«Ես աշխարհի հայության կողքին եմ կանգնած՝ հայ ժողովրդի դեմ դաժանությունները որակելով որպես ցեղասպանություն». Շումեր

image003

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակության օրվա նախաշեմին Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը հանդիպել է Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չարլզ «Չաք» Շումերի (դեմոկրատ, Նյու Յորք) հետ. հանդիպմանը ներկա էին եղել նաև Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և քարոզչական հարցերով պատասխանատու Մարիամ Խալոյանը: Նրանք ընդգծել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման կարևորությունը, ինչպես նաև Միջին Արևելքում քրիստոնյաների, քրդերի և այլ վտանգված խմբերին պաշտպանելուն ուղղված ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը:

image022«Սենատոր Շումերն առաջնորդող ուժ է եղել Հայոց ցեղասպանությունից դասեր քաղելու և ԱՄՆ-Հայաստան և Արցախ ամուր հարաբերությունների համար», – հայտարարել է Համագումարի համանախագահ Գրիգորյանը: «Տասնամյակների ընթացքում Թուրքիան, և վերջերս Ադրբեջանն ապօրինի ազդեցություն են օգտագործել՝ կանխելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը: Սենատոր Շումերը ոգեշնչող մարտիկ է եղել ընդդեմ նման ջանքերի և հանուն ԱՄՆ-ի շահերի, այդ թվում ԱՄՆ պատմության շիտակության՝ որպես կոնգրեսական նրա գործունեությունից սկսած՝ 1981թ.-ից ի վեր:

 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակության արարողության ընթացքում նա հայտարարել էր. «Ձեզ հետ եմ՝ համոզված լինելու, որ ժխտողները տեղ չունեն երկրի վրա»: Եվ այս հայտարարությամբ անցյալ տարի կրկին հովանավորելով Հայոց ցեղասպանության մասին բանաձևը՝ սենատոր Շումերը հստակեցրել էր. «Բոլոր երկրները պետք է ճանաչեն 102 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանությունը, որ իրականացվեց հայ ժողովրդի դեմ»: Նա շարունակել էր. «Իմ սրբազան պարտքն է խոսել անցյալի սարսափների դեմ, ինչպես նաև նրանց համար, ովքեր չեն կարող խոսել դրա մասին, և այդ իսկ պատճառով հպարտ եմ հովանավորելու Սենատի այս բանաձևը: Ես աշխարհի հայության կողքին եմ կանգած՝ հայ ժողովրդի դեմ դաժանությունները որակելով որպես ցեղասպանություն»:

Վաշինգտոնում եռանդուն գործունեությունից բացի, սենատոր Շումերը նաև ամեն տարի ներկա է գտնվել և ելույթ ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակության բոլոր միջոցառումներին, որ հովանավորվում են «Վարդանանց ասպետներ ու դուստրեր» կազմակերպության կողմից՝ Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում:

Դիտվել է՝