Ո՞րն է ՀՀ քաղաքացու հաղթելու և հետո պետականակերտման հերթական փորձը չձախողելու երաշխիքը

armen axayan

«Ապրիլից հետոյի Հայաստանը էական ոչնչով չի տարբերվի ներկայիս մեր իմացածից։ Թերևս տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական իրավիճակի շարունակվող վատթարացումը ժամանակի ընթացքում որակական փոփոխությունների հանգեցնի նաև քաղաքական կյանքում։ Բայց դա ուղղակիորեն կապված չի լինի Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելու կամ այլ վերադասավորումների հետ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կարծիք է հայտնում քաղաքագետ Արմեն Աղայանը։

Վարչական և ֆինանսական ռեսուրսները, այն լծակները, որոնք առկա են գործող իշխանությունների ձեռքին, նպաստեցին նրանց անցնցում վերարտադրությանը: Այժմ իշխող հանրապետականները միմյանց մեջ են կիսում իշխանությունը, իսկ ՀՀ քաղաքացիները միայն հարևանցի դիտորդի կարգավիճակում են: Փաստացի, փակուղային իրավիճակում երկրի քաղաքացուն չի հաջողվում դառնալ գործոն, կերտել իրավական, ժողովրդավարական պետություն: 

Անդրադառնալով այս խնդրին՝ Արմեն Աղայանը նշում է.

«Նախ, Հայաստանում միաբևեռ քաղաքական համակարգ է, և քաղաքական դաշտում մնայուն երկրորդ բևեռ, որը պարբերաբար տեղերով կփոխվի առաջինի հետ, չի կարող գոյություն ունենալ։ Պատճառները առարկայական են՝ ամրագրված են օրենքներում և տնտեսական համակարգում։ Նման պայմաններում իրենց երկրորդ բևեռ կամ ընդդիմություն երևակայողներն իրականում կամ իշխանության կցորդ են կամ լուսանցքային միավոր։

Երկրորդը, որ «իրավական» ու «ժողովրդավարական» տիպի նպատակները անորոշ են ու անբովանդակ եւ բուն խնդիրը քաղաքական դաշտում բովանդակային նպատակների չգոյությունն է, կամ դիտավորյալ չքննարկումը։ Նախընտրական շրջաններում գրեթե միշտ առաջատար են համարվել ռևանշիստ ուժերը, որոնք գաղափարական առումով ոչնչով չեն տարբերվել այդ պահին իշխողներից ու հենց նրանց ձեռնտու չի եղել գաղափարական քննարկումը։

Երրորդ՝ իշխող փիլիսոփայության և վերնախավի իրական այլընտրանքը՝ պայմանական երկրորդ բևեռը, կարող է ձևավորվել միայն քաղաքական համակարգից դուրս, պետք է լինի հակահամակարգային, հեղափոխական։ Հանրային աջակցության կարճատևությամբ պայմանավորված իր ոչ տևական գոյության ընթացքում այն կամ պետք է արագ տապալի առկա համակարգը, ստանձնի պետության ղեկը, կամ վերանա»։

Արմեն Աղայանի խոսքերով՝ վերջապես պետք է հասկանալ, որ պայքարի մարտավարությունների հակադրումն արհեստական է։ Սահմանադրական կամ ուժային, ընտրություններով թե անհնազանդությամբ՝ դրանք փոխլրացնող են, այլ ոչ հակասող։ Ըստ նրա, կարևորն իրականում այն է, որ քաղաքական այլընտրանքը, թե որպես ծրագիր, թե որպես այն կրող թիմ, նախապես պետք է ձևավորված լինի ու բավարար հանրային աջակցություն ունենա։

«Իսկ նման աջակցություն կարող է ստացվել միայն եթե շարժման առաջնորդները ընտրված լինեն նախապես, իրենց ծրագրերի հիման վրա, նույն այդ կազմակերպված հանրության կողմից, այլ ոչ թե ինքնակոչ ու ամբոխավար։ Ուստի համոզված եմ, որ միակ ելքը այլընտրանքային խորհրդարանի և ստվերային կառավարության ընտրությունն է, իրական գաղափարական և մարտավարական քննարկումների արդյունքում, զանգվածային մասնակցությամբ պատասխանատու և օբյեկտիվ քվեարկության միջոցով։ Միայն այդպես է հնարավոր հանրությանը մոտիվացնել, միավորել, ակտիվացնել և կազմակերպել, ներգրավել նրա բոլոր կամավորական և նյութական ռեսուրսները։ Հույս ունեմ, որ ապրիլյան փոխատեղումներից և քաղաքական դատավարությունների ավարտից հետո, երբ հաջորդ ընտրություններին դեռ 3 տարի կլինի, շատերը կհամոզվեն, որ այլընտրանքային ընտրություններ կազմակերպելն իշխող ապազգային վարչախմբի իրական այլընտրանք ձևավորելու եթե ոչ միակ, ապա լավագույն եղանակն է, հաղթելու և հետո պետականակերտման հերթական փորձը չձախողելու երաշխիքը»։

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝