Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ

NA_2

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունն ապրիլի 4-ին այցելել է Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ կարճատև առանձնազրույցից հետո խորհրդարանի նախագահը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ։

Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և այս տարիներին Արցախում պետականաշինության գործընթացի վերաբերյալ բանախոսությամբ՝ ընդգծելով անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության և տնտեսական զարգացման ուղղությամբ ունեցած ձեռքբերումներն ու անելիքները։ «Արցախի ազատագրական շարժումը օգնեց, որպեսզի հայերը գտնեն իրենց ինքնությունը, հիմա էլ պետք է օգնել Արցախին, որպեսզի չկորցնենք այդ ինքնությունը»,-ամփոփել է Արցախի խորհրդարանի նախագահը։

Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին՝ կապված Արցախի տնտեսական ներուժի, միջազգային ճանաչման, Ֆրանսիայում արցախյան օրերին նվիրված միջոցառումների, ապակենտրոնացված համագործակցության արդյունավետության և արտահանման ու ներմուծման հետ կապված խնդիրներին։

Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահը, Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին և պարգևատրել Ղարաբաղյան շարժման 30 ամյակի հուշամեդալով։

Ապրիլի 5-ին Փարիզում նախատեսվում է հանդիպում  Ֆրանսիայի Սենատի  և Ազգային ժողովի պատգամավորների, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների հետ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ից աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

NA_1

NA_3

Դիտվել է՝