«Ասում են՝ հպարտ եղիր, որ հերոսի մայր ես, բայց չէ՞ որ ես դրա համար շատ թանկ եմ վճարել»

новый коллаж

Ապրիլյան պատերազմի առաջին օրերին հերոսաբար զոհված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը՝ փոքրիկ Անահիտը, ով մեծ ուրախությամբ եւ ոգևորությամբ դիմավորում է հյուրերին, խաղում, ընկերանում է, ցուցադրում հերոս հոր լուսանկարները:

2016 թվականի ապրիլի 3-ին Թալիշում Սիս բարձունքի համար մղված թեժ մարտերի ժամանակ զոհվեց ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը, մեկ ամիս անց ծնվեց նրա դուստրը: Անահիտին է միայն հաջողվում իր մանկական չարաճճիություններով սփոփել Գալստյանների վիշտը:

«Ամենաթանկ նվերն Անահիտն է, որ նվեր տվեց մեզ ու գնաց, երևի դա իր առաքելությունն էր 25 տարիների ընթացքում, որ պետք է կատարեր, Անահիտին նվեր տվեց: Ինքը գիտակցելով, որ մահվան է գնում, էնպիսի դիրք է պահել, Թալիշը վերցրել էին, Սիս բարձունքը, որդիս իր վաշտով այդ բարձունքն է պահել, շատ մութ է եղել, առաջին տանկը էրեխեքն են խփել, երկրորդ տանկն իրենց է խփել, հետո Հրաչի և Գևորգի մահից հետո վաշտը հետ է նահանջել, հետո 4 օր կրակ են պահել, որ էրեխեքի մարմինները դուրս են բերել: Ես կսպասեի, որ ողջ կգա, բայց զանգեցին, թե մարմինն են հանել, ու ես մինչև հիմա սպասումներ ունեմ»,- պատմում է հերոսի մայրը՝ տիկին Անահիտը:

2 տարի անց էլ ընտանիքի անդամները դեռ սպասումներով են ապրում, չեն հավատում և չեն համակերպվում կատարվածի հետ: Տիկին Անահիտը պատմում է՝ մինչև վերջին պահը Հրաչը հեռախոսով հուսադրում էր, թե ամեն բան լավ է: «Միշտ հույս էր տալիս, թե լավ է, բայց մենք չգիտենք իրենց ծրագրերի մասին, թե ով հրաման տվեց, ով հանեց էրեխեքին 30 տանկի դեմ, ինքը քիչ աշխատանք չի կատարել, 4 դիրք է հետ բերել, տանկ է խոցել, ու ինչի էսպես, չգիտեմ, անհասկանալի է»:

Դժվարանում է ասել՝ արդյոք կատարվածից երկու տարի անց ինչ-որ դասեր քաղել են իշխանությունները: Սակայն տիկին Անահիտը նշում է, թե շատ հարցեր կան, որոնք իրենց համար այդպես էլ անպատասխան են մնացել: Այն դեպքում, երբ բոլորը տեղյակ էին թշնամու շարժի մասին, ի՞նչ պատճառով քայլեր չէին ձեռնարկում, ինչո՞ւ երկար ժամանակ կրակելու հրաման չէին տալիս, և ընդհանրապես ի՞նչ նպատակ էին հետապնդում քառօրյա այդ գործողությունները. «Էնպես չի, որ մեր ղեկավարները չգիտեին այդ պատերազմի մասին, շարժի համար էլ լավ գիտեին, էրեխեքը միշտ էլ զեկուցել են, որ շարժ կնկատեն, բայց էդքան զենք, զինամթերք չունենալով որ պահել են հայրենիքը, ուրեմն կարելի է հերոսից էլ վեր դասել, քանի որ ամենաթանկն են տվել, իրենց կյանքն են տվել, հետո էլ ասում են՝ հպարտ եղիր, որ հերոսի մայր ես, բայց չէ՞ որ ես դրա համար շատ թանկ եմ վճարել»:

Ամենաշատը վիրավորված են անտարբեր վերաբերմունքից: Տիկին Անահիտն ասում է՝ զոհվածների ընտանիքներին հիշում են միայն ապրիլից ապրիլ, իսկ թե մյուս օրերին ինչպես են ապրում այդ ընտանիքները, ոչ ոք տեղյակ չէ, անգամ չեն էլ հետաքրքրվում: «Անպատասխան հարցեր շատ կան, բայց էս իշխանություններից ոչ էլ սպասելիքներ ունենք, շատ վիրավորական է, որ որպես զոհվածի մայր չեն էլ հիշում, չգիտեմ, երևի իրենց համար մեկ էր մեր երեխաների զոհվելը: Մենակ ապրիլի 2-ինը թող չհիշեն ու բոլոր ժամանակների զոհվածների էրեխեքին գոնե հիշեն, գոնե տղաների մահից հետո, որոնք որ երեխաներ ունեն, մի քիչ ուրիշ ձևի նայեն էլի, պետությունը, լրիվ անտեսված ենք, միայն թոշակն է, ուրիշ ոչ մի աջակցություն, կնոջը՝ Անուշին, որպես այրի ամեն ինչից զրկեցին, երեխային նախարարությունից տեղեկանք են տվել որպես զոհվածի դուստր, իսկ Անուշին՝ ոչինչ, նա որպես զոհվածի այրի չճանաչվեց, ոչ մի դրամական օգնություն, թոշակը ու վերջ: Եթե մինչև ծնվելը կամ ծնվելուց հետո օգնություն եղել է, դա էլ դրսից, ինչի համար շատ շնորհակալ ենք»:

Ուշադրության պակաս, անպատասխան մնացած շատ հարցեր և չսպիացող վերք. այս ամենն, ըստ տիկին Անահիտի, անբացատրելի ցավ է, որ կա յուրաքանչյուր որդեկորույս ծնողի սրտում: Մաղթանքը մեկն է, որ խաղաղություն լինի, ու բոլոր զինվորները տուն վերադառնան:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝