Քավության նոխազի փնտրտուք. ո՞վ է ստանձնելու ոստիկանության հրամանատարի դերը

1111

Ազատության բազմամարդ հրապարակը տեղափոխվեց Երևանի Ֆրանսիայի հրապարակ և քաղաքացիները շրջափակեցին այն: Այսպիսով կաթվածահար է արված մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տալիս են շուրջօրյա ակցիաների մեկնարկը և այսօր գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում:

Ոստիկանությունը հորդորեց չգնալ այդ քայլին և պարբերաբար զգուշացնում է, որ «հակաիրավական գործողությունները» կունենան դրանից բխող «իրավական» հետևանքներ:

Ակնհայտ է, որ ոստիկանությունն իր հերթին պատրաստվում է հնարավոր էսկալացիայի դեպքում պատասխան գործողությունների դիմել: Սակայն մինչ այդ ստիպված են լինելու բուրգի ներսում փնտրտուքներ սկսել և գտնել գլխավոր հարցադրման պատասխանը, թե վարչախմբի կազմից ով է լինելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանատարը, ում հրամանն է կատարելու ոստիկանությունը, եթե պրոցեսները գեներացվեն, և քաղաքացին դառնա թելադրող, երբ բազմահազարանոց հրապարակը որոշի հաղթահարել ոստիկանական ցանկացած պատնեշ և առաջ շարժվել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի: Ֆորս մաժորի դեպքում ո՞վ է ստանձնելու իշխանությունն ուժով պահելու դժվարին ֆունկցիան՝ Սերժ Սարգսյանի անիշխանության այս օրերին:

Վլադիմիր Գասպարյանն ինքնուրույն կարող է հայտարարություններ տարածելու, շենքեր շրջափակելու, փողոցներ փակող քաղաքացիների դիմաց ոստիկանական պատնեշ կառուցելու հրաման արձակել: Այդքանը միայն: Ֆորս մաժորի դեպքում ավելի լուրջ գործողությունների համար իրավիճակին լիարժեք տիրապետող, իշխանական լծակներ ունեցող հրամանատար է հարկավոր, ով նաև կստանձնի արձակված հրամանի հետևանքների պատասխանատվությունը: Որովհետև ոստիկանությունն առանց այդ գրավոր հրամանի գործողությունների չի դիմի: Ո՞վ կլինի ուժի կիրառման հրաման տվողը: Գործազուրկ Սերժ Սարգսյանն այդ դերը ստանձնել դե յուրե չի կարող, որովհետև այս պահին չունի որևէ իշխանական լծակ. ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բանակը և որևէ կառույց Հայաստանում նրա ենթակայության տակ չէ:

Բացի այդ, Սարգսյանին ավելի ձեռնտու է այս փուլում ինչ-որ մեկի ձեռամբ լուծել այդ խնդիրը, սակայն թե ով կդառնա քավության նոխազն, այդպես էլ չի նշմարվում: Իշխող ռեժիմի ներկայացուցիչները տվել են մի քանի անուն, ովքեր իբրև Սերժ Սարգսյանի անիշխանության օրերի իշխանության պատասխանատուներն են՝ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյան, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյան: Կստանձնե՞ն արդյոք նրանք այդ ծանրագույն պատասխանատվությունը, որովհետև ուժի կիրառման հրամանը ենթադրում է շատ կոնկրետ պատասխանատվություն՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Սա անշուշտ վեր է նրանց «քաշային կարգից»: Նրանք այն ֆիգուրները չեն, որոնք պատրաստ կլինեն ստանձնել «հրամանատարի» դերը:

Մեկ անգամ արդեն հիշեցրել ենք 2008 թվականի տված դասերի մասին: 2008-ին արձակվեց ուժի կիրառման, հետո նաև կրակելու հրաման: Սերժ Սարգսյանը, սակայն, իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում ամեն պատեհ առիթի պատասխանատվությունը բարդել է իշխանությունն իրեն փոխանցած Ռոբերտ Քոչարյանի վրա՝ շատ հստակ ակնարկելով, որ կրակելու հրամանը նա է տվել, և որ իր ձեռքերը չէ, որ արյունոտ են: Հաշվի առնելով 2008-ի տված դասերը՝ կլինի՞ մեկը, ով կորոշի դառնալ քավության նոխազ և հանուն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման նետվել առաջ և իր վրա նման պատասխանատվություն վերցնել:

Եթե իրավիճակը դառնա անկառավարելի, Սարգսյանը բուրգի ներսում անշուշտ կփորձի փնտրել «հրամանատարի»: Նրա բնույթն է այդպիսին:

Սարգսյանի այդ կերպարը նկարագրող լավագույն դրվագն ի ցույց դրվեց ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստի ժամանակ, երբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի բերանով Սերժ Սարգսյանն անգամ իր վարչապետական հակումների պատասխանատվությունը բարդեց Կարեն Կարապետյանի վրա: Շարմազանովը միտումնավոր մի քանի անգամ հստակ հայտարարեց, որ ՀՀԿ գործադիր մարմնի բոլոր գործիչներն ընդունել և հավանության են արժանացրել Կարեն Կարապետյանի առաջարկը՝ վարչապետի թեկնածուի վերաբերյալ: Կարեն Կարապետյանից առաջ այդ մասին հայտարարել էին Սերժ Սարգսյանը և մի քանի ՀՀԿ-ականներ, սակայն յուրաքանչյուր իրավիճակում ճողոպրելու վարպետությամբ օժտված Սարգսյանն անգամ այս իրավիճակում մանևրեց՝ իբրև ինքը ոչ թե ինքնառաջադրվել է, այլ իր թեկնածությունն առաջադրել է անձամբ Կարեն Կարապետյանը՝ տեսաձայնագրության տեսքով նրանից կորզելով «խոստովանական ցուցմունք»:

Սերժ Սարգսյանը կարո՞ղ է արդյոք նմանատիպ մի հնարք գործադրել նաև այն ժամանակ, երբ հրապարակում իրավիճակը շրջադարձային զարգացումների հանգեցնի, և իշխող ռեժիմի համար ուժի կիրառման որոշումը դառնա անխուսափելի: Այդ պատասխանատվությունը նա հենց այնպես, «ոտքի վրա» կկարողանա՞ բարդել ինչ-որ մեկի վրա: Ահա սա է բարդագույն խնդիրը, որը փորձելու են լուծել այս օրերին:

Այս սցենարն իրականացնելու համար, սակայն, Սարգսյանը պետք է դարակում առնվազն մեկ այլ «տեսաձայնագրություն» ունենա՝ անհամեմատ ծանր բովանդակությամբ և ծանր հետևանքներ ենթադրող: Այստեղ է, որ քավության նոխազի փնտրտուքը կենթադրի գերլարված շրջան ՀՀԿ-ի ներսում:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝