Սերժ Սարգսյանին մի՛ համեմատեք Չերչիլի հետ, մե՜ղք է

1 (1)

ՀՀԿ-ականների վերջին ելույթները, երբ նրանք Սերժ Սարգսյանին փորձում են համեմատել Չերչիլի կամ էլ Շառլ դը Գոլի հետ, հիշեցնում է հայտնի տողերը «Կտոր մը երկինք» ֆիլմից: Այս դեպքում այն թերևս այսպես է հնչում. «Վերջին բոլշևիկին մի համեմատեք ժողովրդավար գործիչների հետ, մե՜ղք է»:

Սերժ Սարգսյանի 2014թ.-ի հայտնի հայտարարությունը, թե Սահմանադրության փոփոխությունից հետո ինքը չի հավակնելու ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի պաշտոնին, այսօր տարբեր ձևակերպումներով են մեկնաբանում ՀՀԿ-ականները՝ փորձելով արդարացնել նրա՝ վարչապետ դառնալու ձգտումները:

Օրինակ, Էդուարդ Շարմազանովն ասում է, որ մի բան ասել, այլ բան անելը նորմալ է քաղաքական գործչի համար, որովհետև այդպես վարվել են նաև Չերչիլն ու Շառլ դը Գոլը: Նրանք արել են մի հայտարարություն, ապա որոշ ժամանակ անց այլ բան են արել՝ առաջնորդվելով պետական շահով:

Առհասարակ տեղին չէ Սերժ Սարգսյանին համեմատել արևմտյան քաղաքականության առանցքային այնպիսի հեղինակությունների հետ, ինչպիսին Չերչիլն է կամ դը Գոլը, բայց գյումրեցիների ժողովրդախոսակցական լեզուն սարերի չափն ու կշիռը տարբերակող շատ վառ համեմատություն ունի, որը կիրառելի է նման դեպքերի համար. «Մասիս սարն ու էշ Մանուկի դարը»:

Հիմա այն մասին, թե ինչպես է հնարավոր բացատրել Ս. Սարգսյանի իշխանության հարատևությունը երկրի պետական շահով պայմանավորելն առհասարակ:

Ս. Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Հայաստանի գրանցած հաջողությունները կամ մեր երկրի պետական շահը հնարավոր է խմբավորել հետևյալ երեք կետերում.

1.Հայաստանից հեռացել և այլևս չի վերադարձել շուրջ 380.000 քաղաքացի.

2.Շուրջ 30 տոկոս աղքատություն.

3.Հայաստանի պետական պարտքը 1.9 միլիարդից աճել է 6 մլրդ ԱՄՆ դոլարի.

Եթե հավելենք նաև 2016-ի ապրիլյան ձախողումը և հայկական կողմի տարածքային կորուստները, ապա կամբողջանան մեր գրանցած հաջողություններն անցած 10 տարիների ընթացքում:

ՀՀԿ ինտելեկտուալ հատվածից տիտանական աշխատանք է պահանջվում՝ հիմնավորելու համար, թե հատկապես այս տողերում որտե՞ղ է թաքնված ՀՀ պետական շահը:

Ս. Սարգսյանը բոլոր նախադրյալներն ունի՝ համալրելու աշխարհի բռնապետների շարքը

Սերժ Սարգսյանին կարելի է համեմատել այլ «մեծերի» հետ, հենց թեկուզ Ալիևի, Ռահմոնի, Նազարբաևի կամ Լուկաշենկոյի:

Հիշյալ քաղաքական գործիչներն իրենք իրենց պարգևատրել են «հավերժական իշխանությամբ»:

Հայաստանի թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևն, օրինակ, 2009թ.-ին սահմանադրական հանրաքվե անցկացրեց երկրում, որով էլ հանվեց նախագահի պաշտոնավարման ժամկետի նախանշված սահմանափակումը:

Լուկաշենկոն այդ քայլին գնացել էր դեռ 2004թ.-ին, 2007թ.-ին՝ Նազարբաևը Ղազախստանում:

Տաջիկստանի խորհրդարանն էլ հաստատել է «Խաղաղության ու միասնության հիմնադրի և երկրի առաջնորդի մասին» նոր օրինագիծը, որը գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին պաշտոնապես հռչակում է երկրի ցմահ առաջնորդ։

Ս. Սարգսյանն ունի բոլոր հնարավորությունները՝ համալրելու «ցմահ առաջնորդների» շարքը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝