ՀՀ պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» պանթեոնում

1 (1)

Ապրիլի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողների հիշատակին։

Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ գլխավոր շտաբի պետը մասնակցել են զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ անցկացված հոգեհանգստի կարգին, ծաղիկներ խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: «Բանակաշինությունը պետականաշինության նման անընդհատ գործընթաց է։ Մարդիկ, ովքեր համարում են, որ ամեն ինչ կատարել են ներկայիս փուլի համար, պետք է նոր մտքերով ու գաղափարներով ճանապարհ հարթեն գործընթացի շարունակության համար։ Կարծում եմ, մեր բանակաշինությունը բացառիկ պատմություն է։ Այն պետական կառույցի և հաղթական բանակի ձևավորման պատմություն է։ Որքան էլ ապրիլյան դեպքերը ցավալի ու ողբերգական հետևանքներ ունեցան մեր հայրենակիցների կորստի առումով, երկիրը պաշտպանելու այլ ձև աշխարհի որևէ երկրի բանակ դեռևս ի հայտ չի բերել։ Զինվորական ծառայությունը միշտ էլ կապված է վտանգի, զոհողության, կյանքի գնով անգամ երկիրը պաշտպանելու գաղափարի հետ։ Կարծում եմ, մենք հասկացել ենք, որ երկրի պաշտպանությունը ողջ երկրի, պետական համակարգի, հասարակության կենսակերպ է, և կարծում եմ, որ դա է մեր հետագա քայլերի առանցքը, բոլոր այն ծրագրերի ու նպատակների, որոնք պետք է կյանքի կոչենք, որպեսզի որպես «Ազգ-բանակ» պատրաստ լինենք պաշտպանելու մեր երկիրն ու պետությունը, մեր քաղաքակրթությունը, այն հսկայական ժառանգությունը, որը, որպես ժողովուրդ, ունենք հազարամյակների ընթացքում։ Մենք շատ հետևողական աշխատել և աշխատելու ենք մեր մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, մեր բանակի համբավը այն մակարդակի վրա պահելու համար, որով դուրս ենք եկել ղարաբաղյան պատերազմից, և կարծում եմ, մենք պետք է մշտապես ի վիճակի լինենք լուծելու խնդիրներ, որոնք կարող են ի հայտ գալ 21-րդ դարի շատ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում»,-նշել է Վիգեն Սարգսյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ևս խոսել է ապրիլյան քառօրյա մարտերի և բանակի մարտունակության մասին: «Ապրիլյան պատերազմը բանակի համար մեծ դաս ու փորձառություն էր հակառակորդի հավանական գործողություններին ու նոր սպառազինության կիրառմանը դիմագրավելու համար համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ։ Այս երկու տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել ապրիլյան գործողությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրների շտկման ուղղությամբ։ Հակառակորդն այլևս նմանատիպ ռազմական գործողություն ի վիճակի չի իրականացնել։ Չի նշանակում, որ դա բավարար է, բանակն ու պատերազմն այնպիսի երևույթներ են, որ անդադար նոր մեթոդներ են փնտրում հակառակորդի հանդեպ գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներ ենք իրականացնում նաև այդ ուղղությամբ»,-ասել է Մովսես Հակոբյանը:

Դիտվել է՝