Ս. Հարության ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

1 (11)

Մարտի  31-ին՝ Ավագ շաբաթ օրը՝ երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը:

Մինչ Ս․ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ կարդացին Դանիել մարգարեի թուղթը:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ: Անդրադառնալով մեր կյանքերում Ս. Հարության նպատակին՝ Փառեն Սրբազանը հավելեց.«Ս.Հարությունը ներկայացվում է՝ որպես մահվան դեմ հաղթանակի տոնակատարություն: Այն մեր Տիրոջ հաղթանակն է ընդդեմ մահվան, քրիստոնեական կյանքի առանցքն ու էությունն է, ինչպես նաև մեր անձերի հարության կարելիությունն է հանդիսանում: Երբ Աստված մարդուն ստեղծեց, նրան օժտեց հավիտենական կյանքի կարելիությամբ, մարդուն տվեց ընտրելու կարողություն՝ դառնալու Աստծո կամքի գործածողը կամ էլ Աստծո կամքին ընդդիմացողը: Մարդը, հակառակվելով Աստծո կամքին, ընտրեց իր կարգավիճակը, նա մահվան դատապարտվեց, ինչպես Հին Կտակարանում ենք տեսնում: Սակայն, Ս. Հարությունը հնարավորություն է տալիս ապաշխարելու և վերադառնալու իր նախկին կարգավիճակին:…Մարդիկ իրենց կամքով հակադրվել էին Աստծո կամքին, ուստի, ի լրումն ժամանակի, Աստված ուղարկեց Իր վերջին պատագամաբերին՝ Իր Միածին Որդուն, որպեսզի աշխարհը փրկվի Նրանով: Նրա աշխարհգալուստը մարդու փրկության համար Աստծո՝ մարդու հանդեպ ունեցած սիրո ամենավերջին արտահայտությունն էր, բայց Քրիստոսի քարոզներն ու հրաշքները ծավալվելով հանդերձ, չհասան իրենց նպատակին:…Նույնիսկ եթե հրեա ժողովուրդն ամբողջությամբ դարձի գար և հետևեր Քրիստոսին, խաչելությունն անխուսփելիորեն անհրաժեշտ էր, խաչելության դրդապատճառը մարդկության մեղավորությունն ու սեփական կամքի ընտրությունն էր. մեղքը պատճառ դարձավ անկման և մարդկության մահանալուն, Աստված կարող էր միայն քավել մարդկության մեղքն Իր իսկ մահով, Իր իսկ հանձառությամբ, քանի որ մարդկության փրկության համար այլ միջոց չկար:…Մեր փրկությունն իրականանում է՝ հավատալով Քրիստոսի և Աստծո կամքի գործադրությամբ մեր կյանքերի ընթացքին: Նա, ով իր անձը սիրում է, ազատ է արձակում այն՝գործելով այնպես, ինչպես ինքն է կամենում, իսկ նա, ով իր անձն ատում է, իր նախասիրություններն է ստորադասում այս աշխարհում, հավիտենական կյանքի համար է պահում այն: 

Մարդը մեղանչական է ոչ մեկս ապահովագրված չենք օրվա մեջ նույնիսկ հարյուր անգամ մեղանչելուց, անձնասիրությունը մարդու նկարագիրն է և մարդը մշտապես սայթաքում է, իր նախասիրություններն է ուզում գործածել: Այս իմաստով Քրիստոսի Ս. Հարությունը մեզ ավետում է, որ մարդուն ընձեռված է կարելիությունը փրկության Քրիստոսի խաչելությամբ և մահվամբ: Նա պետք է մահանար, որպեսզի Իր մահվամբ քավեր մարդկության մեղքը՝ վերականգնելով այն իր եդեմական վիճակով հանդերձ:

Մենք վերականգնված ենք Աստծո շնորհքի մեջ, որովհետև Աստված այդպես կամեցավ մեզանից յուրաքանչյուրի համար, հաղթանակը, որ տարավ Քրիստոս մահվան դեմ նաև մեր հաղթանակն է, որովհետև Աստծո կամքին  հնազանդ ապրելով, մենք նույնպես պետք է հաղթական կանգնենք մահվան դեմ: Քրիստոսի հաղթական Հարությունը մահվան դեմ նաև անհատ քրիստոնյայի հաղթանակի տոնն է, մեզանից յուրաքանչյուրը դրա կարիքն ունի Քրիստոսի ինքնազոհողության միջոցով: Կյանքն առանց հարության հեռանկարի անիմաստ մի ճանապարհորդություն է տիեզերքում, մենք մեր կյանքերի ընթացքները պետք է այնպես դասավորենք, որ արժանի դառնանք այդ հաղթանակին»:

Հավարտ Ս. Պատարագի,  Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրանալով Ավագ Ս. Խորան, Ս․ Սեղանի կանթեղից վառեց Աստվածորդուն խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց հարկերից ներս տանելու Հարուցյալ Փրկչի կենդանարար լույսը:

Պատարագից հետո հոգևորականների թափորը Մայր Տաճարից առաջնորդվեց դեպի Հին Վեհարան, ուր կատարվեց նաև Ս. Հարության առաջին տնօրհնեքի արարողությունը:

1 (1) - копия 1 (6) 1 (7) 1 (9)

Դիտվել է՝