Ակտիվիստներին առաջարկվել է շրջափակել 3-4 նախարարության դռներ. թարմացվում է

fransiayi hraparak

 Լրացված 16:51

Նիկոլ Փաշինյանը 1-1,5 ժամ ընդմիջում խնդրեց, որպեսզի քննարկեն այսօրվա հանրահավաքին առնչվող հարցեր: Նա ակտիվիստներին առաջարկեց շրջափակել 3-4 նախարարության դռներ և պատասխանատու նշանակեց Շահեն Հարությունյանին: Նաև կոչ արեց երիտասարդներին՝ չկրել դիմակներ, հարգալից լինել ոստիկանների հանդեպ:

Լրացված 13:19

Ցուցարարների թիվը դարձյալ ավելանում է: Քիչ առաջ պարզ դարձավ նաեւ, որ ԵՊՀ-ում դասադուլ է: Բողոքի երթը մայրաքաղաքի փողոցներում շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կոչ արեց ոստիկանությանն ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին:

Նրանց թիվը 12:00-ի դրությամբ 66-ն է: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունից: Փաշինյանը կոչ է անում նաեւ ազատ արձակել «ռադիոյի գործով» ձերբակալված երկու քաղաքացիներին:

Լրացված 11:34

Մինչ ցուցարարների մի մասը շրջափակել էր Բաղրամյան պողոտան, ոստիկանությունը շրջափակման մեջ էր առել Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին, իսկ հիմա արդեն բերման են ենթարկում քաղաքացիներին:

Լրացված 11:22

Որոշում կայացվեց Բաղրամյանից երթ անել մայրաքաղաքի այլ փողոցներով: «Այո, Ս. Սարգսյանը Հայաստանը տեսնելու է ոստիկանների թիկունքից եւ փշալարերից այն կողմ»,- հայտարարեց Փաշինյանը, ապա հայտարարեց երթի մեկնարկի մասին, որպեսզի իրազեկեն քաղաքացիներին:

«Առաջին իսկ առիթի դեպքում մենք Ս. Սարգսյանին շրջափակելու ենք: Նա պիտի գիշերները չքնի, նա պիտի չկարողանա ուրիշ բանի մասին մտածել, այլ միայն այս երիտասարդների վառվռուն աչքերի մասին»,- հայտարարեց Փաշինյանը:

Լրացված 11:00

Ցուցարարներն արդեն Բաղրամյան 26-ի դիմաց են: Արդեն իսկ վահանավոր եւ հակագազային դիմակներով ոստիկաններ են նկատվում: Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց չտրվել սադրանքների եւ պայքարը շարունակել խաղաղ մեթոդներով:

Այժմ ոստիկանների թիվը մեծանում է: Ցուցարարները վանկարկում են՝ «Ոստիկանը մերն է», «Միացեք»:

Լրացված 10:26

«Իմ քայլը» շարժման մասնակիցները դարձյալ Բաղրամյան փողոցում են: Ոստիկանական ուժեր չկան այնտեղ, հեռացվել է նաեւ փշալարը:

Մեծ թվով ցուցարարների հաջողվեց վերեւ բարձրանալ Բաղրամյան պողոտայով: Սա բացառիկ երեւույթ է, որովհետեւ սովորաբար Բաղրամյան մուտք գործել արգելում են ոստիկանները: Որոշ ցուցարարներ արդեն իսկ վարչապետի նստավայրի մոտ են:

Դիտվել է՝