Ս. Սարգսյանի մտապատրանքներում հնարավոր իշխանափոխությունն ասոցացվում է ներպալատական հեղաշրջման հետ

serj-sargsyan-hyuranoc-aleqsandr2-634x445

Հանրության ուշադրությունից չվրիպեց այն փաստը, որ Սերժ Սարգսյանի կողմից ընդհանրապես անտեսվեց ապրիլյան պատերազմի երկրորդ տարելիցը: Նա ո՛չ երեկ, ո՛չ այսօր չայցելեց «Եռաբլուր» պանթեոն: 2 տարի առաջ այս օրը հայկական կողմը լուրջ կորուստներ կրեց՝ 100-ից ավելի զոհեր, 800 հա տարածք, իսկ Ս. Սարգսյանը նույնիսկ ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին սփոփիչ խոսք չասաց:

Կարելի է ենթադրել, որ նրա համար ապրիլի 2-ը նշանավորվել էր Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթթահ ալ Սիսիի պաշտոնում վերընտրվելով, ինչի առիթով էլ շնորհավորել էր նրան:

Մի կողմից հարց է առաջանում. ի՞նչ ուներ ասելու փուլային պարտություն կրած գերագույն գլխավոր հրամանատարը հաղթանակած հերոսներ ծնած մայրերին:

Բայց հաշվի առնելով ՀՀԿ-ի ցինիզմի սահմանները՝ առնվազն սպասելի էր խրոխտ մի ելույթ «անվտանգության անփոխարինելի երաշխավորի» կողմից՝ ուղղված ադրբեջանցի իր գործընկերոջը, եւ հավաստիացումներ, որ ընդառաջ գնալով հասարակական պահանջներին՝ կշարունակի ապահովել մեր անվտանգությունը:

Սակայն Ս. Սարգսյանը գերադասեց ներկա գտնվել «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը, բայց չգնալ Եռաբլուր:

Սա մարտավարություն է, որով ՀՀԿ առաջնորդը միտումնավոր ընդգծում է հասարակական գործոնի պակաս նշանակությունն իր համար. չունի հասարակության բարեհաճության կարիքը, չունի ցանկություն առհասարակ ընդառաջ գնալու հասարակական հույզերին ու տրամադրություններին, եւ ընդհանրապես զարգացումներն ընթանում են իր գծած պլաններին համապատասխան:

Սարգսյանի այս ուղերձն ուղղված է իշխանական բուրգի ենթադրյալ ըմբոստ ուժերին: Նա սպասվող իրադարձություններից առաջ կարեւոր է համարում բուրգի տիրապետումը չկորցնելը, եւ ցուցադրական ինքնավստահությունը, ըստ նրա, գլխավոր նախապայմանն է:

Սա պայմանավորված է նաեւ հասարակական դաշտում առկա դժգոհությունների ու հասունացող հախուռն զարգացումների հեռանկարի անհանգստությամբ: Իսկ Ս. Սարգսյանի մտապատրանքներում հնարավոր իշխանափոխությունն ասոցացվում է ներպալատական հեղաշրջման հետ:

Այդ իսկ պատճառով ուժի եւ ինքնավստահության ցուցադրումը նախ եւ առաջ նպատակ է՝ ներիշխանական սանձերն ամուր պահելու:

Բայց իշխանության կորստի վախը դրանից չի նվազում, հատկապես երբ ավելի չպլանավորված ու հախուռն են թվում սպասվող զարգացումները:

Որքան էլ տարօրինակ է, այս անգամ Սարգսյանի համար նույնիսկ նախընտրելի կարող է թվալ միասնական, կազմակերպված ընդդիմությունը:

Հիմա, երբ ընդդիմությունը մի կողմից հայտարարում է բաց ձեռքերի ու առանց ուժի պայքար, մի կողմից՝ իշխանության հետ իշխանության լեզվով խոսելու մասին, երրորդ կողմից՝ քաղաքներ «գրավելու» հեռանկար է խոստանում, սա, ինչ խոսք, վտանգավոր նախադեպ կարող է լինել: Որովհետեւ երբ հրապարակը մեկը չէ, սա տարերային իրավիճակի սկիզբ կարող է լինել:

Իսկ սա այն դեպքն է, երբ ոչ միայն դժվար է լինելու հասարակական ընդվզման ճանապարհը փակելը, այլ նաեւ իշխանական բուրգի կառավարումն է դժվար լուծելի թվում, հատկապես, երբ բուրգը հակում ունի ճաքեր տալու:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝