ՀՀ ներքաղաքական դաշտում մթնոլորտի շիկացում է նկատվում

135151

Ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ բողոքի ակցիաները մայրաքաղաքում դարձել են ամենօրյա, իսկ ապրիլի 13-ից պլանավորված են ավելի մասսայական միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր:

Ըստ էության, առաջիկա մի քանի օրերն այս իմաստով կարեւոր են լինելու Հայաստանի համար, որովհետեւ կախված այդ հասարակական զարգացումներից՝ վճռվում է ՀՀ քաղաքացու վաղվա օրը, հայրենի սահմանների անվտանգությունը, մարդու կյանքի որակը Հայաստանում…

Հասարակական դաշտն այս իմաստով իշխանությունների համար անկանխատեսելի դաշտ է, որովհետեւ գոնե հասարակական դաշտում վաղօրոք օրակարգ թելադրելու կամ հարցեր լուծելու մեխանիզմները չեն աշխատում: Ի վերջո հնարավոր չէ փակել ժողովրդին հրապարակ տանելու բոլոր ճանապարհները, երբ հասարակությունն ինքը որոշի անցնել այդ ճանապարհով:

Ըստ էության, վիճակը սպասողական է նաեւ իշխանության ներսում: Ս. Սարգսյանն այսօր մի կարգավիճակ ունի, նա ՀՀԿ ղեկավար է եւ ոչ ավելին: Նա նորից կստանձնի՞ երկրի ղեկավարման լծակները, սարգսյանական թիմի ձգտումներն այդ նպատակակետին են ուղղված: Սակայն Սարգսյանի համար եւս չի կարող աննկատ լինել այն, որ օդը, մթնոլորտը Հայաստանում շիկացած է:

Ամենուրեք բողոքի ակցիաներ են: Ցույցի են դուրս գալիս գյուղացիները, բեռնատարների վարորդները մեքենաներով փակում են Գյումրի – Երեւան ավտոճանապարհը, բողոքի ցույցի են դուրս գալիս «Նաիրիտի» նախկին աշխատակիցները: ԵՊՀ ուսանողները հայտարարում են դասադուլի մասին:

Նրանց բոլորին միավորում է ՀՀ իշխանություններից դժգոհ լինելու հանգամանքը եւ այն, որ տիրապետում են բողոքի ու զայրույթի էներգիայի, որն ամեն կերպ կարող է փոխարինվել պայթյունի:

Մյուս կողմից ավելի են ակտիվանում նաեւ Ս. Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարող քաղաքական ու քաղաքացիական միավորները: Անկախ նրանից, որ մինչեւ այժմ պաշտոնական տեսք չի ընդունել այդ ուժերի համագործակցությունը, նրանց բոլորին միավորում է Ս. Սարգսյանին մերժելու գաղափարը:

Շիկացած մթնոլորտում ով եւ ինչպես կվառի փոքրիկ կայծը: Եթե դա հաջողվի, ապա հրդեհն իսկապես անխուսափելի կլինի:

Իշխանությունների խնդիրն է զգուշանալը եւ հնարավոր գործողությունների առաջացումը կանխելը: Այդ իսկ պատճառով գոնե այս առումով ՀՀԿ-ն չի շտապում թերագնահատել հասարակական սպասվող գործողությունները: Այս դաշտում ՀՀԿ գործիչները շատ զգույշ են խաղում, քանի որ հասկանում են, որ «բորբոքելը» կարող է վտանգավոր լինել:

Փոխարենը ամեն պատեհ առիթի դեպքում ՀՀԿ-ն հիշեցնում է հասարակությանը 2017թ.-ի ապրիլի 2-ը՝ անուղղակի ակնարկներ հղելով, որ Ս. Սարգսյանի թիմը գնել է իշխանությունը ժողովրդից, եւ այդ գործարքը մնացել է 2017թ.-ին:

Հիմա իշխանությունը կարող է հայտարարել, որ հասարակությանը վճարել են՝ Հայաստանի ապագան ՀՀԿ թիմի նախընտրելի ուղեծրով տանելու համար: Կարող են նաեւ հայտարարել, որ երկիրն ավտորիտարիզմի տանելու «քարտ բլանշը» Արեւմուտքն է տվել սարգսյանական իշխանությանը, նրանք կարող են ասել, որ ընդդիմությունը լեգիտիմացրել է 2017թ.-ի խորհրդարանի ընտրությունները: Բայց հայտարարել, որ հասարակական զարգացումները վտանգ չեն պարունակում իշխանությունների համար եւ կանխատեսելի են, ՀՀԿ-ն երբեք նման ռիսկի չի դիմում:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝