Անձի պաշտամունքի առաջացումը Հայաստանում

Untitled2

Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա շրջանը Հայաստանի ներքաղաքական կյանք է վերադարձրել անձի պաշտամունքը։ Ամեն ինչ, թերևս, սկսվեց դպրոցների պատերին Սերժ Սարգսյանի հազարավոր նկարները փակցնելուց և ավարտվեց նրանով, որ առաջին անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը փոխեց Հայաստանի սահմանադրությունը՝ սեփական իշխանությունը երկարացնելու նպատակով, և իր իսկ ղեկավարած կուսակցության կողմից հայտարարվեց անփոխարինելի։

Անփոխարինելի ղեկավար

Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին թեզն ի սկզբանե սահմանափակվում էր Հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնում նրա անփոխարինելի լինելու մասին հայտարարություններով։ 2017 թվականի դեկտեմբերին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդն է՝ անկախ նրանից՝ դա ում դուրը կգա, ում դուրը չի գա»։ 2018 թվականի փետրվարին օֆշորային սկանդալների մասնակից, «Պանամական փաստաթղթերի» հերոս, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն իր հերթին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։ «Որպես Հանրապետական կուսակցության նախագահ՝ այսօր ինքն անփոխարինելի է»,- նշել էր նա։

2018-ի մարտին նմանօրինակ հայտարարություն արեց նաև Հանրապետական կուսակցության մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ անցած երեսուն տարիներն ապացուցել են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։ Սահմանադրական փոփոխություններից և խորհրդարանական կառավարման համակարգին անցումից հետո ընդամենը երկու տարում Հանրապետական կուսակցությունը կարողացավ Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը դարձնել դոգմա, համաձայն որի Սերժ Սարգսյանն այն միակ պետական գործիչն է, ում ներկայությունը երկրի ղեկին Հայաստանի բարեհաջող գոյության միակ երաշխիքն է։

Անվտանգության երաշխավորող

Սերժ Սարգսյանին որպես Հայաստանի բարեհաջող գոյատևման միակ գրավական ներկայացնելու ճանապարհին Հանրապետական կուսակցությունը սկսեց ակտիվորեն շրջանառել ՀՀ անվտանգության կախվածությունը Սերժ Սարգսյանից։ Արդեն 2017 թվականի կեսերից Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների կողմից ակտիվորեն ներկայացվել է որպես Հայաստանի անվտանգությունը երաշխավորող անձ։ «Հանրապետության նախագահը՝ որպես իմ ղեկավար, որպես անվտանգության երաշխավոր, կատարում է իր բոլոր գործառույթները»,- նշել էր 2017թ. նոյեմբերին Հրանուշ Հակոբյանը։ 

Ապրիլի 7-ին «Արմենիա» հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Սերժ Սարգսյանի մասին պատմող 80 րոպեանոց «Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմը, որն ավելի շատ նախընտրական գովազդ էր հիշեցնում, քան փաստագրական ֆիլմ։ Սարգսյանն այս ֆիլմում ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, ում օրոք Հայաստանն անվտանգություն սպառող երկրից դարձել է անվտանգություն արտահանող երկիր։

Ինքը՝ Սերժ Սարգսյանը ևս մարտի 19-ին tert.am-ի հետ հարցազրույցում հնարավոր էր համարել երկրի վարչապետի պաշտոնի ստանձնումը, քանի որ կան ներքին և արտաքին սպառնալիքներ, որոնց հետ ինքը չի կարող հաշվի չնստել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահն է, ում օրոք Հայաստանը կրել է տարածքային կորուստներ։ 2016 թվականի ապրիլյան բախումների ժամանակ՝ նրա նախագահության 8-րդ տարում, Հայաստանը հնարավոր հարձակման համար բավականաչափ նախապատրաստված չէր, իսկ մի շարք հարցեր, որոնք մտահոգում են հասարակության լայն շերտերին, ինչպես, օրինակ, բանակում առկա կոռուպցիայի խնդիրը, մնացել են անպատասխան 2016 թվականի ապրիլից ի վեր։ 

Սերժ Սարգսյանին որպես ՀՀ անվտանգության երաշխիք ներկայացնելը, իսկ նրա վարչապետ դառնալը որպես ներքին և արտաքին սպառնալիքներից երկիրը փրկելու միակ հնարավորություն ներկայացնելը դասական ավտորիտարիստական մանիպուլյացիա է, որը մեկ անձի գոյությունը կառավարության ղեկին դարձնում է անփոխարինելի, նրա հեռացումը՝ վտանգավոր։ Վերը նկարագրվածը Սերժ Սարգսյանի անձի պաշտամունքի դրսևորում է, որը նպատակ ունի ժողովրդավարության սկզբունքները խախտելով՝ արդարացնել կոնկրետ անձի իշխանության անժամկետ պահպանումը։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Դիտվել է՝