Ս. Սարգսյանի վախը «նիրհող ականներից» է, որոնց գործարկումը կանխելն անկարելի է

timthumb (1)

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից օրեր առաջ իշխանությունը խորհրդավոր կերպով սկսել է «ֆորս մաժոր» փնտրել, անհաղթահարելի ուժ, որը կարող է հանկարծակի, անսպասելի տեղից ծագել և փոխել սարգսյանական կանխատեսելի զարգացումների ընթացքը:

Ս. Սարգսյանի հաշվարկներով չեզոքացված են իր վարչապետությանը սպառնացող բոլոր վտանգները, սակայն ինքը ևս հիմնավոր կասկածներ ունի առ այն, որ իրադարձությունների անկանխատեսելի զարգացումը կարող է շեղել նախանշված ուղին:

Իշխանությունն այսօր հետևողականորեն ֆորս մաժոր է փնտրում յուրայինների շրջանակներում: Սարգսյանի պատկերացմամբ հիմա համակարգի ներսում յուրաքանչյուրը պոտենցիալ «ֆորս մաժոր» է: Այս առումով նա թերևս իրատես է և լավ է պատկերացնում իրավիճակն իշխանական բուրգի ներսում: Եվ «էս գլխից» «հաթաթա» տալով ու իրեն բնորոշ մանր խարդավանքների գործադրմամբ փորձում է կանխել «անհաղթահարելի» ուժի առաջացումը՝ զուգահեռ հիշեցնելով համակարգի ներսում գործող «հանցաշխարհի օրենքների» մասին:

Տարիների ընթացքում, սակայն, Սարգսյանը կտրված լինելով հասարակությունից ու սուզված լինելով ներպալատական ինտրիգների մեջ, խզված պատկերացում ունի իրականության մասին:

Եվ թերևս սրանով է պայմանավորված հանգամանքը, որ թերագնահատելով հասարակական հնարավոր զարգացումները՝ «ֆորս մաժորը» նա փնտրում է միայն իշխանական բուրգի պատերի ներսում:

Կեմերովոյում, որտեղ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվել էր ավելի քան 60 մարդ, հարյուրավոր քաղաքացիներ տարերային հանրահավաքի էին դուրս եկել՝ պահանջելով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը:

Ո՞վ կմտածեր, որ ընդամենը երկու օր առաջ ՌԴ-ում ընտրողների ավելի քան 76 տոկոս վստահության քվե ստացած Վլադիմիր Պուտինն այսօր ստիպված կլիներ հասարակական զայրույթը մեղմելու համար ուղիներ փնտրել ու դեռ կփնտրի՝ առավել փոքր տրամաչափի չինովնիկներին «փուռը տալով» իրենից հեռու պահելու հասարակական դժգոհության սլաքները:

Էականը նման բողոքի գործողությունների ելքը չէ, այլ դրանց հավանականությունը, որոնք կարող են «ականի» էֆեկտ ունենալ Հայաստանի դեպքում: Ի վերջո նման բողոքական ալիքների առաջացումը ոչ թե պարզ պատահականություն է, այլ անփույթ, հանցավոր իշխանության գործունեության հետևանքով ի հայտ եկող օրինաչափություն:

Եվ Սերժ Սարգսյանը, ով էականորեն զիջում է իր «մեծ դաշնակցին» թե «խփած» տոկոսներով, թե լիդերի իր որակներով, երբեք չի կարող բացառել, որ կարող է հայտնվել անհամեմատ ավելի լուրջ ֆորսմաժորային իրավիճակում, առավել ևս, որ իր տրամաչափով, աշխարհընկալմամբ, վստահության պաշարով կամ խարիզմայով նա համեմատության եզրեր անգամ չունի ռուսաստանցի կոլեգայի հետ:

Անհաղթահարելի ուժի առաջացման գիտակցումն է, որ Սարգսյանին հանգիստ չի տալիս. և նա փոխանակ այդ վտանգը փնտրի տարիների իր աշխատանքի ձախողումների մեջ, որոնում է իշխանական բուրգի մութ անկյուններում:

Իշխանությունը Հայաստանում տեղավորված է «նիրհող ականների» վրա, որոնք ամեն պահի կարող են գործարկվել՝ հօդս ցնդեցնելով սարգսյանական իշխանության կապանքները:

Սարգսյանի վախը հենց «նիրհող ականներից» է, որոնց գործարկումը, եթե նույնիսկ հաջողվի հետաձգել, ապա կանխելը միանշանակ անկարելի է:

Իշխանությունն իր ապաշնորհ աշխատանքով է ստեղծել այդ «ականները», և եթե դրանց պայթյունները մինչև այժմ «մահաբեր» չեն եղել, դա ամենևին չի նշանակում, որ վաղը ևս դրանց գործարկումն անհետևանք կլինի:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝