«Մեղք չէ՞ կառավարությունը», որ Գյումրին շարունակի «մազ պոկել»

Снимок1

Այսօր տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նիստը:
Օրակարգում ընդգրկված էր 17 հարց: Գյումրիի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման մասին նախագծի վերաբերյալ Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը նշեց.

«Գյումրի համայնքի վարչական մուտքերը կատարվել են հաշվետու տարվա համար 97,7%: Պլանավորվել է դոտացիա՝ 1 մլրդ 966 մլն: Գյումրին դոտացիան հարյուր տոկոսով ստացել է»:

Լենա Ջիլավյանը նաև տեղեկացրեց, որ կառավարության պահուստային ֆոնդից գումար է հատկացվելու մարզերում աշխատանքներ իրականացնելու համար: Գյումրին Մուշ 2 թաղամասի հրապարակի կառուցապատման ծրագիր կներկայացնի, եթե ավագանին լիազորի համայնքապետին դիմելու: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136 մլն 600 հազար դրամ: Համայնքի կողմից պետք է ներդրվի 54 մլն դրամ:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց. «Արժե՞, որ անհանգստացնենք կառավարությանը, մեղք չէ՞ կառավարությունը…»:

Հիշեցնենք, երբ ավագանու ԳԱԼԱ խմբակցությունն առաջարկում էր դիմել ՀՀ կառավարությանը և խնդրել սուբվենցիա, «Բալասանյան» դաշինքի անդամները նշում էին, որ այս շրջանում պետք չէ այդ հարցով անհանգստացնել կառավարությանը:

Մյուս ծրագրի հայտը կոմունալ ծառայության և աղբահանության ավտոտրանսպորտային միջոցների ձեռք բերմանն է առնչվում: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքի ավտոտրանսպորտային տնտեսությունը կհամալրվի առնվազն 5 նոր ավտոտրանսպորտային միջոցներով:

Կառավարության ֆինանսական հատկացումներից համայնքապետարանը պետք է եկամտահարկ վճարի՝ տրված գումարի 26 տոկոսը հետ վերադարձնելով պետությանը: Սա Ջիլավյանը խնդրահարույց հարց համարեց և հայտարարեց, որ կարիքը կա, որ այդ հարցով ավագանին դիմի կառավարությանը:

Այսպիսով չսահմանափակվեց քաղաքապետարանի ներկայացուցչի դժգոհությունը մարզերի խտրական վերաբերմունքի արժանանալու վերաբերյալ:

«Որ ասում ա՝ շնից մազ պոկելն ա, էդ մերն ա, որ ուրախացել ենք: Թե չէ սովորաբար համայնքի ներդրումը 10 տոկոս է լինում, բայց իրանք պայման են դրել՝ 40 տոկոս դու ծախսի, մնացած գումարը՝ ես: Դե մենք էլ մտածում ենք՝ ավելի լավ ա տան, թեկուզ քիչ, բայց գոնե տան»:

Փոփոխություններ կկատարվեն Գյումրի համայնքի ավագանու կանոնակարգում: Աշխատակազմի ղեկավարը մանրամասնում է. «Անհրաժեշտություն էր առաջացել կանոնակարգը համապատասխանեցնել ՏԻՄ օրենքի դրույթներին»:

Կանոնակարգի վերաբերյալ մի շարք առաջարկություններով հանդես է եկել Լևոն Բարսեղյանը:

Գյումրի համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող թվով 3 խորհրդակցական մարմիններում հասարակական սեկտորից ևս ներկայացուցիչներ են ընդգրկվել: Չորս դիմում է ստացել համայնքապետարանը:

Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաներին անվճար ընդգրկելու և ծնողական վճարների սահմանված չափի նկատմամբ զեղչեր կիրառելու կարգում որոշակի լրացումներ կարվեն:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանված ծնողական վճարներից 100%-ով աջակցման ենթակա են՝

1) երկկողմանի ծնողազուրկ երեխաները,

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների երեխաները,

3) հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողական վճարներից 50%-ի չափով աջակցման ենթակա են՝

1) միակողմանի ծնողազուրկ երեխաները,

2) անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների՝ 1-ից ավելի մանկապարտեզ հաճախող երեխաները,

3) հաշմանդամություն ունեցող ծնողի երեխաները,

4) հաշմանդամության կարգ ունեցող երեխաները,

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողական վճարներից 25%-ի չափով աջակցման ենթակա են՝

1) երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները:

Ծնողական վճարների զեղչերից օգտվելու համար դիմումները և արտոնությունները հաստատող փաստաթղթերը ներկայացվում են համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Դիտվել է՝