Ոստիկանությունը ցուցարարների է բերման ենթարկում

fransiayi hraparak

Լրացված՝ 15:30

Ոստիկանությունը փորձում է ցրել Հաղթանակի կամրջի մոտ հավաքված ցուցարարներին, որոնք փակել են կամուրջը: Այնուհետ Հատուկ ջոկատայինները մտան այգի եւ այնտեղից բերման ենթարկեցին ակտիվ ցուցարարներից երկուսին:

Լրացված՝ 13:41

Հազարավոր ցուցարարներ մուտք են գործել Վ. Սարգսյանի փողոց եւ շրջափակում են գերատեսչությունների շենքերը: Ըստ Փաշինյանի, այսպիսով հնարավոր կլինի կաթվածահար անել կառավարության նախարարությունների աշխատանքը:

«Առանց բռնության մի հատ ծաղիկի թուփ չի պոկվում, խաղաղ նստացույց, գալիս եք նստում, պառկում եք դռների դիմաց»,-հայտարարեց Փաշինյանը: Հանրապետության հրապարակ այսօր 18:30-ին, մեծ հանրահավաք պետք է պլանավորված:

Այժմ ցուցարարների շրջափակման տակ է Կենտրոնական բանկը:

Լրացված՝ 12:57

Փաշինյանը եւ հազարավոր ընդդիմադիրներ շրջափակել են ՀՀ դատախազության շենքը, որը, ի դեպ, կողպված է: Շենքը երկու կողմից շրջափակել են:


Ն. Փաշինյանը հայտարարեց ոչ բռնի թավշյա հեղափոխության մեկնարկի մասին:

Լրացված՝ 12:25

ԱԺ հատուկ նիստին զուգահեռ Ֆրանսիայի հրապարակում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում:

Հրապարակը բազմամարդ է, ելույթ է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «ԱԺ-ում սկսվել է խամաճիկային նիստը, իսկ ՀՀ տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են, Երևանում դասադուլ է և ճանապարհներ են փակված, դպրոցականները շրջափակել են ԱԳ նախարարի մեքենան: Եվ ես այստեղ պաշտոնապես հայտարարում եմ ժողովրդավարական ոչ բռնի թավշյա հեղափոխության մեկնարկը:

Այսօր մենք հնարավոր է ջախջախվենք ոստիկանության կողմից, ամբողջ ոստիկանությունը կուտակել են, մենք պետք է ճկուն գտնվենք, մեր ճկուն մարտավարությունը շարունակելու ենք, և մենք, հայտարարելով ժողովրդական հեղափոխություն, պետք է իրականացնենք ժողովրդական հեղափոխություն: Մենք պետք է պարալիզացնենք, կաթվածահար անենք ողջ պետական համակարգը, և իշխանությունը պետք է անցնի ժողովրդին: Կապ չունի՝ նրանք ինչ կանեն Ս. Սարգսյանի հետ այն շենքում»,- հայտարարեց Փաշինյանը:

Լրացված՝ 11:49

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ժամը 12-ին հանդես են գալու հատուկ հայտարարությամբ: Նշենք, որ այդ ժամին նախատեսված է Ազգային Ժողովի նիստը, որտեղ պետք է տեղի ունենա վարչապետի ընտրությունը:

Լրացված՝ 11:33

Րոպեներ անց ԱԺ-ում սկսվելու է նիստը, տեղի է ունենալու վարչապետի քվեարկությունը: Ս. Սարգսյանի առանձնատուն տանող հատվածում՝ Պռոշյանի մոտ, որտեղից դուրս է գալու Ս. Սարգսյանի ավտոշարասյունը, ցուցարարներ են: Եվ ոստիկանությունը բերման է ենթարկում այդ քաղաքացիներին: Մի շարք պատգամավորներ արդեն իսկ ԱԺ շենքում են:

Այդ թվում նաեւ ԵԼՔ դաշինքից Արամ Սարգսյանը, ով, սակայն, հայտարարել է, որ ինքը դահլիճում չի լինելու Ս. Սարգսյանի ելույթի ժամանակ, այլ միայն մասնակցելու է քվեարկությանը եւ դեմ է քվեարկելու: «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը եւս հայտարարել է, որ պետք է դեմ քվեարկել Ս. Սարգսյանի թեկնածությանը:

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը, ովքեր եւս «Ելք» դաշինքի պատգամավորներ են, այս պահին ցուցարարների հետ են: Դեռ հայտնի չէ՝ հնարավո՞ր է վերջին պահին նրանք որոշեն գնալ աշխատանքի ԱԺ, թե՞ ոչ:

Լրացված՝ 09:38

Ցուցարարների կողմից շարունակում է փակ մնալ Բաղրամյան պողոտան ամբողջությամբ: Ոստիկանությունը խստացրել է հսկողություն այս հատվածում, խաչմերուկի տարածքում երկշերտ փշալար է անցկացված, մեջտեղում սեւ ինչ-որ առարկաներ կան, որոնք քաղաքացիների կարծիքով հնարավոր է լինեն պայթուցիկ առարկաներ:

Ոստիկանությունը քիչ առաջ հրահանգեց նաեւ պատրաստել ջրցան մեքենաները:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ ունեն ցույցը ցրելու որոշում:

Լրացված՝ 08:55

Ցուցարարներն անընդհատ տեղաշարժվում են փողոցներով, որպեսզի ոստիկանները չկարողանան մեկ տեղում կենտրոնացնել ուժերը:

Լրացված՝ 08:10

Երեւանի Ֆրանսիայի հրապարակի շրջակայքում ոստիկաններն առավոտյան արգելում էին բողոքի ակցիայի մասնակիցներին փակել փողոցները: Կան բերման ենթարկվածներ:

Ցուցարարներին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ պայքարը պետք է շարունակել, նաեւ ակցիաները տեղափոխել մարզեր:

«Մտեք նախարարությունների, քաղաքապետարանների, մարզպետարանների, ԴԱՀԿ-ի շենքերը, թույլ մի տվեք, որ աշխատանքի գնան: Դասադուլ արեք, գործադուլ արեք: Դուրս եկեք շենքերից, փակեք ճանապարհները»,- հայտարարեց Փաշինյանը:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրապարակում սպասում էր Փաշինյանին: Եվ երբ վերջինս ցուցարարների հետ մոտեցավ նրան, Օսիպյանը ծանուցում հանձնեց՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունը որոշում է կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները: Փաշինյանը պատռեց ծանուցումը:

Դիտվել է՝