«Մեր պայքարը սերժանտի դեմ չէ, Սերժի դեմ է». Բաղրամյանում սադրիչներ են հայտնվել

pashinyan

Լրացված՝ 23:06

Քիչ առաջ իրավիճակը Բաղրամյան պողոտայում դարձյալ փոքր- ինչ լարվեց այն բանից հետո, երբ ոստիկանները հայտարարեցին, որ Բաղրամյանում ցուցարարներից մեկը հայհոյել է ոստիկաններին: Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան եկած Փաշինյանը դարձյալ հորդորեց քաղաքացիներին չտրվել սադրանքների եւ հայտարարեց, որ իրենց շարքերում չկան մարդիկ, ովքեր պատրաստ են վնասել ոստիկանին:

«Ով վնասում է  ոստիկանին, նա մեզ հետ չէ, նա ուրեմն սադրիչ է, դիտմամբ են անում, որ գցեն մեր շարժման հեղինակությունը: Մենք ունենք սկզբունք, եւ դա անփոփոխ է, մենք բաց ձեռքերով պայքարի ենք դուրս եկել»,-հայտարարեց Փաշինյանը: Ապա ասաց, որ առջեւում կարեւոր անելիքներ կան:

«Մեր պայքարը խեղճ սերժանտի դեմ չէ, մեր պայքարը Սերժի դեմ է»:

Լրացված՝ 22:27

Ֆրանսիայի հրապարակն այս գիշեր սովորականից բազմամարդ է: Քաղաքացիներ խմբված են վառարանների շուրջ, խարույկ են վառել տաքանալու համար, երգում են եւ պարում:

Լրացված՝ 21:41

Մի պահ ոստիկանները հագան հակագազային դիմակները: Ենթադրվում էր, որ արցունքաբեր գազ էր կիրառվելու, սակայն կարճ ժամանակ անց կարծես պլանները փոխվեցին: Նրանք դիմակները հանեցին: Անընդհատ շարժ է նկատվում ոստիկանության շարքերում:

Այնուհետ ոստիկանները պահանջով ցուցարարները հինգ մետր հեռու շարժվեցին փշալարերից:Այժմ իրավիճակը մի փոքր ավելի հանգիստ է:

Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իջնելու են Ֆրանսիայի հրապարակ, որից հետո ցուցարարների մի մասը շարժվեց հրապարակ, իսկ մյուսները շարունակում են կանգնած մնալ ոստիկաններին դեմ հանդիման:

Լրացված՝ 20:28

Հանրահավաքի ժամանակ որոշում կայացվեց, որ այսօր գիշերվանից սկսվելու է դեպի խորհրդարան տանող ճանապարհների շրջափակումը, որպեսզի վաղը արդեն բոլոր այդ փողոցները փակ լինեն: «Գիշերը պետք է այդ պրոցեսը սկսվի եւ առավոտյան ալիքաձեւ զարգանա: Ասում են, որ մարդիկ գիշերը չեն մնա, մի գիշերն ինչ է, որ մարդիկ չմնան»,-հայտարարեց Փաշինյանը:

«Զլերով, կամազներով, կռազներով, աղբի ամաններով, ինչով պատահի, պետք է փակել այդ փողոցները: Մեզ անհրաժեշտ է, որ վաղը ամբողջ հանրապետությունը դուրս գա փողոց, առանց բացառության»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը կոչ արեց նաև մարզերի մեծ ու փոքր քաղաքների ու գյուղերի բնակիչներին դուրս գալ փողոց, փակել ճանապարհները, իսկ դպրոցներին կոչ արեց հայտարարել համահայաստանյան դասադուլ և գործադուլ։

Լրացված՝ 19:52

«Այսօր հաջողված օր էր, որովհետեւ փակեցինք բերանները, ովքեր ասում էին, որ Հայաստանի ժողովուրդը չի ուզում ազատություն: Մենք այսօր ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ազատության հաղթական ժողովուրդ է»: Հանրահավաքն այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանը: «Մեր շարժումը ակնհայտորեն տասնյակ հազարավոր քաղաքացիների աջակցությունն ունի: Ինչու է դա այդպես, որովհետեւ սա անկեղծ եւ արդար շարժում է, սա հույսի շարժում է, սա շարժում է՝  հանուն քաղաքացու հաղթանակի»:

Փաշինյանը հայտարարեց, որ հաջողությամբ են իրականացրել  «Փակիր փողոցը» շարժումը: Եվ սա արդեն հաղթանակ է:

«Հազարավոր քաղաքացիներ փակեցին փողոցներ՝ ասելով, որ մենք մերժում ենք Ս. Սարգսյանին եւ չենք կարող թույլ տալ Հայաստանի ադրբեջանացումը:

Հանրապետական մեծամասնությունը պատրաստվում է Ս. Սարգսյանին կարգել ՀՀ վարչապետ, եւ վաղը 12:00-ին նիստ է  նախատեսվում: Ի՞նչ ենք անելու, մենք վաղը «Փակիր փողոցն» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով եւ բլոկադայի ենթարկենք ԱԺ մոտեցող բոլոր մուտքերը:

Քաղաքացիներից ոմանք, սակայն, առաջարկում են փողոցների բլոկադան սկսել այսօրվանից:

Լրացված՝ 19:42

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ցուցարարները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից ուղևորվել էր դեպի Բաղրամյան պողոտա՝ հայտարարելով պայքարի շարունակության մասին:30713139_1963706980371203_2774301276941320192_n 30709770_1963706997037868_295506536082440192_n 30724114_1963706990371202_3465695547359232000_n 30729735_1963706987037869_7285632008653373440_n

Դիտվել է՝