Կիրականացվեն անհնազանդության գործողություններ, նախատեսվում է շրջափակել ԱԺ շենքը՝ վարչապետի ընտրություն թույլ չտալու համար

29943228_1002745559875313_2051119945_o

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու նրանց միացած քաղաքացիները Գյումրիից մեկնարկած քայլարշավի շրջանակներում քայլելով հասան ՇՄ Ջաջուռ համայնքի մոտակայք, որտեղ էլ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Հայտարարեց, թե իրենց առաքելությունը ՀՀ քաղաքացու հաղթանակի հնարավորությունը ստեղծելն է, ինչի համար կոնկրետ գործողությունների են գնալու՝ կասեցնելու համար Ս. Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարումը.

«Անսպասելիության էֆեկտն ենք փորձել ի ցույց դնել ու հույս ունենք, որ այն հուսահատության մթնոլորտը, որ այսօր ՀՀ-ում տիրում է, նույնպիսի անսպասելիությամբ էլ կճեղքվի, քանի որ մեր այս քայլը քայլ է ընդդեմ Ս. Սարգսյանի երրորդ ժամկետի, ընդդեմ ՀՀԿ-ի և քայլ է հանուն քաղաքացու հաղթանակի»,- նշեց նա:


Այս քայլարշավի նպատակն է, ինչպես Փաշինյանը նշեց, ՀՀ քաղաքացիների շրջանում վստահության ձևավորումը, որ կարող են դուրս գալ հրապարակ եւ իրենց ֆիզիկական ներկայությամբ թույլ չտալ Ս. Սարգսյանին հասնելու երրորդ ժամկետի պաշտոնավարման:

Քայլարշավի վերջին օրը, երբ հասնեն Ազատության հրապարակ, քաղաքացիների մասնակցությունից ու ակտիվությունից կախված՝ իրականացնելու են քաղաքացիական անհնազանդության գործողություններ. «Մենք պլանավորում ենք, քանի որ Ս. Սարգսյանը և ՀՀԿ-ն խզում են ՀՀ քաղաքացիների հետ կնքած պայմանագիրը, ՀՀ-ն տանում են ցնցումների ճանապարհով, ուրեմն ՀՀ քաղաքացին էլ պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր կամքը, գնալ, ֆիզիկապես թույլ չտալ Ս. Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում, պետք է այնքան մարդիկ հավաքվեն, որ մենք գնանք ու ԱԺ շենքը շրջափակենք բոլոր կողմերից, որ հնարավոր չլինի ներսում նիստ անցկացնել, իսկ եթե այլ լինի մարդկանց թիվը, այլ գործողություններ կանենք, չենք բացառում փողոցներում որոշակի ցույցեր, ընդ որում, նստացույց իրականացնել»,- նշեց նա:

 

Դիտվել է՝