Ապրիլյան պատերազմը. երկու տարի անց

zinvor

Այսօր ապրիլի 2-ն է: Երկու տարի առաջ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց, որ հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ՝ օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Հաղորդվում էր նաև, որ հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ և տեղի են ունենում թեժ բախումներ:

 

Սրան հաջորդեց ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը, որն ավելի շատ հիշեցնում էր կոչ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ կասեցնել Ադրբեջանի գործողությունները:

Հայաստանի պաշտոնական գերատեսչությունը հաղորդեց, որ հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:

Պաշտոնական տեղեկություններ տարածվեցին առաջին զոհերի ու վիրավորների մասին, զուգահեռ հայտարարություն տարածվեց, որ տեղահանությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Նույն օրը երեկոյան Ս. Սարգսյանը հրավիրեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Հայտարարեց՝ հայկական կողմն ունի 18 զոհ և 35-ին մոտ վիրավոր:

Այդ ժամանակ էր նաև, որ Ս. Սարգսյանը հանձնարարեց համագործակցել ԼՂ արտգործնախարարության հետ և կնքել ռազմական փոխօգնության պայմանագիր:

Օր երկրորդ՝ ապրիլի 3

Առավոտյան ժամը 06:00-ից սկսած առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:

Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում:

 

Այդ օրը խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի ուղղությամբ Ադրբեջանը կրակում է «Գրադ» կայանքից:

ԼՂ կողմը պաշտպանական գործողություններ է իրականացնում, հենց պատերազմի երկրորդ օրը ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:

Ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածում, որ պատրաստ է և գնում է մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու քայլին: Զուգահեռ ԼՂ պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում:

Ապրիլի 3-ից սկսվում է կամավորների հոսքը դեպի Արցախ: Հայ զինվորի կողքին գտնվելու պատրաստակամություն ցուցաբերող անձինք ավտոբուսներով շարժվում են դեպի Արցախ:

Օր երրորդ ՝ ապրիլի 4

Վաղ առավոտյան ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուրեր է տարածում՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.

«Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն՝ ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին»:

Իսկ ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունը զգուշացնում է Հասանովին ու իր գերագույնին՝ պատրաստ լինել ցավոտ զարգացումների:

Նույն օրը երեկոյան Ս. Սարգսյանը հանդիպում է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններիհետ:

Հայտարարում է՝ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ս. Սարգսյանը հայտարարում է. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»:

Սակայն նույն օրը երեկոյան Կրեմլը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում է՝ հրադադարի ռեժիմին վերադառնալը հիմա առաջնահերթ խնդիր է:

Պաշտոնական լրահոսը հաղորդում է նաև, որ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցը կայացել է ՌԴ նախագահի նախաձեռնությամբ:

ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը արձակում է «Կանգ առ» հրամանը:

Քառօրյա պատերազմից հետո հայ հանրության մոտ բարձրանում է դժգոհության մեծ ալիք, հայկական կողմն արձանագրում է, որ ունի հարյուրից ավելի զոհեր, 800 հա հողային կորուստ:

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Ս. Սարգսյանը կանցլեր Անգելա Մերկելի հետ մամլո ասուլիսի ժամանակ ամփոփում է արցախյան քառօրյա պատերազմը՝ հայտարարելով՝ հայկական կողմը կռվել է 80-ականների զենքերով:

Ապրիլի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Վիեննայից հետ վերադառնալիս ինքնաթիռում Ս. Սարգսյանը հայտարարեց, որ ինքը գոհ է հանդիպումից: Ս. Սարգսյանն առաջին անգամ խոսում է նաև կորցրած տարածքների մասին՝ որակելով դրանք որպես անպետք, ռազմավարական նշանակություն չունեցող տարածքներ, որոնք գտնվում էին անվտանգության գոտում:

Պատերազմից մեկ տարի անց գործող իշխանությունը որոշեց այդ օրը նշանակել խորհրդարանական ընտրությունների օր: Դժգոհության ֆոնին Ս. Սարգսյանը խոստացավ վերանայել ընտրությունների նշանակման օրը, բայց, այնուամենայնիվ, անփոփոխ թողեց:

Իսկ քարոզարշավի ընթացքում դարձյալ անդրադարձավ ապրիլյան պատերազմի թեմային: Նա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 20-րդ օրը հայտնվեց քարոզչական բեմահարթակին՝ Արցախում:

Խոսելով զինվորականների, զինծառայողների ու նրանց հարազատների առջև՝ Ս. Սարգսյանը հայտարարեց. «Ոչ ոք չգիտի, թե յուրաքանչյուրի մահն ինչպես եմ վերապրել։ Ես՝ գերագույն գլխավոր հրամանատարս, յուրաքանչյուր հերոսի հետ վերապրել եմ իր ողջ կյանքը և առավոտյան սառը հայացքով հակահարվածի նոր հրաման եմ տվել»:

Ս. Սարգսյանն անդրադարձավ «անպետք, անմշակ և ռազմավարական նշանակություն չունեցող» 800 հա հողակտորին՝ արդարանալով, որ ինքն այնքան ուժեղ է գտնվել, որ «կանգնելու» հրաման է տվել.

«Անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ»:

Այնուհետ ՀՀԿ քարոզչության ավարտին Ս. Սարգսյանը դարձյալ հիշեց ապրիլյան պատերազմը՝ հայտարարելով՝ այն, որ ապրիլի 2-ին ընտրություններ են, որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝