Ս.Սարգսյանը ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին բռնակալն է, և նրա հեռացումը հնարավոր է. հայտարարություն

226D512C-25F1-411F-804E-18DC6BBA1CEF_w1023_r1_s

Դիմում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին Սերժ Սարգսյանի վարչակարգին վերջ տալուն ուղղված ակտիվ գործողություններ ձեռնարկելու կոչով։

Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը, ինչպես նաև նրա 10 տարիների կառավարման ձախողումները բազմաթիվ են. Հայաստանը լքել է առնվազն 370,000 քաղաքացի, ունենք մի քանի տասնյակ քաղբանտարկյալ, երկիրն ու սերունդները խրվել են 6.8 մլրդ դոլար պարտքի մեջ, մեկ գիշերվա մեջ երկիրը հայտնվել է Մաքսային միությունում, զինադադարից ի վեր առաջին անգամ կորցրել ենք 800 հա տարածք, և, ամենացավալին, ունեցել ենք ավելի քան 100 զոհ, որի թիվ մեկ պատասխանատուն համատարած ծաղկող կոռուպցիայի հովանավոր Ս.Սարգսյանն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացել է, որ ընտրություններով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, ինչի հետևանքը 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման զինված ակցիան էր և, առհասարակ, զինված պայքարի կոչերը: Հիմա արդեն բոլորի համար հստակ է, որ 2015-ին Ս.Սարգսյանը երկրի Սահմանադրությունը փոխեց լոկ իր իշխանությունը երկարաձգելու և ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ Ս.Սարգսյանի վերարտադրությունը  սուպեր-վարչապետի կարգավիճակով է՛լ ավելի է խորացնելու ավտորիտարիզմը, ճնշելու մարդու իրավունքները և վերացնելու է հետագայում փոփոխությունների համար պայքարի ու հաջողության հասնելու հնարավորությունները։ Ս.Սարգսյանն անփոխարինելի է միմիայն այն մարդկանց համար, որոնք կոռումպացված համակարգի մասն են և գերադասում են իրավիճակի կայունությունը:

Ներկայում Հայաստանում ձևավորվել են Ս.Սարգսյանի իշխանության դեմ պայքարի մի քանի օջախներ, որոնք ունեն համակարգային փոփոխություններին միտված, երբեմն նաև իրարից տարբերվող տեսլական և ծրագրեր: Սակայն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ապագայի հույս փայփայելու տեսանկյունից թիվ մեկ հրամայականը այսօր Ս.Սարգսյանի հեռացումն է պետական իշխանությունից: Ուստի նշված խմբերը, մի կողմ դնելով տարաձայնությունները, համագործակցում են՝ արդյունավետ լինելու համար:

Գիտակցում ենք, որ Ս.Սարգսյանը պատրաստ է դիմելու ցանկացած միջոցի, որպեսզի պահի իր իշխանությունը և տարիների ընթացքում ապօրինի դիզած հարստությունը: Նաև գիտակցում ենք, որ Ս.Սարգսյանը ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին բռնակալն է աշխարհում, և նրա հեռացումը ՀՆԱՐԱՎՈՐ է: Դրան կարելի է հասնել փողոցում հանրության մոբիլիզացիայի և կենտրոնացված ու ապակենտրոնացված ակցիաների միջոցով:

Կոչ ենք անում այն քաղաքացիներին, որոնք չեն ուզում տասնյակ տարիներով ապրել բռնապետության ռեժիմում, համախմբվել՝ խաղաղ պայքարի բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալու Ս.Սարգսյանի վարչապետությունը:

Մերժիր Սերժին նախաձեռնություն

Դիտվել է՝