ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունից ամենաշատ տուժողը Թուրքիան է

aegis-1

Մինչ մեկնաբանների մեծ մասը կենտրոնացել է Սիրիայում ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական թիրախային հրթիռակոծության պատճառների և հետևանքների վրա, շատ քչերն են գիտակցում, որ այս հարձակման արդյունքում ամենաշատ տուժողը Թուրքիան է:   

Երկու շաբաթ առաջ, երբ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «շատ շուտով» իր զինվորներին դուրս կբերի Հյուսիսային Սիրիայից, թուրքական կառավարությունը հրճվանքի մեջ էր: Թուրքական ներխուժումը Աֆրին նպատակ էր հետապնդում ընդլայնել Մանբիջի և ամբողջ Հյուսիսային Սիրիայի բռնազավթումը՝ այդ շրջանից քուրդ զինյալներին դուրս մղելու համար: Թուրքական զորքերի ճանապարհին կանգնած միակ խոչընդոտը ամերիկյան զինված ուժերն էին՝ Մանբիջի շրջանում իրենց 2000 զինվորներով: Ամերիկյան զորքերի վրա հարձակվելու թուրքական հաճախակի սպառնալիքները չէին վախեցրել Միացյալ Նահանգների հրամանատարներին, որոնք հաստատակամ էին տեղի քրդական բնակչության պաշտպանության գործում:

Երկու շաբաթվա ընթացքում Թրամփը փոխեց իր դիրքորոշումը Սիրիայից ամերիկյան զորքերի անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Վաշինգտոնի և Փարիզի վերջին զեկույցներում նշվում է, որ Պենտագոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «համոզել» են նախագահ Թրամփին ԱՄՆ զինված ուժերը պահել Սիրիայում, մինչև Սիրիայի ճգնաժամի լուծումը կամ արևմտյան ու արաբական այլ երկրների կողմից ամերիկյան ուժերի փոխարինումը: Թուրքիայի ղեկավարները ևս հիասթափված էին, որ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պաշտոնանկության պատճառով չէր կարող պահել Էրդողանին տված իր խոստումը, որ ամերիկյան զորքերը շուտով կհեռանան Հյուսիսային Սիրիայից:

Սիրիայում ամերիկյան զորքերի մնալու պատճառով կսահմանափակվի  Թուրքիայի կարողությունը՝ հարձակվելու Հյուսիսային Սիրիայում քրդական զինյալների վրա: Չնայած իր խենթ պոռթկումներին՝ Էրդողանը չի պատրաստվում թիրախավորել ԱՄՆ-ի զինված ուժերը կամ ինչպես ինքն էր նկարագրում ՝ «օսմանյան ապտակ հասցնել ամերիկացիներին»… Այսպիսով, Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումայում քաղաքացիական անձանց վրա Սիրիայի կառավարության կողմից քիմիական հարձակումների անհիմն մեղադրանքները հավանաբար կազմակերպված էին նրանց կողմից, որոնք ցանկանում էին կանխել ամերիկյան զորքերի դուրսբերումը Հյուսիսային Սիրիայից՝ մեծ ցավ պատճառելով Թուրքիային… Հետաքրքիր է, որ հիթիռակոծությունից քիչ առաջ, Թրամփն իր ելույթում ոչ մի խոսք չի ասել այն մասին, թե ինչ ապացույցներ ունի քիմիական հարձակման համար Սիրիայի վարչակազմի պատասխանատվության մասին:

Ի դեպ, Սիրիայի հիթիռակոծությունը հակասական արձագանքներ է առաջացրել Թուրքիայում: Թեև Էրդողանը դժգոհ էր Սիրիայում ամերիկյան զորքերի մնալուց, սակայն հրճվանքի մեջ էր Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումներից, քանի որ Թուրքիան ցանկանում էր թուլացնել սիրիական վարչակարգը և տապալել նախագահ Բաշար ալ-Ասադին: Սակայն, հրթիռակոծությունը նման նպատակ չի ունեցել, ինչպես նախագահ Թրամփն էր հարձակումից հետո գրել իր թվիթերյան էջում՝ «Առաքելությունն ավարտված է»… Բոլորը, բացառությամբ Էրդողանի, համաձայն են, որ նախագահ Ասադը տիրապետում է իրավիճակին Սիրիայի ճգնաժամում և նրա տապալումը կնպաստի տիրող իրավիճակի վատթարացմանը Սիրիայում ու տարածաշրջանում:

Սիրիայի հրթիռակոծության թուրքական գովասանքի մյուս բացասական հետևանքը հարաբերությունների վատթարացումն էր Թուրքիայի և Ռուսաստանի ու Իրանի միջև, որոնք նախագահ Ասադի հավատարիմ պաշտպաններն են ու այդ հարվածների խիստ քննադատողները: Բացի այդ, Էրդողանը թշնամացրել է իր ներքաղաքական ընդդիմությանն ու թուրքական հասարակության մի ստվաr հատվածի, որոնք վրդովված են եղբայրակից մահմեդական երկրի վրա արևմտյան երկրների հարձակումների պատճառով:

Թուրքիան նաև դժգոհ է, որ նախագահ Թրամփը հարձակումից առաջ իր ելույթում որպես «մեր բարեկամներ» հիշատակել է «Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քաթարը և Եգիպտոսը», անտեսելով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ Ռուսաստանի և Իրանի հետ նրա մերձեցման պատճառով:

Հետաքրքիր է, որ Թրամփն իր ելույթում քննադատել է Ռուսաստանին ու Իրանին. «Ի ՞նչ պետություններ են ցանկանում կապված լինել անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների հետ: Աշխարհի պետություններին կարելի է դատել նրանց բարեկամներով: Ոչ մի ազգ չի կարող հաջողության հասնել վերջիվերջո՝ ստորին պետություններին, դաժան բռնակալներին և արյունարբու բռնապետերին աջակցելով»: Ցավալի է, որ ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին, Թրամփը հարձակվում է այլ երկրների վրա, որոնք ընկերակցում են արյունարբու պետության հետ, անտեսելով այն փաստը, որ  Միացյալ Նահանգների դաշնակիցը Թուրքիան է, մի երկիր, որը ժխտում է 1.5 միլիոն հայերի սպանդը և պաշտպանում է իր նախորդ քրեական օսմանյան վարչակարգը, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: Սա մեզ հիշեցնում է Քրիստոսի խոսքերը. «Կեղծավո՛ր, նախ հանի՛ր գերանը քո աչքից և ապա կկարողանաս հստակ տեսնել՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար»։ 

Ինչպես գրել էի մեկ տարի առաջ, երբ նախագահ Թրամփը  հրթիռներ էր արձակել Սիրիայի վրա, նա պարզապես հարվածել էր Սիրիային՝ ամերիկյան հասարակության ուշադրությունը շեղելու համար իր բազմաթիվ սեռական անբարոյականություններից, ապօրինություններից և Ռուսաստանի հետ իր գաղտնի հարաբերությունների հետաքննություններից:

Ի վերջո, Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խախտել են իրենց երկրների սահմանադրությունները՝ պատերազմելով մեկ այլ ինքնիշխան պետության դեմ, առանց ստանալու իրենց օրենսդիր մարմինների համաձայնությունը:

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Դիտվել է՝