«Սերժ Սարգսյանին իշխանությունից կարող է հեռացնել իշխող շերտի մի որևէ կազմակերպված հատված»

image

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ:

-Պարոն Դանիելյան, օրերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի հեռանում քաղաքականությունից, և ակնարկեց, որ շարունակելու է պաշտոնավարել խորհրդարանական կառավարման Հայաստանում որպես վարչապետ: Սրան հակառակ՝ տարբեր խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժեր հանդես են գալիս «Մերժենք Սերժին» կարգախոսով և հայտարարել են, որ չեն թույլատրի իշխանության վերարտադրությունը: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինեն զարգացումներն ապրիլի 17-ից առաջ:

-Ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել։ Քաղաքականությունը գործընթաց է, իսկ նպատակներին հասնելու համար տեխնոլոգիաներ են կիրառում։ Սարգսյանը չի կարող հեռանալ իշխանությունից, որովհետև Հայաստանում իշխանության փոփոխման մեխանիզմները գոյություն չունեն, որովհետև չկա դրա ավանդույթը, չի գործում իրավական համակարգը, ինչպես նաև իշխանությունը կորցնելուց հետո ոչ ոքի անձնական անվտանգությունն ու սեփականության անձեռնմխելիությունն ապահովված չէ։ Սարգսյանը դեռևս չի կարողացել իշխանության ժառանգականության հարցը լուծել ու հենց դրա համար ինքը չի ցանկանում հեռանալ։ Ինչ վերաբերում է «Մերժենք Սերժին» շարժմանը, ապա այնտեղ ևս այդ հարցերի պատասխանները պետք է որոնեն՝ ինչ են անելու Սարգսյանի հեռացումից հետո։ Մի կողմ դնենք այն հարցը, թե ինչպես են հեռացնելու։

-Ս. Սարգսյանն ապրիլի 9-ին հանձնում է նախագահական աթոռը և ըստ պլանների ապրիլի 17-ին ստանձնելու է վարչապետի աթոռը: 7 օր Սարգսյանն ուղղակի լծակներ չի ունենալու: Ըստ Ձեզ՝ նա ի վիճակի կլինի՞ առանց ուղղակի լծակների իր ձեռքում պահելու իշխանությունը, թե՞, այնուամենայնիվ, անկանխատեսելի զարգացումները չեն բացառվում:

-Այդ օրերի ընթացքում Սարգսյանին իշխանությունից կարող է հեռացնել իշխող շերտի մի որևէ կազմակերպված հատված։ Նման բան կարծես թե չի նկատվում։

-Իշխանությունն այս օրերին «հանձնարարական է իջեցրել»՝ կանխել նաև «ֆորս մաժորը», իշխանությունը փորձում է «ֆորս մաժոր» փնտրել յուրայինների շարքերում՝ թերևս անտեսելով հասարակական գործոնը: Ի՞նչ եք կարծում, արդյոք կարելի է բացառել հասարակական գործոնը՝ որպես իշխանության վերարտադրության ճանապարհը փակող միջոց:

-Հասարակական գործոնի մասին մենք կկարողանայինք խոսել, եթե Հայաստանում լինեին կազմակերպված հասարակական ենթակառուցվածքներ, հանրային գիտակցություն, քաղաքական և ինտելեկտուալ լիդերներ։ Կարծում եմ՝ նման բան չկա, և իշխող շերտը ճիշտ է մտածում, որ մտահոգված է միմիայն ներիշխանական պուտչից։ Հանրությունն իրենց համար գոնե այս պահին վտանգավոր չէ։

-Ի՞նչ եք կարծում, արտաքին քաղաքական կենտրոնների համար Ս. Սարգսյանն անփոխարինելի՞ է որպես Հայաստանի ղեկավար, թե՞ ամեն դեպքում պայմանավորված ներքին գործոններով՝ դիրքորոշման փոփոխություն կլինի:

-Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքական ու տնտեսական վերնախավի հավասարակշռության կետն է՝ գոյություն ունեցող ստատուս քվոյի միակ երաշխավորը։ Այս պահին չկա մի որևէ այլ անձ, ում հետ նրանք կարողանան լուրջ հարցեր քննարկել։ Չկան նաև ազդեցիկ այլընտրանքային քաղաքական միավորներ, այնպես որ, նրանք չեն տեսնում Սարգսյանին որևէ այլընտրանքային քաղաքական նախագիծ, ում հետ կարողանային խորքային հարաբերություններ հաստատել։

 Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝