Եթե չկա հաց, ուրեմն միայն տեսարաններ, տեսարաններ…

30363

Երեկվանից սոցցանցերում եւ մեդիա դաշտում ակտիվ քննարկում են Սերժ Սարգսյանի  մարտիության պարգեւատրումները: Կանանց տոնի կապակցությամբ նա տարբեր «տրամաչափի» մեդալներով պարգևատրեց մի խումբ կանանց:

Սկսեցին ակտիվորեն քննարկել մեդալակիրներին, հետո՝ թե ինչու է Սերժ Սարգսյանն իրեն իրավունք վերապահում մեր մեծերի անուններով մեդալներ շնորհել իր համար «անշառ մարդկանց»: Քննադատեցին նաեւ, թե վերադառնում են «սովետական մեդալաբաշխության» ժամանակները: Ոմանք նույնիսկ հիշեցին Բրեժնեւին, ով շատ էր սիրում մեդալներ շռայլել ու համբուրվել:

Բայց այս ամենն ավելի շատ հիշեցնում է Հին Հռոմը, երբ առաջնորդվում էին «հաց եւ տեսարաններ» կարգախոսով:  

Իրական բռնապետական պետություններին բնորոշ կառավարման բանաձեւ, որը բազմակի փորձված ու միշտ արդարացված միջոց է:

Ամեն անգամ, երբ Հռոմեական կայսրությունում դրությունը վատթարանում էր, դժգոհ ամբոխի զայրույթը մեղմելու համար կիրառվում էր հենց այս մեթոդը: Բեմադրվում էին հետաքրքիր տեսարաններ, գլադիատորական մենամարտեր, եւ ամբոխն ինքնամոռաց հրճվում էր: Հետո կիրառվում էին հատուկ ճոճանակ հիշեցնող սարքեր, որոնց վրա նստեցնում էին հանցագործներին, ուզածի չափ ճոճում էին, իսկ վերջում նրանց վրա բաց թողնում սոված ու կատաղած գազաններին՝ զվարճանք պարգեւելով հանդիսատեսին:

Հռոմը կործանվեց, բայց մնաց փորձված հնարքը, եւ այն գործածում են նաեւ այսօր՝ 21-րդ դարի Հայաստանում: Մեկ տարբերությամբ. մեզ մոտ հացի խնդիր կա: Սակայն նույնիսկ հացն ու տեսարանները չփրկեցին Հռոմը կործանումից:

Իսկ մե՞զ մոտ. «հաց եւ տեսարանները» գործում է այսպես՝ «տեսարաններ ու տեսարաններ»:

Պարգեւատրումներ, հայտարարություններ, պայքար կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ, ժողովրդավարական արժեքների ստեղծում, ասոցացման համաձայնագիր եւ ի վերջո նախագահական ընտրական տեսարաններ: Իշխանության խնդիրն է հոգալ, որ այդ տեսարանները լինեն անպակաս: Իսկ հասարակությունը միշտ զբաղված լինի դրանք քննարկելով:

Մեզանից յուրաքանչյուրն ակամա դառնում է հռոմեական ոճի գլադիատորական մարտերի «սիրահար», երբ պարզապես բազմոցին նստած հաճույք է ստանում՝ լսելով խորհրդարանական ելույթներն ու թեժ հայհոյանքները՝ սկզբից եւեթ գիտակցելով, որ դրանք ավարտվելու են, եւ սկսվելու է մի նոր տեսարան:30414

 

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝