Ձեռնարկել գործուն միջոցներ՝ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին. ՔՊ

fransiayi hraparak

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. #Իմ քայլը եւ «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները, ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ժամեր առաջ ոստիկանությունը կիրառել է ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնց մի մասը, այդ թվում` Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հոսպիտալացվել են:

Համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամը անխուսափելի է, նրա 3-րդ ժամկետի կառավարումը համարում ենք անընդունելի։

Վերահաստատելով մեր բոլոր գործողությունների խաղաղ բնույթը եւ բռնությունները մերժելու սկզբունքը եւ գիտակցելով Հայաստանի՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի դերը, միջազգային հանրությանը կոչ ենք անում՝

- Ձեռնարկել գործուն միջոցներ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքներին հակասող գործընթացները դադարեցնելու նպատակով,
- Հանդես գալ հրապարակային հայտարարություններով՝ համերաշխության կոչ ուղղելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ սատարելով նրանց խաղաղ հավաքների ազատությանը, 
- Հետեւել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին եւ Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։
- Դատապարտել խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցող եւ դրանք կազմակերպող քաղաքացիների նկատմամբ բռնությունը եւ շարունակական ճնշումները»։

Այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ բախում ոստիկանական ուժերի ու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած ցուցարարների միջեւ: Հնչեցին պայթյուններ, կան վիրավորներ: Այնուհետեւ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ: Այժմ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակում ԱԺ-ի մոտ. զրահաբաճկոններ են հագնում:

Հայտնի դարձավ նաեւ, որ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Երեւանում տեղի ունեցող ցույցերի փաստով:

Դիտվել է՝