«Ազատիչից ազատվելու տոնախմբություն»

havaq

Ազատության հրապարակում տեղի է ունենում «Հանուն Հայաստան պետության» ճակատի եւ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության միացյալ հանրահավաքը:

«Այսօր ազատվում ենք մեկից, ով Հայաստանին ահռելի ծավալի վնաս է տվել»,- այսպես է բացել հանրահավաքը «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ երկու հոգի որոշել են հացադուլ իրականացնել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջով:

«Դժբախտաբար դեռ չենք պրծել այդ չարիքից: Մինչեւ ամսի 17-ը մենք պետք է հրապարակում լինենք եւ պայքարենք»,- ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը: Նա հավելեց, որ սկսում են Սարգսյանի վարչապետության դեմն առնելու գործընթացը:

Մակեյանը նշեց, որ իշխանական քարոզչամեքենան փորձեր է արել «Հանուն Հայաստան պետության» ճակատը ներկայացնել որպես «Սասնա ծռեր» խմբի կցորդ, միաժամանակ իրենց հետ կապել բռնի ուժով, զենքով իշխանափոխություն անողների պիտակը:

«Կարծում եմ՝ բոլորին հասկանալի է, թե նպատակը որն է: Նպատակն այն է, որ ինչ-որ պահի նախաձեռնող խմբի անդամների վրա կպցնեն համապատասխան քրեական հոդվածները եւ մեկուսացնեն, եթե պրոցեսը գնա աճողական: Մենք կրկին ճակատի անունից պաշտոնապես հայտարարում ենք, որ այս գործող վարչախմբի դեմ ամենաարդյունավետ պայքարը առանց բռնության, առանց զենքի, ժողովրդի ըմբոստացմամբ հզոր պայքարն է: Ինչ վերաբերում է բռնությանը, դա տանում է քաղաքացիական բախումների, որին մենք դեմ ենք: Բայց մենք կոչ ենք անում իրավապաշտպան մարմիններին, դեսպանատներին եւ միջազգային կառույցներին, որ այս ընթացքում հետեւեն, որովհետեւ իշխանություններն ունեն հնարավորություն սադրանքով գնալ բախումների»,- ասաց Մակեյանը:

Նա նաեւ կոչ արեց մտավորականներին, ուսանողներին՝ լինել ակտիվ, միանալ գործընթացին:

Մակեյանը տեղեկացրեց, որ ամեն օր նախատեսում են իրականացնել հավաքներ Երեւանի վարչական շրջաններում: Հանդիպումներից հետո պլանավորում են երթով շարժվել Ազատության հրապարակ:

Հանրահավաքին մասնակցում են նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Դիտվել է՝