«Իսկ ՀՀԿ-ն այլ շեֆի արդեն երդվե՞լ է»

21537_b

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Աղայանի հետ:

-Պարոն Աղայան, ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երկրում առանձին պայքարներ են սկսվել. «Մերժիր Սերժին» նախաձեռնություն, «Քաղաքացիական պայմանագրի» «Իմ քայլը» քայլարշավը դեպի Ազատության հրապարակ, ինչպես նաև «Հանուն Հայաստան պետության ճակատի» սկսած հանրահավաքների շարքը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել այս պրոցեսներից:

-Չեմ կարծում, թե այդ պայքարներն առանձին են կամ միմյանց հակասում են։ Ավելի շուտ փոխլրացնում են։ Քանի որ չկա միասնական քաղաքական կազմակերպություն, շատ բնական է, որ առանձին անհատներ կամ թիմեր իրենց պատկերացրած քայլերը պետք է փորձեն կատարել։ Ինչ վերաբերում է արդյունքին, ապա դրանք միշտ նույնն են, երբ խոսքն «ընդդեմ» շարժման մասին է, առանց քաղաքական, անգամ հեղափոխական նպատակների և կազմակերպության։

 -Գրեթե բացահայտ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանն էլ լինելու է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ի՞նչը կարող է խառնել իշխանության խաղի կանոնները, որը կարող է լինել ժողովրդի հաղթանակի բանաձևը:

Արմեն Աղայան

Արմեն Աղայան

-Բազմիցս ասել եմ, ու որքան հարցնեք, միշտ նույնն եմ կրկնելու։ Հաղթանակի բանաձևն այլընտրանքային խորհրդարանի և ստվերային կառավարության ընտրությունն է, զանգվածային մասնակցությամբ, գաղափարական և ծրագրային քննարկումների հիման վրա, օրինակելի քվեարկությամբ, պետական ընտրություններից անկախ։ Բայց դա մի քանի օրում կազմակերպվող բան չէ։ Իսկ հիմա, անգամ եթե Սերժ Սարգսյանին ինչ-որ բան պատահի, դա մեխանիկորեն չի հանգեցնի ազգային կառավարության ձևավորմանը, քանի որ կմնան հանրապետականները, նրա պնակալեզները, նրա և նախորդների թևի տակ աճած օլիգարխները, կոպեկների դիմաց մահակ ճոճող ոստիկաններն ու ԿԳԲ-ական կոչվող քաղաքական ոստիկանները, իսկ նրանց կընդդիմանա չկազմակերպված ժողովուրդ։

-Ժողովուրդը դժգոհ է ստեղծված իրավիճակից, բայց հարմարվողական կեցվածք է որդեգրել: Պարզ է, որ պատճառները տարբեր են, սակայն մյուս կողմից էլ պայքարի դուրս ելած գործիչները պնդում են, որ սա հնարավորություն է ինչ-որ բան փոխելու համար: Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ օրակարգը փողոց դուրս կբերի ժողովրդին:

-Չեմ կարծում, թե ժողովուրդը հարմարվողական կեցվածք է ընդունել։ Ընդհանրապես ժողովրդի կեցվածք, առավել ևս միասնական կեցվածք ասածը միֆ է։ Անիմաստ է նաև ժողովրդին մեղադրելը, որ նա չի աջակցում իշխանափոխության հավակնություն դրսևորող քաղաքական խմբակին կամ հայտնի գործչին։ Եթե մարդիկ ձեր նախագծին չեն միանում, ոչ միայն այն պատճառով, որ չեն հավատում դրա արդյունավետությանը կամ նույնիսկ դրա հեղինակներին, այլև առավելապես այն պատճառով, որ չեն տեսնում, թե իրենք ինչպես կարող են մասնակցել դրան։ Մենք շարունակում ենք ապավինել հանրահավաքային պայքարին, փոխանակ ձևավորենք քաղաքական ինստիտուտներ։ Ժողովուրդ իրականում չկա, կան ընտրողներ, կազմակերպական կամավորականներ և գործիչներ, որոնք քաղաքական գործիչ դառնալու պոտենցիալ ունեն և մի օր կարող են նաև դառնալ առաջնորդներ։

Հերթական նախաձեռնող խումբը նրանց ի՞նչ է ասում։ Ընտրողին ընտրություն չի առաջարկում, քանի որ իրենք արդեն կան, ընտրված են, իսկ նոր ընտրությունը վտանգավոր ժամավաճառություն են համարում։ Ճիշտ է՝ խոստանում են ընտրություն, բայց իշխանափոխությունից հետո։ Ի՞նչ են առաջարկում կազմակերպական կամավորականներին. դրանք էլ պետք է իրենց սպասարկեն, իրենց հրահանգներով բախվեն ոստիկանների հետ, բայց առանց կազմակերպության անդամ լինելու և երբեք չմասնակցելով կազմակերպական որոշումների կայացմանը. գուցե պակաս ռիսկային և ավելի արդյունավետ ուղի ունեն առաջարկելու։ Գործիչները, անգամ եթե հրավիրվում են միանալ, ընդամենը որպես աջակիցներ, որ իրենց ներկայությամբ պետք է հաստատեն, որ սա տվյալ պահին ընդդիմության գլխավոր ձևաչափն է։ Նրանք չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, հնարավորություն չունեն այլընտրանքային մոտեցումներ առաջարկել, ստանալ անդամների մեծամասնության աջակցությունն ու դառնալ շարժման ղեկավարներից մեկը։ Այստեղից էլ երիտասարդ և որակյալ գործիչների կատաստրոֆիկ պակասը։ Իմ այս ասածները շատերին անտրամաբանական ու ժամանակավրեպ են թվում, քանի որ նրանք շտապում են, ինչպես շտապում էին 10 կամ 20 տարի առաջ, արդյունքում կորցրեցին այդ 20 տարին։

-Փաստորեն մի քանի օր Սերժ Սարգսյանը լծակ չի ունենալու նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Եթե այնպես ստացվի, որ ընդդիմադիր ուժերն ինչ-որ մի պահի համախմբվեն և մեկտեղված պայքար տանեն, կհաջողե՞ն, թե՞ ոչ:

-Ինչպե՞ս թե չի ունենալու։ Իսկ ՀՀԿ-ն այլ շեֆի արդեն երդվե՞լ է, ինչպես եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին տարիներին։ Ուրեմն շեֆը դեռ Սերժն է, իսկ պնակալեզների այդ ոհմակն առանց շեֆի չի կարող։ Բացի այդ՝ իշխանության ձևական աղբյուրը հիմա ԱԺ մեծամասնությունն է, որը դարձյալ բաղկացած է բացառապես այդ պնակալեզներից։
Նման բաների հետ հույս կապելը քաղաքական միամտություն է։ Չկա որևէ քաղաքական թիմ, որն այդ վակուումից կարող է օգտվել։ Ընդդիմության համախմբվելու համար ոչ թե հիմար առիթներ են պետք, այլ հանրային աջակցություն վայելող այլընտրանքային խորհրդարան ու ստվերային կառավարություն ընտրելու հավաքական կամք։ Բոլոր դեպքերում ես հրապարակ դուրս եկողներին ողջունում եմ ու մաղթում հաջողություն, ինքս էլ հաճախ այնտեղ կլինեմ, քանի որ անհամաձայնություն արտահայտելը ոչ միայն իրավունք է, այլև արժանապատվության հարց։

-Լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկու տարին: Իշխանությունները բացահայտ անտարբերություն ցուցաբերեցին, ինչպես եղավ մեկ տարի առաջ, երբ նույն օրն ընտրություններ նշանակեցին: Այս անգամ առաջին դեմքի մակարդակով անգամ ցավակցական, քաջալերանքի խոսքեր զոհերի հարազատներին չուղղվեցին: Սա ինչի՞ մասին է խոսում:

-Իրո՞ք։ Ցավոք, այս պահին Հայաստանում չեմ և չեմ նկատել։ Պետք է ենթադրել, որ շատ են զբաղված եղել Արմեն Սարգսյանին հորական տնից ուղեկցելու հարցերով ու իսկապես մոռացել են։ Եթե մոռացած չլինեին, ոչ միայն կցավակցեին, այլև ուրիշ ձևերով էլ կօգտագործեին։

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Դիտվել է՝