«Դա գալ, հավաքվել, տուն գնալու հանրահավաք չի լինելու. մենք կկատարենք կոնկրետ գործողություններ». Ն. Փաշինյան

29852948_1003231736493362_370511057_n

Գյումրիից մեկնարկած «Իմ քայլը» քայլարշավի մասնակիցները Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի մոտ ցուրտ պայմաններում գիշեր անցկացնելուց հետո արդեն Լոռու մարզում են, եւ հերթական գիշերը, ինչպես նշեցին քայլերթի մասնակիցները, կանցկացնեն Սպիտակի Կաթնաջուր համայնքի մերձակա տարածքում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած քայլերթի մասնակիցները, ինչպես հայտնի է, Գյումրուց մինչև Երևան անցնելով 195 կմ, կատարելով շուրջ 300 հազար քայլ, ապրիլի 13-ին հասնելու են Ազատության հրապարակ, որտեղ էլ  տեղի կունենա հանրահավաք:

Իսկ այս քայլարշավով, որին միացել են նաև տարբեր համայնքների բնակիչներ, իրազեկում են ճանապարհին հանդիպող մարդկանց, որ պայքարում են՝ կասեցնելու Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարումը և բոլորին հրավիրում են Ազատության հրապարակ:

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշում է, թե այս գործընթացի նկատմամբ զգուշավոր լավատեսություն կա, արձագանքը մեծ է: Իշխանությունը շարունակաբար փորձում է  քաղաքացուն անվստահություն ներշնչել իր իսկ ուժերի նկատմամբ, իրենք ճիշտ հակառակն են անում, պնդում են՝ որոշիչ դերը ՀՀ քաղաքացունն է:

«Բազմաթիվ քաղաքացիներ են կանգնեցնում ու ասում են, որ ապրիլի 13-ին ժամը 18:30-ին լինելու են Ազատության հրապարակում: Մենք հույս ունենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր քայլը կանի»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքերով՝ ապրիլի 13-ից մեկնարկում է գործողությունների հաջորդ փուլը՝ շուրջօրյա հանրահավաքներ, անհնազանդության տարբեր ձևեր՝ կախված իրավիճակից:

«Այդ հանրահավաքն ամսի 13-ին չի ավարտվելու, մինչև ապրիլի 18-ը շուրջօրյա հավաքների իրազեկում ենք իրականացրել, կախված իրավիճակից մենք որոշում կկայացնենք հետագայի համար, դա գալ, հավաքվել, տուն գնալու հանրահավաք չի լինելու, մենք պետք է կոնսոլիդացնենք մեր ուժերը, ու կախված նրանից, թե ինչ ուժեր կկոնսոլիդացնենք, կկատարենք կոնկրետ գործողություններ: Մենք վարելու ենք բաց ձեռքերի քաղաքականություն, և մենք բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու, մենք քաղաքացիական անհնազանդության ձևեր ենք որդեգրելու, և մենք մեզ վրա բերված ոստիկանների նկատմամբ որեւէ ատելության և թշնամանքի դրսևորում չենք ունենալու, մենք նրանց նույնպես համարում ենք այս արշավի շահառու»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ գործողությունների ծրագիրը կախված կլինի  քաղաքացիների մասնակցությունից եւ ակտիվությունից: Եթե անգամ շատ քիչ մարդ փողոց դուրս գա, միևնույն է, այլ ծրագրով հանդես կգան:

«Մեր վերջնական նպատակը հետևյալն է. ժողովրդով գնալ Բաղրամյան պողոտա, ի ցույց դնել ժողովրդի կամքը, որ նրանք դեմ են արտահայտվում ու ասւոմ են, որ համաձայն չեն Ս. Սարգսյանի երրորդ ժամկետի հետ, ու իրենց ներկայությամբ եկել են կասեցնելու Ս. Սարգսյանի ուխտադրժությունը: Ես իրենց զգացողությունների դաշտ չեմ մտնում, մենք մեր զգացողություններն ունենք, այդ զգացողություններով գնում ենք առաջ, ու ինչպես մեր երգում է ասվում, մեր կամքն ամուր է քարից և մեր ոգին հանձնվել չգիտի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:29855243_1003231729826696_1730639822_n 29920263_1003231719826697_1765620239_n 30007507_1003231726493363_753526690_n 29855181_1003231723160030_736527937_n 29919938_1003231716493364_283377233_n 29855818_1003231733160029_1603070809_n

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝