Մխիթարյանը դժգոհ է «Արսենալի» որոշ երկրպագուներից

timthumb

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհություն է հայտնել լոնդոնյան թիմի աջակիցների հաճախելիությունից: «Էմիրեյթս» մարզադաշտը, որը տեղավորում է 60 հազար հանդիսական, վերջին մի քանի հանդիպումներում լեփ-լեցուն չի եղել, ինչը շատերը կապում են թիմի անհաջող ելույթների հետ:

Մասնավորապես «Ուոթֆորդի» դեմ վերջին տնային խաղում «զինագործները» հայտարարել են 59 հազար 131 տոմս վաճառելու մասին, սակայն տրիբունաներում բազմաթիվ ազատ տեղեր են եղել:

«Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար: Փորձում ենք մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրել նրանց համար, ովքեր մարզադաշտ են գալիս: «Արսենալի» իսկական երկրպագուները նրանք են, ովքեր ծանր ժամանակներում գալիս ու աջակցում են մեզ: Այն ֆուտբոլասերներին, ովքեր մարզադաշտում են լինում միայն այն ժամանակ, երբ մենք հաղթում ենք, ասելու բան չունեմ: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել մեզ աջակցող երկրպագուներին»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում standard.co.uk-ը:

Հիշեցնենք, որ տարբեր մրցաշարերում 4 անընդմեջ պարտություններ կրելուց հետո «Արսենալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Միլանին», ապա սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնել «Ուոթֆորդին»:

sport.times.am

Դիտվել է՝