«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

629008

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի նշվում է ապրիլի 1-ին:

«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից՝ Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց, փորձության ջրից, օձերի խայթոցներից,Կորխի ապստամբությունից  և զանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև Գաղգաղայում թլփատվելը և մանանայի պակասելը,  քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանաց հաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների:

Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:

 Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:

Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին: Այսօր վերին հրաբուն զորքերն ավետիս են տալիս երկրավորներին, որ Հիսուսի հարությամբ լուծարվեց մահկանացուների մահը:

Սա օր է Նոր Արարչության, որը ոչնչով չի զիջում այն օրվան, երբ երկիրն արարչագործվեց: Եթե այն օրն աշխարհը ոչնչից ստեղծվեց, ապա այսօր մեղքերով եղծվածը վերստին արարվեց՝ առավել հրաշափառ քան նախորդ անգամ: Քանզի այս հրաշալի օրը իրենում ունի պատկերն այն Մեծ Միաշաբաթի, երբ Տերը երկինքն ու երկիրը հաստատեց:

Այն աշխարհաստեղծ միաշաբաթին հալածվեց զգալի խավարը և ծագեց մեծապայծառ լույսը, իսկ այս միաշաբաթին հալածվեց անգիտության աղջամուղջը, որ ծավալվել էր երկրի վրա, և ամենուր սփռվեց ճշմարիտ աստվածգիտության լույսը: Քանզի Ճշմարիտ լույսը ծագեց խավար գերեզմանում և լուսավորեց խավարում նստածներիս:

Զատիկը շարժական տոն է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը:  

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։

Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։ Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝ պասկայով։ Հայերը նաեւ հավկթախաղեր են անցկացնում։

 

Դիտվել է՝