ԱՄՆ հայկական համագումարի անդամները հայտարարություն են տարածել ՀՀ խորհրդարանականների հետ հանդիպումների մասին

image003

Նախորդ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունել է Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբին՝ վերջիններիս Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Պատվիրակությունը Վաշինգտոնում էր մի շարք հանդիպումների համար, այդ թվում կլոր սեղան քննարկման` Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, խորհրդի անդամ Անի Թոթահի և գործադիր տնօրեն Բրայան Արդունու, ինչպես նաև Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանի հետ:

ՀՀ խորհրդարանականների պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ և Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Արփինե Հովհաննիսյանը: Խմբում ընդգրկված էին նաև խորհրդարանականներ Արմեն Աշոտյանը, Էդմոն Մարուքյանը, Աղվան Վարդանյանը և Նաիրա Զոհրաբյանը: Այս աշխատանքային այցը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի անդամների պատվիրակության՝ Հայաստան և Արցախ այցելությունից վեց ամիս անց:

«Մեզ ոգևորում է այն փաստը, որ այս առաջին այցին մասնակցում են այսքան շատ պատգամավորներ, և ակնկալում ենք շատ ավելին», – նշել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրը (դեմոկրատ, Կալիֆորնիա)՝ ամերիկահայ կոնգրեսական, ով ընդգրկված էր ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմում 2017թ. սեպտեմբերին:

Շաբաթվա ընթացքում պատգամավորները հանդիպել են Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսիի (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի (հանրապետական, Կալիֆորնիա), Հետախուզության մշտական հատուկ հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Ադամ Շիֆի (դեմոկրատ, Կալիֆորնիա), Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Գաս Բիլիրակիսի (հանրապետական, Ֆլորիդա), Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինի (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և կոնգրեսական Բրեդ Շերմանի (դեմոկրատ, Կալիֆորնիա) հետ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով) համանախագահ կոնգրեսական Քրիս Սմիթի (հանրապետական, Նյու Ջերսի) և Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության ընկերակցական ծրագրի հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ և հիմնադիր կոնգրեսական Դեյվիդ Փրայսի (դեմոկրատ, Հյուսիսային Կարոլինա) հետ:

Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ զրույցի ընթացքում նրանք քննարկել են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը և Հայաստանի կողմից Իրաքից և Սիրիայից փախստականների ընդունումը: Հանձնաժողովի նախագահ Ռոյսը հայտարարել է. «Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից գնահատվում են արժեքավոր և զարգացող փոխհարաբերությունները: Մասնավորապես վճռորոշ են եղել Հայաստանի օժանդակություններն ահաբեկչության դեմ պայքարում և աջակցությունը սիրիացի փախստականներին: Սակայն դեռևս շատ հնարավորություններ կան էլ ավելի ամրապնդելու մեր հարաբերությունները՝ տարածաշրջանում անվտանգության և մարդու իրավունքների առաջնահերթությունների հետ կապված: Լիահույս եմ հենց դա անել»:

Մարտի 7-ին Համագումարը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության և հայկական այլ կազմակերպությունների հետ միասին Կոնգրեսում ընդունելություն հյուրընկալեց՝ ողջունելով հայ խորհրդարանականների պատվիրակությանը: Ներկա էին Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Դեյվ Թրոթը (հանրապետական, Միչիգան) և Ջեքի Սփիրը (դեմոկրատ, Կալիֆորնիա, ինչպես նաև կոնգրեսականներ Ջուդի Չուն (դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջիմ Կոստան (դեմոկրատ, Կալիֆոնիա), Թուլսի Գաբբարդը (դեմոկրատ, Հավայի), Ռաջա Քրիշնամուրթին (դեմոկրատ, Իլինոյս),Բրենդա Լոուրենսը (դեմոկրատ, Միչիգան), Լինդա Սանչեզը (դեմոկրատ, Կալիֆորնիա), Դինա Թիթուսը (դեմոկրատ, Նևադա) և Փոլ Թոնքոն (դեմոկրատ, Նյու Յորք):

Ընդունելության ժամանակ Կոնգրեսի անդամները ելույթներ ունեցան՝ ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրեցին:

Կոնգրեսական Փալոնն անդրադարձավ իրենց նախորդ քննարկումներին՝ կապված Հայկական հարցերով հանձնախմբի մի շարք առաջնահերթություններին՝ օգնելու բարելավել հարաբերությունները Հայաստանի և Արցախի հետ: Նա այս այցը բնութագրեց որպես «հնարավորություն խոսելու կարևոր խնդիրների մասին, որոնց վրա կարող ենք ազդել»: Նա շարունակեց. «Գերագնահատած չեմ լինի՝ նշելով, թե որքան կարևոր է մեզ համար գնալ Հայաստան, նրանց համար գալ այստեղ և մեզ համար՝ գաղափարներ փոխանակելու, որովհետև դա իսկապես կարող է փոխել իրավիճակը՝ մեր երկու երկրների միջև հարաբերությունների ապագայի առումով»:

Կոնգրեսական Թրոթը խոսեց Ներկայացուցիչների պալատի ընթացիկ Ն.Պ. 220 բանաձևի մասին, որը վերահաստատում է Հայոց ցեղասպանության փաստը: Նա հպարտությամբ ներկայացրեց, որ ներկայումս այս բանաձևն ավելի շատ համահովանավորներ ունի, քան Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ այլ բանաձև՝ վերջին յոթ տարիների ընթացքում: Այնուհետև նա շարունակեց խոսքը՝ նշելով ԱՄՆ-Հայաստան ամուր կապերի կարևորությունը:

«Երբ նախագահ Թրամփը խոսում է §Ամերիկան՝ Առաջնահերթ¦ (America First) կարգախոսի մասին, համաձայն եմ դրա հետ, սակայն ինձ համար, դա նշանակում է Հայաստանի պես բարեկամներ: Մենք պետք է ամուր հարաբերություններ ունենանք: Պետք է, որ իմանաք, որ պատրաստ ենք ձեզ օգնել, և պատրաստ ենք ձեզ հետ առևտրով զբաղվել և պատրաստ ենք աշխատել ձեզ հետ՝ վստահ լինելու, որ ձեր քաղաքացիներն կունենան լավագույն երազանքն ու կյանքը, քանի որ դա Ամերիկային կօգնի ավելի, քան որևէ այլ բան: Հետևաբար ուզում ենք հավաստիանալ, որ Վարչակազմը և Պետքարտուղարությունը շարունակում են հասկանալ, թե որքան կարևոր են այս հարաբերությունները և կանեմ ամենն ինչ կարող եմ՝ իրագործելու դա», – նշեց Թրոթը:

Կոնգրեսական Սփիրը հիշեց իրենց ավելի վաղ հանդիպումը [Դեմոկրատների] առաջնորդ Փելոսիի հետ և օրենսդիրների միջև կարևոր քննարկումը:

«Այսօր կեսօրին հանդիպեցինք Դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի հետ, և նրան ասացի. «Սա նոր Հայաստանն է, և նոր Հայաստանն ամբողջությամբ նվիրված է անցմանն այս խորհրդարանական կառույցին՝ ավելի հզոր ժողովրդավարություն ստեղծելու համար, և ցանկանում ենք մասնակցել Հայաստանի հաջողությանն ականատես լինելուն այս 21-րդ դարում», – ասաց կոնգրեսական Սփիրը: «Պետք է միջոց գտնենք ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ Հայաստանում բոլորը կարող են բարգավաճել և հաջողության հասնել: Հայաստանից մեր համայնքի բերած ուղերձներից մեկն այն մասին էր, որ միջոց գտնենք ՏՏ ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու: Հետևաբար, կփորձենք տեսնել, թե ինչպես կարող ենք դա անել: Մենք ցանկանում ենք աջակցել այս ժողովրդավարությանը: Մեզ ոգևորում է այն փաստը, որ այս առաջին այցին մասնակցում են այսքան շատ պատգամավորներ, և ակնկալում ենք շատ ավելին»:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի ամուր հարաբերությունները Հայաստանի և Արցախի հետ` կոնգրեսական Չուն ասաց. «Անչափ ուրախ եմ, որ տոնում եմ ԱՄՆ-Հայաստան ամուր և երկարատև հարաբերությունները: Մեր բարեկամությունն իսկական է` հիմնված ընդհանուր արժեքների և նպատակների վրա: Ահա թե ինչու հպարտ եմ աջակցելու Հայաստանին ուղղված տնտեսական և ռազմական օգնությանը և աջակցելու Արցախի հայերին խաղաղության համար նրանց պայքարում: Եվ անկեղծ հուսով եմ, որ մեր շարունակական ջանքերի շնորհիվ միասին կարող ենք վերջապես ԱՄՆ կառավարությանը պատմության ճիշտ կողմը բերել և մեկընդմիշտ ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը: Այս ամենը հնարավոր չէր լինի առանց Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի նման խմբերի աջակցության ու ջանքերի»:

Ամերիկայի հայկական համագումարը կլոր սեղան քննարկում հյուրընկալեց, որտեղ վերջինիս ղեկավարությունը մտքեր փոխանակեց Հայաստանի խորհրդարանական պատվիրակության և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ խնդիրների լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ Համագումարի գործունեության ԱՄՆ Կոնգրեսի և Պետքարտուղարության հետ: Համագումարը վկայակոչեց ԱՄՆ առաջին կոնգրեսական պատվիրակությունը Հայաստան, որ Համագումարն էր կազմակերպել և այս փոխադարձ փոխանակման կարևորությունը: Հետո Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանը ներկայացրեց իր աշխատանքն Ինստիտուտում և հայերին ու ամերիկացիներին Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ կրթության կարևորությունը և արդյունքում ընդունված բանաձևերն ու ռազմավարությունները:

Դիտվել է՝