«Անփոխարինելի» բանակցողի եւ անվտանգության միակ «երաշխավորի» միֆը

eng142692889083

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թիմակիցները որոշել են ապրիլյան վերադասավորումներին ընդառաջ վարչապետի թեկնածուի ընտրության հարցում թիմային որոշում ընդունել ու այդ «բարդ» գործը չթողնել մեկ անձի վրա, ինչպես միշտ է եղել: Դրանով էլ պայմանավորված կուսակցության «մտքի տիտաններն» ու պաթետիկ հայրենասերները և անգամ լուսանցքում մնացած որոշ գործիչներ անխնա անձնական կարծիքներ են շռայլում, «ճնշում» բանեցնում իրենց առաջնորդի վրա՝ վերջինիս հիշեցնելով, թե ինչպիսի պահանջված գործիչ է հատկապես անվտանգության ոլորտում կարևոր հարցեր կարգավորելու հարցում:

Հասարակության գիտակցության մեջ փորձ է արվում ներարկել գաղափարը, թե Սերժ Սարգսյանը երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է, փորձառու գործիչ և արցախյան բանակցություններում միակ հմուտ բանակցողը, ում նմանն էլ հազիվ թե գտնվի: Առաջին հայացքից սա, իհարկե, շատ հմուտ ու խորամանկ քայլ է թվում, որով փորձ է արվում ներազդել պատերազմող երկրի ժողովրդի տրամադրության վրա՝ ամեն անգամ շեշտադրելով, թե արցախյան ազատամարտի մասնակից Սարգսյանը ժամանակին մարտի դաշտում ինչպիսի մեծ դերակատարում է ունեցել ու իր անձնուրաց ծառայություններն է մատուցել հայրենիքին:

Եվ եթե սա բավարար է «հայրենասեր» հանրապետականների համար, որ իրենց կուսակցապետին համարեն անփոխարինելի անձ ու երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավոր, ապա հանրությունն ակնկալում է կոնկրետ փաստարկներ, թե իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում արցախյան բանակցություններում, օրինակ, կոնկրետ ինչ ձեռքբերում է ունեցել Սարգսյանը, եթե, իհարկե, նման բան եղել է:

Ինչ մնում է ձախողումներին, նա իսկապես այդ առումով «անփոխարինելի» է:

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ ապացույցն է՝ Ս. Սարգսյանի ամենամեծ պարտությունը, որը հստակ կերպով ընդգծեց նրա՝ որպես անվտանգության երաշխավորի թուլությունն ու անվճռականությունը: Այդ տապալումը ցույց տվեց նաև, թե ինչի են հանգեցնում տարբեր ոլորտներում երկար տարիների քաղաքական ձախողումները։

800 հա տարածքի կորուստ, 100-ից ավելի զոհեր, հարյուրավոր վիրավորներ: Զինադադարի կնքումից ի վեր սա հայկական կողմի առաջին տարածքային կորուստն էր: Մեծ ու անդառնալի կորուստ նրանց համար, ովքեր գիտեն, գնահատում են ազատագրված հողակտորի արժեքը, իսկ երկրի անվտանգության թիվ մեկ «երաշխավորի» համար այն ընդամենն «անմշակ», «ոչ պիտանի» ու «ռազմավարական որեւէ նշանակություն չունեցող» հողակտոր էր, որի համար կարելի էր ընդամենը 80-ականների զենքերով կռվել:

«Անփոխարինելի» բանակցող եւ անվտանգության միակ «երաշխավոր» Սարգսյանի միֆը, այսպես ասած, հօդս ցնդեց ապրիլյան պատերազմին հաջորդած բանակցություններում, երբ Վիեննայում նա իր լուռ համաձայնությունը տվեց ու հրաժարվեց կորցրած տարածքներից:

Արդյոք նման անվտանգության մասին էր երազում մոտալուտ ագրեսիայի ու թշնամու հարձակման մասին բարձրաձայնող այն դիրքապահը, ով երկար ժամանակ կրակի հրամանի էր սպասում, հետո երբ անցավ թշնամուն սանձազերծելու գործին, տեսավ, որ զինամթերքի եւ դիզվառելիքի պակաս ունի:

Եթե փողն ու իշխանությունը կուրացրել է շատերին, ապա հասարակության հիշողության մեջ դեռևս թարմ են ապրիլյան պատերազմի բացահայտումները՝ վառելիքի չարաշահումներն ու գումարային մսխումները, նաև այն, որ տարիներ շարունակ Ադրբեջանի ռազմատեխնիկական վերազինման տեմպերի ֆոնին հայ զինվորի, ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, խրամատի եզրերը համալրել է պահածոյի տարաներով, որպեսզի հայ դիրքապահները դրանց շարժից ու ձայնից գուշակեն հակառակորդի տեղաշարժը:

Հավանաբար հենց սա է Սերժ Սարգսյանի այն բացառիկությունը ռազմական ոլորտում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի, որի մասին շարունակ թմբկահարվում է:

Թվում էր, թե պատերազմից դասեր քաղած կլինեին ու կհասկանային, որ ՀՀ անվտանգության միակ երաշխավորը սահմանին կանգնած այն զինվորն է, այն սպան ու հրամանատարը, ով պատրաստ է գործով ապացուցել, թե որն է իրական հայրենասիրությունը:

Սակայն փողի ու պաշտոնի մոլուցքը կուրացնում է շատերին, ովքեր պատրաստ են անգամ վատթարագույնին, միայն թե իրենց համակարգի սյուները չխարխլվեն: Նրանց համար կարևոր է մեկ բան, որ իրենց պահողն ու սնողը շարունակի պաշտոնավարել, անգամ արցախյան ճակատում իրավիճակը փոփոխելու գնով: Այդ ժամանակ հեքիաթներ կպատմեն ժողովրդին «անփոխարինելի» առաջնորդի դերի ու նշանակության մասին: Զարմանալի ոչինչ չկա. այս ամենը մարտի մեկի 10 զոհերի արյան գնով իշխանության եկած սարգսյանական թիմի քաղաքական գործունեության տրամաբանության մեջ է:

 

Հերմինե Մկրտչյան

 

 

Դիտվել է՝