Քննարկվել են Վանաձորում երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման հետ կապված հարցեր

foto1

Ապրիլի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Վանաձորում առաջին փոքր խմբային տան գործարկման վերաբերյալ:

Հուշագրի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացումն է, երեխաների խնամքի շուրջօրյա ծառայությունների բովանդակային և մեթոդական փոփոխումը, ինչպես նաև երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների ոլորտի բարեփոխումները, մասնավորապես Լոռու մարզում երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման գործընթացը: Նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը կարևորելով ընթացող աշխատանքները՝ հույս է հայտնել գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ակտիվացնել վերակազմակերպման գործընթացը՝ հիմքում ունենալով երեխայի և ընտանիքի կարիքների գնահատումն ու կարիքներին համապատասխան սոցիալական ծառայությունների մատուցումը:

Այնուհետև, վերակազմակերպման գործընթացում ներգրավված պատասխանատուները ներկայացրել են «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամք ստացող երեխաների կարիքների գնահատման արդյունքները, դրանց հիման վրա այլընտրանքային խնամքի տեսակների կիրառման հնարավորությունները, ինչպես նաև Վանաձորի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում խնամք ստացող երեխաների ընտանիքներին տրամադրվող աջակցության ընթացքում առաջացած խնդիրները:

Մայիսի 1-ից ներկայումս մանկատանը խնամք ստացող 10 երեխա կշարունակի շուրջօրյա խնամք ստանալ ընտանեկանին առավել մոտ պայմաններում՝ «Սաբինա» խնամքի փոքր տանը:

Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է՝