Իշխանության «պայքարը» կոռուպցիայի դեմ. պահեստապետ ու լաբորանտ «պատժելու» տրամաբանությունը

новый-коллажt

Բանակից 2015- 2017 թվականներին հափշտակվել է ավելի քան 45 միլիոն դրամ: ՀՀ քննչական կոմիտեն օրերս հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարությունում հերթական խոշոր հափշտակության այս դեպքի մանրամասները՝ տեղեկացնելով, որ հափշտակության գործը բացահայտել են, ձերբակալել են երկու հոգու՝ հրամանատարի մեկ տեղակալի եւ պահեստապետի:

Սա իշխանությունների հերթական «սեզոնային» պայքարն է կոռուպցիայի դեմ: Շոուն շատ շուտով կավարտվի, որովհետեւ գործերի բացահայտումը սովորաբար պահեստապետից ու հավաքարարից այն կողմ անցնել չի կարող:

Ովքեր կասկածներ ունեն 45 մլն թալանի գործի «արդարացման» ելքի վերաբերյալ, թող հիշեն գոմեշի մսի գործը: Աղաղակող բացահայտումից եւ երկար հետաքննությունից հետո անձին դատապարտեցին 6 ամիս ազատազրկման, հետո կիրառելով համաներում՝ դատարանի դահլիճից ազատ արձակեցին:

Իշխանական դարակներում կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ նմանօրինակ աղաղակումներ կան, որոնք պարբերաբար ռեժիմը տեղեկատվական հարթակ է շպրտում երկու նպատակով. բուրգը ներսից կառավարելի պահելու եւ դրսից ֆինանսական կայուն հոսքեր ապահովելու համար:

Պատահական չէ, որ բանակից 45 մլն-ի հափշտակության մասին բացահայտումն արվում է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի եւ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկու՝ կոռուպցիայի մասին վերջին հայտարարություններից հետո:

Պետք է տպավորություն թողնել արեւմտյան գործընկերների մոտ, որ եվրոգրանտները, բացի կերակրատաշտը ճարպոտ սննդով լցնելուց, օգտագործում են նաեւ լաբորատորիայի աշխատողին պատժելու համար:

Անցած տարի էլ ինֆորմացիոն հարթակը պայթեցրեց լաբորատորիայի «չարագործ» մասնագետների գործը: Կարագի փոխարեն մարգարինի մատակարարման հարցով երեք հոգու կալանավորեցին, բայց անմիջապես ազատ արձակեցին՝ կիրառելով խափանման միջոց ստորագրություն, երբ սկսեցին խոսել կալանավորված լաբորանտները:

Եվ ամեն անգամ, երբ իշխանությունը հայտարարում է աղմկոտ բացահայտում կոռուպցիայի դեմ, այն ինչ-որ մի կետում ավարտվում է, հենց որ հետաքննությունը գնում բախվում է իշխանական բուրգի պատերին: Ուժեղ բախումը, ինչ խոսք, վտանգավոր ճաքեր կառաջացնի, որոնք կարող են տանել բուրգը փլուզման:

Ուստի, ըստ բուրգի հիմնասյուների, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի դոզավորված, «անհնազանդ կոռուպցիոներներին» չափի բերելու տրամաբանության մեջ եւ չպետք է վնասի իշխանական օրգանիզմի կենսունակությանը:

 

Քրիստինա Մկրտչյան

 

 

Դիտվել է՝