Հայրենիքը Մուկուչյանին, Սարգսյանին և էլի շատերին երբեք չի մոռանա

1111-n121859-1

Արդեն մի քանի օր անցել է Ս. Սարգսյանի վերջին պարգևատրումներից, և արդեն մի քանի օր անընդհատ փորձում եմ հասկանալ, թե Ս. Սարգսյանը հատկապես «պետական որ շահով է» առաջնորդվել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին առաջին աստիճանի մեդալով պարգևատրելու համար:

Այն, որ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ պարգևատրում է տարբեր լրագրողների, մշակույթի գործիչների, մանկավարժների, թերևս, կարող է լինել քննադատելի, քննարկելի, բայց ոչ այս աստիճան զարմանալի: Ճաշակի ու սուբյեկտիվիզմի հարց է: Պարգևատրողի տեսակյունից՝ պարգևատրվողները եղածների մեջ լավագույնն են:

Իսկ ԿԸՀ նախագահի պարգևատրումն իսկապես լուրջ խորհելու առիթ է տալիս: Ինձ, օրինակ, հետաքրքիր է՝ շա՞տ կտխրեր Մուկուչյանը, եթե Սերժ Սարգսյանը նրան ընդհանրապես չպարգևատրեր: Կա՞ էլի Հայաստանի նման մի երկիր, ուր գործող նախագահը «հայրենիքին մատուցած ծառայության» մեդալով պարգևատրում է ԿԸՀ նախագահին:

Պարզ լինելու համար նկատենք, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է «հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար»։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2 տեսակի մեդալ կա՝ 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի:

Համեմատության համար նշենք, որ Հայոց բանակի տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանն այդ մեդալով պարգևատրել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանին: Սակայն Հակոբյանին պարգևատրել է երկրորդ աստիճանի մեդալով, Մուկուչյանին՝ առաջին:

Ո՞րն է եղել Մուկուչյանի ծառայությունը հայրենիքին: Եթե անգամ ընդունեինք, որ նա անթերի ու գերազանց է աշխատել ԿԸՀ նախագահի պաշտոնում, ապա նա իր գործն է արել, ի՞նչ խոսք կարող է լինել «հայրենիքին ծառայելու» մասին:

Հենց այստեղ է խնդիրը. Սերժ Սարգսյանն իշխանական նեղ խմբակը հերթական անգամ շփոթում է հայրենիքի հետ: Եվ ամեն անգամ ապահովելով իր բարօրությունը՝ իրեն թվում է, թե ապահովում է հայրենիքի բարօրությունը, ապահովելով իր վերարտադրությունը՝ լավություն է անում հայրենիքին:

Հայրենիքն իրականում շատ վեհ հասկացություն է, պարզապես իշխանությունները տարիներ շարունակ գործելով փորձված ձեռագրով՝ մի տեսակ նսեմացրել են հայրենիքի գաղափարը՝ հասարակության մի որոշ մասի մոտ ևս ստեղծելով այն թյուր տպավորությունը, որ հայրենիքն իշխող խմբակն է:

Մուկուչյանին այս տարիների ընթացքում հաջողվել է հնազանդորեն ծառայել միայն գործող վարչախմբին: Այդ իմաստով նա թերևս արժանի է պարգևատրման Ս. Սարգսյանի տեսանկյունից: Բոլորովին այլ հարց է, թե իր այդ ծառայությունն ինչ է արժեցել հայրենիքի համար:

Այս իմաստով հայրենիքը Մուկուչյանին, Սարգսյանին և էլի շատերին երբեք չի մոռանա: Սակայն ամեն ինչ ժամանակին: Պատմական ճշմարտությունը կարելի է աղճատել և աղավաղել տարիներ շարունակ, բայց սուտը վաղեմության ժամկետով է օժտված, և ճշմարտությունը շատ շուտով վերականգնվում է: Պատմությունը երբեք չի մոռանում ոչ հայրենիքի հերոսներին, ոչ հանցագործներին:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝