստեղ»,-հայտարարեց Փաշինյանը:

Լրացված՝ 21:35

«Եվ Շառլ Ազնավուրը, եւ Սերժ Թանկյանը լսել են մեր կոչը: Ես ասում եմ նրանց, որ ազատ, անկախ Հայաստան ունենալու ձեր երազանքն իրականացնելու համար ձեզ մնում է մի պարզ քայլ, ավիատոմս գնել եւ գալ Հայաստան: Եվ ես երաշխավորում եմ, որ հայ ժողովուրդը Զվարթնոց օդանավակայանից մինչեւ Հանրապետության հրապարակ նրանց կբերի ձեռքերի վրա»,-նշեց Փաշինյանը:

Ցուցարարները կոչ արեցին Սերժ Թանկյանին, ով ուղիղ եթերում հետեւում էր հանրահավաքին, գալ Հայաստան՝ նրան կանչելով «արի տուն» վանկարկումներով:

Փաշինյանն ընթերցեց Թանկյանի մեկնաբանությունը՝ հույս հայտնելով, որ նա առաջիկա օրերին այս հարթակից ելույթ կունենա ցուցարարների առջեւ:

Լրացված՝ 21:26

Նիկոլ Փաշինյանը դասադուլի կոչ արեց դպրոցականներին: «Ինչու չէիք մտածում դպրոցականների մասին, երբ փուչիկներով տանում էիք Սերժ Սարգսյանի նախընտրական հանրահավաքներին: Ես կոչ եմ անում դպրոցականներին՝ դասասենյակներից հանել Սերժ Սարգսյանի նկարները եւ դուրս շպրտել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա իր հարգանքը հայտնեց ուսանողներին, որոնց համարեց շարժման ամենակարեւոր շարժիչ ուժը:

Փաշինյանը հայտարարեց, որ բուհ-երում ուսանողներին սպառնում են:

Լրացված՝ 21:15

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հորդորեց երիտասարդներին՝ չշեղվել ոչ բռնի գործողությունների տրամաբանությունից: «Որեւէ մեկը հիմք չունի կասկածելու մեր վճռականությանը: Եվ մեր շարժման որեւէ մասնակից չպետք է տրվի սադրանքներին»,-հայտարարեց նա: Նա խոսել է նաեւ շարժման հասցեին հնչող մեղադրանքների մասին:

Լրացված՝ 19:56

Երեւանի սրտում տարածվեց հսկայական եռագույնը, իսկ ցուցարարները   երգեցին օրհներգը: Այնուհետ ցուցարարները սկսեցին «Քայլ արա, մերժիր՛ Սերժին» վանկարկումները:

Լրացված՝ 19:15

Ցուցարարներն արդեն Հանրապետության հրապարակում են: Շուտով կմեկնարկի հանրահավաքը:

Լրացված՝ 18:58

Այժմ ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:

Մինչ այդ նրանք շրջափակել էին ՀՀ արտգործնախարարության շենքը: «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընդմիջում հայտարարեց: Այնուհետ որոշվեց հանրահավաքը ժ.19:00-ին շարունակել Հանրապետության հրապարակում:

Դիտվել է՝