Սարգսյանն ընտրում է անխուսափելի դիմակայությունը հասարակության հետ

timthumb

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից օրեր առաջ ՀՀԿ-ն «սլաքների ճշտում» է անում խորհրդարանում երկրորդ ուժը համարվող ԲՀԿ-ի հետ՝ հիշեցնելով գոյություն ունեցող «ոչ ֆորմալ» կոալիցիայի մասին:

Սարգսյանի ուղերձը Գագիկ Ծառուկյանին հետևյալն է՝ ԲՀԿ-ն իրեն անհրաժեշտ է միայն որպես «կառուցողական ընդդիմություն»:

Զուգահեռ ԲՀԿ-ն արձագանքում է, որ ի գիտություն է ընդունում Ս. Սարգսյանի ուղերձը և կշարունակի հաճույք ստանալ՝ խաղալով իրեն վերապահված «ընդդիմության» տիրույթում:

Այս ամենը թերևս տեղավորվում է Ս. Սարգսյանի «կանխել ֆորս մաժորը» օպերացիայի տրամաբանության մեջ:

Եվ չնայած նրան, որ իշխանական քարոզչամեքենան այս օրերին ջանասիրաբար բացառում է Ս. Սարգսյանի անիշխանության օրերին վերնախավում վակուումի առաջացման հավանականությունը, դրանով իսկ ակնհայտորեն ի ցույց են դրվում իշխանության վախերն ու մտահոգությունները:

Սարգսյանը, ինչպես միշտ, իր ոճի մեջ է: Բայց արդյոք ներկլանային օրենքների, շանտաժի մեթոդների գործադրմամբ ներպալատական ինչ-ինչ օջախների հնարավոր ակտիվացումը կախնելը խնդրի ամբողջական լուծում է:

Դիմակայությունը կանխելու համար նախ և առաջ պետք է վերացնել կոնֆլիկտի սկզբնաղբյուրը: Իսկ Սարգսյանը բոլորովին այլ թիրախավորում է ընտրել՝ ընկնելով ներպալատական ինտրիգների հորձանուտը:

Խնդիրը Սարգսյան – հասարակություն հակասության մեջ է:

Անցած տասը տարիների ընթացքում նա համարժեք քայլեր չի կատարել, որոնք կտանեին այդ իրավիճակի մեղմման: Հասարակության հետ բանակցելու, ստեղծված անջրպետը վերացնելու մեթոդների փոխարեն նա գերադասել է հասարակությանն արհամարհելու ճանապարհը: Եվ հիմա Սարգսյանը, հանդիսանալով թեժացած հակամարտության գործուն կողմ, ակնհայտ առճակատման է գնում նույն այդ հասարակությանը՝ կրկնելով իշխանությունն ուժով զավթելու իր նախկին հաջողված փորձերը:

Կհաջողվի՞ դա նրան, թե՞ այս անգամ «սառը պատերազմը» կվերածվի արդեն կողմերի միջև լայնամասշտաբ գործողությունների: Համենայնդեպս հենց դա է փորձում կանխել Սարգսյանն՝ օգտագործելով իրեն բնորոշ մեթոդները:

Իսկ առճակատումը բացառելու միակ ճանապարհը հասարակության հետ խնդիրը լուծելն էր: Այդ հնարավորությունը Ս. Սարգսյանը բաց է թողել: Եվ վերադառնալ բանակցությունների նա այլևս չի կարող, նոր խոստումներ տալ կամ «ավանսով» իշխանություն ուզել հասարակությունից՝ ևս չի կարող:

Երկրորդ ճանապարհ ևս կար. իշխանությունից «սուսուփուս» հեռանալ: Սա հավանաբար Սարգսյանի համար օպտիմալ ճանապարհ կհամարվեր, եթե վստահ լիներ, որ իշխանությունը թողնելով՝ փակում է իր հետևից Սարգսյան – հասարակություն կոնֆլիկտի դարպասները: Բայց Սարգսյանն այս ամբողջ ընթացքում իշխանության հարատևության մարմաջով տարված՝ նույնիսկ ժառանգորդի հարց չի կարողացել լուծել, և քանի որ թերացել է այդ հարցում, համոզված է, որ իշխանության հանձնումն իր համար անհետևանք չի լինի:

Այդ իսկ պատճառով նա ընտրում է անխուսափելի դիմակայությունը հասարակության հետ:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝