Ս.Սարգսյանի՝ բանակցությունների գնալը միշտ ուղեկցվել է սահմանին հայկական կողմի զոհերով

serj

«Կարծում եմ՝ պետք չէ կենտրոնանալ այս կամ այն միջոցառման վրա: Դրանք էական դեր չունեն ղարաբաղյան հակամարտության մեջ զարգացումների համար: Խնդիրն այն է, որ կողմերը կուտակում են մեծածավալ սպառազինությունը, ինչի հարաբերակցության փոփոխություններն էլ անդրադառնում են թե՛ առաջնագծին, թե՛ բանակցությունների սեղանին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պետք է սպասել, որ Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող ընտրական պրոցեսներից հետո արցախյան հարցում նկատելի տեղաշարժեր կլինեն, ինչպես պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարը, թե ապրիլից հետո էական ակտիվություն կլինի բանակցություններում:

Հ.Խանումյանն անդրադարձել է նաև Արցախի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցին, ունեցած հանդիպումներին, առաջնագծում ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր վտանգին և ՀՀ պատրաստվածությանը:

-Պարոն Խանումյան, այս օրերին շատ քննարկվեց և կարևորվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ և այնտեղ նրա անցկացրած հանդիպումները: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը: Այն կարո՞ղ է նպաստելարցախյան կոնֆլիկտում նոր զարգացումներին, թե՞ դա սովորական այցելություն էր:

Հայկ Խանումյան

Հայկ Խանումյան

-Ցանկացած օտարերկրյա այց, որը ներառում է հանդիպումներ տվյալ երկրի որոշում ընդունողների հետ, կարևոր է: Տեղեկատվության փոխանակումը, արցախյան ուղերձների հղումը բարեկամ ամերիկացի օրենսդիրներին և փորձագիտական հանրությանն անհրաժեշտ աշխատանք է: Հակամարտության վրա ազդեցություն չի ունենա, բայց կարևոր քայլ է Արցախը ճանաչելի ու ընկալելի դարձնելու գործում:

-Օրինակ, կարելի՞ է ակնկալել, որ այդ կերպ Արցախն ինչ-որ քայլեր է փորձում անել արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում իր անմիջական մասնակցությունն ապահովելու համար, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է:

-Դրա մասին միշտ հայտարարվում է, և կարծում եմ՝ այդ հարցին անդրադարձ եղել է նաև հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, ԱՄՆ կոնգրեսականների հետ Արցախի ղեկավարները հանդիպել են նաև այն ժամանակ, երբ ԱՄՆ դեռ Մինսկի խմբի համանախագահ չէր: Ես այստեղ առավելապես կարևորում եմ երկկողմ հարաբերությունների համար նոր ուղղություններ գտնելու անհրաժեշտությունը, հատկապես տնտեսական կապերի շրջանակներում:

-Վերջերս հաճախակի է խոսվում նաև այն մասին, թե հնարավոր է առաջնագծում նոր լարումներ սկսվեն, այս փուլում արդյո՞ք կա նման վտանգ:

-Վտանգ միշտ էլ կա, խնդիրն այն է՝ ինչպես ենք պատրաստ հակահարված տալ: Պետք է նկատել, որ որոշակի միջոցառումներ առաջնագծում իրականացվել են, համալրվել է ՊԲ սպառազինությունը, հատկապես հրետանին: Սակայն դեռ զգալի աշխատանքներ կան, մասնավորապես նորագույն սպառազինության ձեռքբերման ասպարեզում, որպեսզի պատերազմի վտանգը գոնե մի քանի տասնամյակ հետաձգվի:

-Մի կողմից Ադրբեջանից պարբերաբար հայտարարում են, թե ապրիլյան ընտրություններից հետո արցախյան հարցով բանակցություններն ակտիվանալու են, մյուս կողմից էլ ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են, թե քանի դեռ չկա վստահության մթնոլորտ , ապա հնարավոր չէ բանակցել: Արդյո՞ք սա չի ենթադրում, որ արցախյան հարցով ստեղծվել է փակուղային իրավիճակ:

-Այնպես չէ, որ երբ կան բանակցություններ, կա տեղաշարժ: Ղարաբաղյան կարգավորման բանակցություններից շատ բան ակնկալել պետք չէ: Իրական տեղաշարժ կլինի միայն այն դեպքում, երբ հաջողություններ ունենանք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ասպարեզում:

-Ակնհայտ է, որ թե՛ Սարգսյանը  և թե՛ Ալիևը նախընտրական այս շրջանում ամեն կերպ օգտագործում են ղարաբաղյան հարցն իրենց քաղաքական նպատակների համար: Օրինակ, ըստ հանրապետական գործիչների՝ Ս. Սարգսյանն արցախյան հարցում որպես բանակցող անփոխարինելի է: Դուք համամի՞տ եք, և Ձեր գնահատմամբ՝ այս տարիների ընթացքում ի՞նչ դրական արդյունքներ է ապահովել ԼՂ հարցով բանակցություններում Հայաստանը:

-Սերժ Սարգսյանը դեռ որևէ հաջողություն բանակցություններում չունի: Ավելին, նրա՝ բանակցությունների գնալը միշտ ուղեկցվել է սահմանին հայկական կողմի զոհերով: Ի վերջո եղել է 2016թ. ապրիլ, որը բանակցությունների ձախողման հետևանք է նաև: Սերժ Սարգսյանը միշտ հանդես է եկել պարտվողական հայտարարություններով, ինչը թուլացրել է հայկական կողմերի դիրքերը բանակցություններում, ինչպես նաև թիկունքից հարված է եղել Արցախի վերաբնակեցման գործին:

-Ի՞նչ սպասել երկու երկրներում տեղի ունեցող ընտրական պրոցեսներից հետո: Արդյո՞ք կտրուկ տեղաշարժեր կլինեն արցախյան հարցում, և դա ինչպե՞ս կարող է արտահայտվել՝ բանակցությունների սեղանի շո՞ւրջ, թե՞ առաջնագծում:

-Կարծում եմ՝ պետք չէ կենտրոնանալ այս կամ այն միջոցառման վրա: Դրանք էական դեր չունեն ղարաբաղյան հակամարտության մեջ զարգացումների համար: Խնդիրն այն է, որ կողմերը կուտակում են մեծածավալ սպառազինությունը, ինչի հարաբերակցության փոփոխություններն էլ անդրադառնում են թե՛ առաջնագծին, թե՛ բանակցությունների սեղանին:

Հերմինե Մկրտչյան

Դիտվել է՝