Սերժ եւ Վիգեն Սարգսյանների «կուրսային աշխատանքը» բանակի մասին

arm151074674995

Սերժ Սարգսյանի հավանական վերադարձի մասին հայտարարությունից անմիջապես հետո հրապարակվեց բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը, որի հեղինակը Սերժ Սարգսյանն է:

Այս ծրագրի մասին առաջին անգամ Սարգսյանը բարձրաձայնեց անցած տարի հոկտեմբերի 27-ին՝ հայտարարելով, որ խնդիր է դրվում արագացնել բանակի զարգացման գործընթացները՝ ապահովելով «թռիչքաձև զարգացում», և հատուկ ընդգծեց, որ ծրագիրն ինքն է հեղինակել:

Ըստ էության, բանակի արդիականացման, զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի նախընտրական ծրագրի հիմնական ուղղություններից առաջինն է, երկրորդը «4 մլն-ոց Հայաստանի տեսլականն» է, որը կհրապարակվի մոտ ապագայում:

Ի՞նչ նոր խոսք է պարունակում «բանակի արդիականացման ծրագիրը», ինչպե՞ս է պլանավորում իշխանությունը հասնել բանակի «թռիչքաձեւ զարգացանը» 7 տարիների ընթացքում, եւ ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում զինված ուժերում:

ՀՀԿ-ն կառուցելու է «առաջնորդների դարբնոց»

Առնվազն տրամաբանական է, որ ծրագիրը նախանշելու էր սպառազինությունների մատակարարման մակարդակը, թե ինչպես է զարգանալու ռազմական արդյունաբերությունը Հայաստանում, ինչպիսի ֆինանսական ներդրումների մասին է խոսքը, եւ վերջապես ինչ ասել է արդիականացած բանակ:

Այս հարցերի պատասխանը, որքան էլ տարօրինակ է, չի պարունակում զարգացման ծրագիրը:

Առհասարակ տպավորություն է, որ ծրագրի հեղինակները փորձել են «կոնսպեկտավորել» ՀՀԿ նախընտրական տարբեր ժամանակների ծրագրերից ՀՀ զինված ուժերին առնչվող դրույթները՝ հայտարարելով, որ «Հայաստանը կընդլայնի ռազմական դաշնակցային հարաբերությունները ՌԴ հետ եւ ՀԱՊԿ շրջանակներում, կզարգացնի անվտանգության ոլորտում գործընկերային հարաբերություններն ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական երկրների հետ»:

Նորությունն այս «ծրագրում» թերեւս այն է, որ ՀՀԿ-ն խոստանում է բանակը դարձնել «առաջնորդների դարբնոց», հաստատել «օրինապաշտություն եւ մարդակենտրոնություն»:

Բայց ինչպե՞ս, ո՞րն է լինելու քայլերի հաջորդականությունը, կամ ո՞րն է երաշխիքը, որ իսկապես իշխանությունն այս անգամ ցանկություն ունի բարեփոխվելու, «արմատախիլ անելու կոռուպցիան բանակից»:

Ընդհանուր ձեւակերպումներով «ծրագրում» բացակայում է մեթոդիկան: Դժվար է հիշել, թե առհասարակ քանի անգամ է իշխանությունը պլանավորել պայքարել կոռուպցիայի դեմ եւ հաստատել բարեվարքություն: Առավել դժվար է հասկանալը, թե իշխանությունն իր այս որակով ինչպես է փորձում հասնել «բարեփոխումների»:

Ոչ թե բարեփոխվել, այլ փոխվել է պետք, իսկ ավելի շուտ՝ փոխել

Իշխանությունն իր այս որակով չի կարող հասնել բարեփոխումների: Սա թերեւս շատ լավ են ըմբռնում իրենք՝ «արդիականացման ծրագիրը» գրողները: Բանակը չի կարող անմասն մնալ կոռուպցիայից, երբ կոռուպցիան ներծծված է հասարակական հարաբերություններում եւ հովանավորվում է պետական մակարդակով: Բանակը չի կարող լինել մարդակենտրոն, երբ հասարակությունում մարդը կրում է «անարժեքի» կոչում:

Դրա համար նախ պետք է բարեփոխվեն իրենք՝ ծրագրի հեղինակները, իսկ քանի որ սա նույնքան անհավանական է, ուրեմն պետք է փոխվել առհասարակ:

Հասարակական արժեքների վերաիմաստավորումը միայն կօգնի կառուցել նոր հարաբերություններ, նոր միջավայր, ուր ոչ միայն բանակը կլինի մարդակենտրոն, այլ հասարակությունը, ուր կոռուպցիան կհամարվի չարիք, եւ բարեվարքության կանոնները կգործեն ամենուր, իսկ իշխանությունը կպատկանի ժողովրդին:

Իսկ քանի որ հասարակական նոր արժեքների հիմնումը ոչ մի կերպ չի տեղավորվում «վերարտադրվել ցանկացող իշխանության» պլաններում, ուրեմն պետք է թողարկվեն ընդհանուր բնույթի ձեւակերպումներով ճռճռան նախընտրական ծրագրեր, որոնք ժամանակ առ ժամանակ «կարդիականացնեն բանակն» ու հասարակությունը, բայց եւ այնպես կհամալրեն «լավագույն բարեփոխումների» մասին պատմող փաստաթղթերի շարքը:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝