Հանրապետության հրապարակում ավարտվել է հանրահավաքը. առավոտյան կմեկնարկի «տոտալ բլոկադայի» ակցիան

fransiayi hraparak

Լրացված՝ 22:24

Երեւանի փողոցներով բազմամարդ երթ անցկացնելուց հետո ցուցարարները «դիրքավորվեցին» Հանրապետության հրապարակում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս երթերի եւ ցույցերի ընթացքում դիմակավորված անձինք չպետք է մասնակցեն:

Նա հայտնեց նաեւ, որ վաղը տոտալ բլոկադայի գործողություն է սկսվելու:

Լրացված՝ 21:23

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Երեւանի փողոցներով երթ է անցկացվում:

Նա հայտնեց, որ ՀՀԿ-ի կազմն այս պահին քաղաքից դուրս նշում է Սերժ Սարգսյանի նշանակումը: «Մեր այսօրվա երթից քաբաբը պետք է սառչի նրանց սեղանների վրա»,-նշեց Փաշինյանը:

Լրացված՝ 20:57

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը գործողությունները կսկսեն ժ.10:00-ից սկսած:

«Վաղը այդ ժամին մենք կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում, որտեղից կսկսենք մեր գործողությունները, այնուհետ կհավաքվենք Հանրապետության հրապարակում»,-հայտնեց Փաշինյանը:

Լրացված՝ 20:38

Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» վանկարկումներով:

Նա հայտարարեց, որ ամեն ինչ փոխվել է, քանի որ Սերժ Սարգսյանը չունի կառավարելի ժողովուրդ, եւ այդ ժողովուրդը նրան որպես վարչապետ չի ճանաչում: «Հանրապետության հրապարակում տեղի է ունենում  3-րդ հանրապետության պատմության ամենաբազմամարդ հանրահավաքը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Սփյուռքից զանգում են, ասում՝ միացեք, որովհետեւ սա հայ ժողովրդի զարթոնքն է, որը պետք է փոխի Հայաստանը, մեր երեխաների ապագան, այս զարթոնքը պետք է փոխի իշխանությունը Հայաստանում»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա ելույթը մի պահ ընդհատվեց, քանի որ ցուցարարների մեջ սադրիչներ էին նկատվել: Նրանց շարքերից հեռացնելուց հետո Փաշինյանը շարունակեց իր ելույթը:

Լրացված՝ 20:25

«Լավ է լինել հպարտ սոված գայլ, քան կապած կուշտ շուն»,-հայտարարեց Սասուն Միքայելյանը՝ կոչ անելով միասնության եւ համախմբվածության:

Լրացված՝ 20:02

«Կան տեղեկություններ, որ տարածքում կան սադրիչներ: Ասեմ, որ այս տարածքում բռնության կոչեր չեն արվում, եւ եթե կնկատեք նման մարդկանց, նրանք մեզ հետ կապ չունեն»,-հայտարարեց «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

Բեմահարթակից հայտարարվեց, որ պայքարին միացել են նաեւ հազարավոր ուսանողներ եւ դպրոցականներ:

Լրացված՝ 19:41

Ելույթ ունեցողները հայտարարեցին պայքարի շարունակության մասին՝ կարեւորելով հանրահավաքային շարքի խաղաղ բնույթը: Նշվեց, որ այս պայքարը հաջողվել է նաեւ այն պատճառով, որ պահպանվել է խաղաղ անհնազանդության սկզբունքը:

Լրացված՝ 19:05

Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց  մոտ 1 ժամ անց Երեւանի կենտրոնական հրապարակում մեկնարկեց բողոքի ակցիան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի եւ հասնի հաղթական ավարտի: 

Դիտվել է՝