Սերժ Սարգսյանի`Արևմուտք-Ռուսաստան ճոճանակը արդեն շատ է կարճացել և մոտենում է կանգառին

varujan avetisyan

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին.

Պարոն Ավետիսյան, օրերս Սերժ Սարգսյանն ըստ էության հայտարարեց, որ ինքն է լինելու վարչապետ: Ենթադրելի է, որ նման որոշում կայացնելուց առաջ նա առնվազն պետք է վստահ լինի, որ Արևմուտքը և Ռուսաստանը դեմ չեն իր թեկնածությանը: Որքանո՞վ է ձեռնտու Արևմուտքին և Ռուսաստանին Սերժ Սարգսյանի վարչապետությունը, և ինչպե՞ս է նա լուծել խնդիրը:

Ռուսաստանը և Արևմուտքը տարբեր կերպ են վերաբերվում Սերժ Սարգսյանին և նրա գլխավորած վարչակազմին:

Ռուսաստանի համար հայաստանյան վարչակազմն իր գաղութատիրության գործիքն է, իսկ Սերժ Սարգսյանը դեռևս ամենաարդյունավետ այն կառավարիչն է, որ կարողանում է նույնիսկ համատարած ատելության պայմաններում այդ գործիքը ծառայեցնել Ռուսաստանի շահերին:

Արևմուտքը բարդ կազմակերպվածք է: Եթե ԱՄՆ-ի համար Ռուսաստանից անկախ Հայաստանը առաջնահերթորեն ցանկալի (ընդ որում՝ Կուր – Արաքսյան տարածքով) երևույթ է, ապա առնվազն մայրցամաքային Արևմտյան Եվրոպան առաջին հերթին շահագրգռված է, այսպես կոչված, Հարավային Կովկասի կայունությամբ և միայն երկրորդ հերթին է մտածում այն Ռուսական կայսրության ազդեցության տիրույթից հանելու մասին:

Այս տարբերության հիմնական պատճառը Մեծ Մետաքսի ճանապարհի նախագիծն է, որը ձեռնտու չէ ԱՄՆ-ին, սակայն ձեռնտու է Եվրոպային:

Բացի այդ, Ռուսաստանի հետ մրցակցության և նրա զսպման ջանքերի առյուծի բաժինն ավանդաբար ԱՄՆ-ի ուսերին է, մինչդեռ շատ եվրոպական պետություններ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական և քաղաքակրթական պայքարի ռազմավարությանը դեմ չգնալով հանդերձ, այնուամենայնիվ, փորձում են իրենց համար շահեկան մարտավարական միջակայքեր որոնել, ինչը Ռուսաստանին տալիս է մանևրելու և շահաբաժիններ ստանալու բավականին լուրջ ռեսուրս, որը նաև էապես օգնում է նրան ջրի վրա մնալ և շարունակել դիմադրությունը:

Անշուշտ, արդեն ակնհայտ է, որ ռևանշիստական Ռուսաստանը դատապարտված է, ուստի նրա գոյությունը երկարաձգող խաղերը Արևմուտքի համար ռազմավարական առումով վտանգավոր չեն, նույնիսկ դրական բաղադրիչ են պարունակում, քանի որ ապահովում են Ռուսաստանի ենթարկեցման ու կերպափոխման փափուկ և սահուն ընթացքը:

Այն պատճառով, որ մեր ժողովուրդը դեռևս տեր չի կանգնել երկրին և հանդես չի գալիս որպես սուբյեկտ, Սերժ Սարգսյանը մինչ օրս բավականին արդյունավետ կերպով կարողանում է խաղալ նշված տարբերությունների միջակայքում:

Նա ոչ մի հարցում չի մերժում Հայաստանի (Արցախը ներառյալ) նկատմամբ Ռուսաստանի գաղութատիրական նկրտումները: Ավելին՝ ամեն ինչ անում է դրանք կյանքի կոչելու համար և իր մասով պատրաստ է ապահովելու Ռուսաստանի ամենահրեշավոր ու վերջնական գաղութատիրական նպատակը, այն է՝ պայմանավորված պատերազմում երաշխավորել հայկական կողմի պարտությունը, որից հետո Արցախից մնացած տարածքում պետք է տեղակայվեն ռուսական զորքեր, իսկ ՀՀ-ն աբխազացման և ղրիմացման ճանապարհով դառնա Ռուսաստանի մաս:

Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ թույլ է տալիս, որ Արևմուտքը համապատասխան կերպափոխող ներարկումներ կատարի Հայաստանում՝ դրա դիմաց որպես լեգիտիմ ճանաչելով նրա ոչ լեգիտիմ ռեժիմը և ֆինանսական կաթիլային սնուցմամբ երկարաձգելով Հայաստանի մեռնող տնտեսության ու քայքայվող կառավարման համակարգի կյանքը:

Ռուսաստանն ուրիշ ելք չունի: Եթե Արևմուտքը չճանաչի Սերժ Սարգսյանի ռեժիմի լեգիտիմությունը և սնուցումից անջատի ռեժիմին, ապա այն մի քանի օրից կտապալվի: ԵԱՀԿ տարածքում լեգիտիմության ճանաչումը Արևմուտքի բացառիկ իրավասությունն է: Ռուսաստանը չի կարող շրջանցել այդ հանգամանքը: Իսկ Հայաստանի տնտեսության ու կառավարման համակարգը նա ոչ միայն չի ցանկանում իր հաշվին պահպանել, այլև որոշ հաշվարկներով տարեկան շուրջ երկու միլիարդ դոլար քամում–տանում է Հայաստանից:

Այս երկակիությունից օգտվելով՝ Սերժ Սարգսյանը զուգահեռաբար պատրաստվում է երկրորդ սցենարին՝ փաթեթով հանձնվել Արևմուտքին, եթե Ռուսաստանը տարածաշրջանից հեռանա՝ չհաջողելով կլանել Արցախը և ՀՀ անկախությունը:

Սակայն Սերժ Սարգսյանի այս ճոճանակը, որ աշխատում է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, արդեն շատ է կարճացել և մոտենում է կանգառին:

Շուտով տարածաշրջանում մեծ դեպքեր են լինելու, իսկ ժողովրդի դեմ գործող գաղութային, խամաճիկ վարչակազմը չի կարող դրանց համապատասխան քայլեր անել, ուստի շատ խիստ կերպով սրվելու է սուբյեկտի հարցը: Այլևս էական է լինելու, թե կա՞ արդյոք հայկական սուբյեկտ, որ պատրաստ է տեր կանգնելու իր ճակատագրին, կայացնելու բախտորոշ որոշումներ և իրագործելու դրանք:

Մինչ այդ՝ Արևմուտքը հանդուրժում է Սերժ Սարգսյանին ու նրա ռեժիմին և նրա հետ է գործակցում, քանի որ ժողովուրդը դեռևս սուբյեկտ դառնալու հայտ չի ներկայացրել և չի սուբյեկտացել: Այս պատճառով է նաև ԱՄՆ դեսպանը մի քանի օր առաջ ասել, թե ԱՄՆ-ի համար անընդունելի են իշխանությանը զենքով կամք պարտադրելու փորձերը: Իրականում, երբ ժողովուրդն ապստամբի, հանդես գա որպես սուբյեկտ և իր կամքը պարտադրի, Արևմուտքը կողջունի այդ կամքը և կհաստատի, որ ժողովուրդն իրացրել է բնական իրավունքից բխող ապստամբության սրբազան իրավունքը: Արևմուտքը նաև կընդունի Հայկական Նյուրնբերգն ու ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության անդամների վերաբերյալ նրա դատավճիռները:

Ընդդիմադիր քաղաքական-հասարակական միավորումները (Հանուն Հայաստան պետության ճակատ, «Մերժիր Սերժին», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) հաստատում են, որ պայքարելու են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ձեր կարծիքով ի՞նչ օրակարգով և ինչպե՞ս է հնարավոր դա անել: Եվ կհաջողե՞ն արդյոք նման քաղաքական նպատակ հետապնդող ուժերը: Ո՞րն է, ի վերջո, հաղթանակի բանաձևը:

Քաղաքականությունն ուժերի հարաբերակցություն է: Քաղաքական պայքարում հաղթանակի հասնելու համար հարկավոր է ազդեցության համախումբ զորությամբ գերազանցել հակառակորդին:

Առհասարակ՝ հնարավոր են քանակի և որակի անհամար կոբինացիաներ:

Սակայն յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում լուծումների տարբերակները սահմանափակ են: Երբեմն՝ շատ սահմանափակ՝ մեկ-երկու տարբերակ:

Մեր պարագան այս վերջինն է:

Եվ մեր պարագայում լուծման միակ տարբերակը՝ հաղթանակի բանաձևը, հետևյալն է:

Գաղտնիք չէ, որ խնդիրը լուծողն, ի վերջո, ժողովուրդն է:

Բայց «ինչպես»-ի (խնդրի լուծման եղանակի, մեթոդի, գործիքարանի և այլն) և «ով»-ի (խնդիրը լուծող սուբյեկտի) որակական և քանակական հանգամանքները պարզելու համար նախ անհրաժեշտ է ձևակերպել խնդիրը: Դրա համար հարկավոր է ճիշտ գնահատել իրավիճակը և ըմբռնել այն կենսական շահերը (պահանջմունքները), որոնց բավարարման համար մենք պետք է ունենանք ազգային կազմակերպվածք – պետություն և ապրենք դրա միջոցով:

Ամեն ազգ համակարգ է, օրգանիզմ, և, որպես այդպիսին, ունի առաքելություն:

Առանց առաքելության և այն կյանքի կոչող գործառույթների՝ համակարգը քայքայվում է, իսկ նրա ենթահամակարգերը, բաղադրիչները և տարրերը ուրիշ համակարգերի մասեր են դառնում:

Մեր առաքելությունը վերաստանձնելու համար մենք պետք է վերատիրանանք դրա նյութական սուբստանցին՝ Հայկական բարձրավանդակին, ինչպես նաև վերածնենք Հոգևոր Հայրենիքը՝ առաքելությունից բխող և այն իրականացնելուն կոչված հոգևոր մշակութային համակարգը: Այսինքն՝ վերաշինենք մեր Հայրենիք-Տաճարը:

Մեր ազգային շահերը (պահանջմունքները), ահա, բխում են մեր առաքելությունից և թելադրված են նրանով:

Հիմա՝ իրավիճակի գնահատման մասին:

Մեր երկիրը գաղութացված է: 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Ռուսաստանը և Թուրքիան արձանագրեցին մեր 1-ին Հանրապետության նկատմամբ իրենց համատեղ ագրեսիայի ու զավթումների արդյունքները և ձևավորեցին տարածաշրջանային մի ճարտարապետություն, որը բացառում է մեր առաքելության վերաստանձնումը, Հայրենիք–Տաճարի վերաշինումը: Այս ճարտարապետության մեջ մենք չենք կարող սուբյեկտ ու գործոն դառնալ, չենք կարող ինքնուրույն լինել, ունենալ ազգային պետություն և տեր կանգնել մեր ճակատագրին:

Մեր առաքելությունը վերաստանձնելու, մեր էությանն ու ինքնությանը համապատասխան կյանք սկսելու համար մենք պետք է առնվազն տիրապետենք Հայրենիք-Հայքի գոնե մեկ բաղադրիչին՝ բնական սահմաններ ունեցող և աշխարհաքաղաքական գործընթացներին մաս կազմելու տարածքային-հաղորդակցային նվազագույն հնարավորություն պարունակող մի միավորին, որտեղ կարող ենք ամփոփվել, համախմբվել, ապրել ու արարել:

Քարտեզին նայելով դժվար չէ հասկանալ, որ Հայրենիք-Հայքի այն նվազագույն միավորը, որ կարող է մեկնակետ դառնալ մեր ընթացքի համար, Կուր-Արաքսյան միջակայքն է:

Մինչդեռ այսօրվա Հայաստան պետությունը ոչ միայն հեռու է այս նվազագույն պայմանը բավարարելու հնարավորությունից, այլև չի ցանկանում ստեղծել այդպիսի հնարավորություն:

Պատճառը շատ պարզ է: Գոյություն ունեցող, այսպես կոչված, 3-րդ Հանրապետությունը հիմնված է տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետությունը և այն երաշխավորող ռուսական գաղութատիրությունը սպասարկող իրավաքաղաքական հայեցակարգի (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր, ԽՍՀՄ պայմանագիր, ԱՊՀ համաձայնագիր, Խորհրդային Հայաստանի տարածքով անկախություն, Արցախի «անկախություն», Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցություն, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն) վրա: Եվ ունի ըստ այդմ ստեղծված ու գործող քաղաքական վերնախավ՝ իշխանական, թե ընդդիմադիր, նույն սանրի կտավն են:

 3-րդ Հանրապետություն կոչեցյալը ոչ թե 1-ին Հանրապետության, այլ Խորհրդային Հայաստանի ժառանգորդն է:

Բնավ պատահական չէ, որ 3-րդի ճարտարապետները ժողովրդին խաբելով մերժեցին Արցախը Հայաստանին վերամիավորելու մոտեցումը և գնացին Արցախի «անկախության» ճանապարհով: Արցախը, որպես ազատագրված հայկական միավոր, չի տեղավորվում ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետության մեջ: Ավելին՝ քանդում է այն:

Ուստի 3-րդի իրարահաջորդ ռեժիմները կրակն են ընկել Արցախի գոյության և Հայկական բանակի առկայության հանգամանքների ձեռքը, քանի որ այս երկուսն էլ խանգարում են ամբողջությամբ վերադառնալ ելման դրություն՝ Արցախը հանձնել Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանն այնտեղ զորքեր տեղակայի, ապա իր զորքերով հանդերձ վերադարձնի Ադրբեջանին՝ այդպիսով վերականգնելով Ադրբեջանի նկատմամբ իր ազդեցությունը, ինչպես նաև վերամբողջացնելով Իրանի վրա ներգործելու իր լծակը:

Թուրքիան լավ վիճակում չէ, ուստի ստիպված է նորից հրաժարվել դեպի արևելք իր ծավալապաշտական նկրտումներից և համաձայնել մեկ դար առաջ ձևավորված ճարտարապետությունը վերականգնելուն:

Ադրբեջանը նույնպես ստիպված է հաշտվել այս հեռանկարի հետ, քանի որ տարածաշրջանի ճարտարապետության փոփոխության շնորհիվ «բիր, իքի, Կավկազ րիզիմդի» (մեկ, երկու, Կովկասը մերն է) անելու գայթակղությունը թեև մեծ է, և դրա փորձերն ամենայն հավանականությամբ կանի, սակայն հասկանում է, որ ռուս-թուրքական հաշվեկշռից դուրս գալու դեպքում չի կարող գոյատևել:

Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետությունը, դրա շրջանակում՝ Արցախի «անկախությունը», այդ ճարտարապետության և նրա վրա հիմնված և նրան սպասարկող 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, ինչպես նաև 3-րդի քաղաքական ինստիտուտները, քաղաքական վերնախավը և քաղաքական հարաբերությունների համակարգն առհասարակ, համատեղելի չեն մեր առաքելության, նույնիսկ՝ մեր պարզ գոյության ապահովման հետ:

Մինչդեռ, բացի Հիմնադիր Խորհրդարանից և Սասնա Ծռերից, բոլոր քաղաքական ուժերն առ այսօր չեն մերժում 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, չեն մերժում դրանով սնվող ու գոյատևող գաղութատիրությունը՝ որպես աշխարհաքաղաքական համակարգ, այլ լավագույն դեպքում ընդամենը խոսում են 3-րդ Հանրապետության հայեցակարգով ու տարածքով Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը վերացնելու և նրա ինքնիշխանությունը վերականգնելու մասին:

Նույնն է, թե բանտում մնալով՝ փորձես ազատության մեջ լինել:

Որպես արդյունք՝ տեղապտույտ է, չըմբռնված ու ամբողջականորեն չձևակերպված խնդիր, ուստի՝ «ինչպես»-ի և «ով»-ի (տվյալ դեպքում՝ կառավարման օղակի, այսինքն՝ խնդիրը լուծող ժողովրդին կազմակերպող և առաջնորդող քաղաքական ուժի) քանակական ու որակական չափանիշների, ռազմավարության ու մարտավարության կիսատ-պռատություն և շփոթ:

Բնական է, որ նման պայմաններում հնարավոր չէ խնդիրը լուծել:

Իսկ խնդիրը ազգային առաքելությանը ծառայող քաղաքական կազմակերպվածք՝ Հայրենիք-Տաճար ստեղծելն է, ինչի համար նախ հարկավոր է հրաժարվել խնդրի լուծումը բացառող 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից, որդեգրել առաքելությանը միտված իրավաքաղաքական հայեցակարգ՝ դրա առաջին դրույթը սահմանելով ապագաղութացումը և միայն այս ամենի համատեքստում ու որպես այն ապահովող առաջին քայլ՝ նկատի ունենալ Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախմբին հեռացնելը:

Ազգը բնահանճար է և իր գերբանականությամբ հստակ պատկերացնում է իր առաքելությունն ու պատրաստ է իրականացնելու այն:

Ընդամենը անհրաժեշտ է ներդաշնակ լինել նրան և քայլել նրան ընդառաջ:

Միայն այդպես կարող է ազգային իղձը զարթնել որպես նպատակ և ծնել համաժողովրդական ընդգրկմամբ գործընթացներ:

Ժողովուրդն արդեն հասկացել է, որ 3-րդ Հանրապետությունն իր տունը չէ, այլևս հույս չի կապում նրա հետ, ուստի պետք չէ զարմանալ, թե ինչու նրա հայեցակարգի համատեքստում ոտքի չի կանգնում:

Հարկ է սակայն նկատի ունենալ, որ արթնացման և ներգրավման գործընթացը չի կարող միանգամից տեղի ունենալ:

Մարմինը «սառած է», այն հարկավոր է «տաքացնել»:

Այստեղ է, որ պետք է նորից անդրադառնանք «ինչպես»-ի և «ով»-ի (քաղաքական առաջնորդության) հարցերին:

«Ինչպես»-ի հարցն իրականում շատ պարզ է, և դրա հաստատումը տեսանք Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ: Այսինքն՝ ապստամբություն: Քաղաքացիական անհնազանդությունը, հանրահավաքներն ու երթերը պետք է զուգադրվեն ապստամբության հետ, լինեն նրա բովանդակությամբ ու նպատակայնությամբ: Միայն հանրահավաքներով կամ փողոց ու շենք շրջափակելով գործը գլուխ չի գա: Գործող համակարգը հիմնված է բռնության վրա, ուստի հարկավոր է փշրել նրա ատամները: Իրականում համակարգը շատ թույլ է, Սասնա Ծռերի ապստամբությունն արդեն կտրել է նրա կյանքի թելը, երկրորդ հարվածին նա չի դիմանալու:

Շատ կարևոր է «ով»-ի՝ գործընթացը կազմակերպելու հայտ ներկայացնող առաջնորդ ուժի որակը: Նրա անդամները պետք է զոհապատրաստ նվիրյալներ լինեն: Մարդիկ, որ պատրաստ են ոչ միայն իրենց, այլև իրենց զավակների կյանքը դնել ազատության և ազգային առաքելության զոհասեղանին: «Ստացվեց լավ, չստացվեց, դե ի՞նչ արած», կամ՝ «չստացվեց՝ կարտագաղթեմ» հոգեվիճակում գտնվող մարդիկ չեն կարող Հայի առաքելության շարժում առաջնորդել: Ժողովուրդը տեսնում և ճանաչում է հարթակի վրա կանգնածի հոգին: Շատ կարևոր են ոչ միայն «ինչ»-ը «ինչով» (3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը և դրա վրա հիմնված գաղութային քվազիպետական համակարգը ազգային առաքելությանը միտված Կուր-Արաքսյան հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգով և պետության համակարգով) փոխարինելու, «ինչպես»-ի (ապստամբություն և համաժողովրդական ընդվզում), առաջնորդող ուժի (զոհապատրաստ նվիրյալներ) հարցերը, այլև, ցավոք սրտի, կոնկրետ Սերժ Սարգսյանին փոխարինող կոնկրետ անձին, առաջնորդին ցույց տալու հարցը:

Ցավոք սրտի, որովհետև մեր հասարակությունն ապահասարակայնացվել է, հեռացել է իր բազմադարյա ազգային-քաղաքական մշակույթի արժեքներից ու չափանիշներից և ներկայիս պայմաններում կողմնորոշվում է ոչ թե առաջնորդող գաղափարով, այլ առաջնորդի կերպարով: Ժամանակ և պայմաններ են պետք վերականգնվելու համար: Այսօր ժամանակը սուղ է, և պայմաններ չկան, հարկավոր է եղածով խնդիրը լուծել:

Մինչ օրս այս հանգամանքով է պայմանավորված այն երևույթը, որ նախագահական ընտրությունների առիթն է մոբիլիզացնում ժողովրդին:

Սակայն համակարգն արդեն ներքուստ մերժած ժողովուրդը, մանավանդ, երբ չկա այլևս պատեհ առիթ, նա չի մոբիլիզացվելու համակարգի ներսում՝ ընդամենը դրա առաջնորդին դեմ լինելու և նրան նույն համակարգի մի նոր առաջնորդով փոխարինելու նպատակով:

Կա զարգացում, որակական մի նոր իրավիճակ, որը թեկուզ ցանկալի մակարդակին չի հասել, բայց քայլ առաջ է:

Եվ այս նոր իրավիճակում ժողովուրդն ուզում է տեսնել նոր համակարգի նոր առաջնորդին, որը պետք է փոխարինի առկա համակարգի առկա առաջնորդին՝ Սերժ Սարգսյանին:

Նոր առաջնորդը, ըստ հանրային ակնկալիքի, պետք է լինի նոր համակարգի մարմնացումը, ինչպես որ Սերժ Սարգսյանն է առկա համակարգի մարմնացումը: Որքան այս վերջինը մերժելի է, նույնքան առաջինը պետք է ընդունելի լինի:

Դժվար չէ տեսնել, թե հայտնի քաղաքական գործիչներից ով է առավել ամբողջական կերպով մարմնավորում մեր ազգային առաքելությունը և նրան միտված համակարգ-պետության իղձն ու պատկերացումը:

Այդ բացառիկ նվիրյալը Ժիրայր Սեֆիլյանն է: Շատ դրական է, անշուշտ, որ Ժիրայր Սեֆիլյանն անձամբ հեռու է իշխելու հակումներից: Նրա էության ու բնավորության այն առանցքային գիծը, որ նա մշտապես փնտրում է լավագույններին և ամեն ինչ պատրաստ է անել, որպեսզի նրանք իրենից առաջ անցնեն, համակարգաստեղծ նշանակություն ունի հետագայում ժողովրդավարությունը երաշխավորած լինելու համար:

Որևէ ուժ, եթե կամենում է արդյունքի հասնել, պետք է չանտեսի այս հանգամանքը և ցույց տա Ժիրայր Սեֆիլյանին որպես Սերժ Սարգսյանի ու նրա ապազգային համակարգի այլընտրանք։

Վերջերս ակտիվացել են ահազանգերը, թե Թուրքիայի կողմից կարող է հարձակում լինել: Նշում են նաև հավանական ուղղությունը՝ Նախիջևան: Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս կա այսօր նման իրական վտանգ, և կապ ունի՞ արդյոք դրա հետ իշխանական աղբյուրների տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանի օրոք Նախիջևանի տարածքում մենք 20.000 հա ձեռքբերում ենք ունեցել:

«Թուրքական վտանգի» վերաբերյալ օրեր առաջ հանդես եմ եկել առանձին հոդվածով (http://galatv.am/hy/news/223791/):

Չկա զուտ թուրքական վտանգ, այլ կա ռուս-թուրքական վտանգ:

Ռուսաստանը և Թուրքիան հնարավոր ամեն ինչ անելու են, որ պահպանվի 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը: Իսկ դա բացառում է մեր պետականության և ապագայում՝ նաև Հայրենիքի այս վերջին կտորի վրա լինելու հնարավորությունը:

Պարզապես նրանք ստոր խաղ են խաղում մեզ հետ, որի մեջ Ռուսաստանը «բարի», իսկ Թուրքիան «չար» ոստիկան է:

«Թուրքական» վտանգի մասին ահազանգողներն այդ խաղն են սպասարկում: Այո, կա ռուս-թուրքական իրական վտանգ: Մենք պետք է դիմակայենք իրական և ամբողջական ռուս-թուրքական վտանգին, ինչի մասին հանգամանալից անդրադարձ կա նշածս հոդվածում:

Ինչ վերավերում է Սերժ Սարգսյանի օրոք Նախիջևանի տարածքում հայկական կողմից իբրև թե 20.000 հա տարածք ձեռք բերելու տեղեկությանը, ապա այո, կարծում եմ, այն առնվազն մասամբ կապ ունի «թուրքական» վտանգի մասին քարոզչության հետ:

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին դրդել, որ նա Թուրքիայի երևացող աջակցությամբ Նախիջևանի տարածքից հարված հասցնի Հայաստանին, որպեսզի մեկ դար առաջ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը վերականգնվի հնարավորինս ռուսական խմբագրմամբ:

Թուրքական վտանգի չափազանցված ընկալումը լավ դաշնակից կարող է դառնալ Ռուսաստանի համար՝ օգնելով նրան լեգիտիմացնել Հայկական բանակի՝ Նախիջևանի և Թուրքիայի դեմ տեղակայված զորամիավորումների ռազմավարական կառավարման յուրացումը և խափանելու Հայկական կողմի ինքնուրույն գործողությունները, հատկապես՝ Նոր Սարդարապատի հավանականությունը:

Իսկ 20.000 հա հողատարածք ձեռք բերելու կեղծիքն արագ բացահայտվեց: Մամուլում եղան հրապարակումներ, որ 2014թ. հայկական կողմը պարզապես ՀՀ պաշտոնական տարածքում առաջ է տարել մարտական դիրքերը և նոր դիրքեր է տեղակայել մինչ այդ չեզոք գոտում գտնվող իր տարածքի բարձունքում: Այս կեղծիքի հրապարակումը գլխավորապես Սերժ Սարգսյանի գովաբանական քարոզի համար արվեց, սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ հնարավոր չեղավ մի դրական բան վերագրել այդ մարդուն: Այդպիսի փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ Ս. Սարգսյանն ամենայն դրականի հականիշն է:

Ճգնաժամը, քայքայումն ու անկումային գործընթացները ոչ միայն կանգ չեն առնում, այլև շարունակում են ծավալվել ու խորանալ:

Նույն Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեցին 10 տարի հինգ ամիս ժամկետով ազատազրկման, Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար Հայաստանում հերթեր են գոյանում, իսկ երիտասարդությունը, որ պետք է առաջինը ընդվզեր ու արձագանքեր այս ամենին, առայժմ գոնե արտաքուստ շատ պասիվ է: Ըստ Ձեզ, արդյո՞ք կշտկվի իրավիճակը, և վերջապես, կլինե՞ն ցանկալի փոփոխություններ:

Ճգնաժամը կշարունակվի, քանի դեռ նախորդ հարցի պատասխանում նշվածին համապատասխան ազգային-ազատագրական շարժում չի կազմակերպվելու և չի ստեղծվելու ազգային առաքելությանը հետամուտ կազմակերպվածք-պետություն:

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ առկա համակարգը դեռևս կարողանում է առանց հիմքի լկտի հաշվեհարդարի դիմել, ազատազրկման վայրերը քաղբանտարկյալներով լցնել, ժողովրդին անտարբերության և մոլորության մեջ պահել, իսկ առավել հուսալքվածներին ու մոլորվածներին երկիրը գաղութացնող ու կեղեքող կայսրության մոլեռանդ ջատագովներ դարձնել միայն այն պատճառով, որ ժողովուրդն ամբողջությամբ չի գիտակցում իր արժեքը, իր առաքելությունը, Հայրենիք և պետություն ունենալու կենսական անհրաժեշտությունը:

Ժողովուրդն օտարացել է ինքն իրենից, իր Հայրենիքից ու ճակատագրից:

Սակայն ժողովուրդն ինքնակազդուրվելու անսահման ներուժ ունի, որի հիմնական կրողը նրա երիտասարդությունն է:

3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից ձերբազատվելու պահանջի և ազգային առաքելության արդիականորեն վերաիմաստավորված մատուցումը, այն ստանձնելու իրավունքի ու պատասխանատվության ներարկումը անճանաչելիորեն կվերափոխեն մեր երիտասարդությանը:

Հարկավոր է համահունչ լինել նրա մաքուր սրտին և ապավինել նրա առաջադեմ մտքին ու կենսական եռանդին, և մենք կտեսնենք, թե ինչ թռիչքի ու սխրանքի է ունակ մեր լուսավոր երիտասարդությունը:

Այդ ժամանակ անխուսափելիորեն կլինեն ցանկալի փոփոխություններ:

Եվ միայն այդպե՛ս կլինեն:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝